▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորն առաջարկում է Արցախը քրիստոնեական հանրապետություն հռչակել

ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը, հունիսի 30-ին, Խորհրդարանի լիագումար նիստին հանդես է եկել պատգամավորական նախաձեռնությամբ, և առաջարկով դիմել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին Արցախը քրիստոնեական հանրապետության հռչակել:

Պատգամավորը մասնավորապես նշել է, որ իր առաջարկն ունի բարոյական, պատմական, տնտեսական և քաղաքական լուրջ հիմնավորումներ: «Հայ ժողովուրդը քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում ընդունած առաջին ազգն է, ինչի մասին հաստատում են ոչ միայն պատմագիտական հավաստի աղբյուրները, այլև՝ ավելի քան մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն կաթոլիկ քրիստոնիաների առաջնորդը` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը: Կցանկանայի Հայաստան կատարած այցից առաջ նրա հայտնի ուղերձից առանձնացնել հետևյալը. «Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ, իրականացնելու համար, ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում, «այց առաջին քրիստոնյա երկիր»: Եվ գալիս եմ որպես ուխտագնաց»: Եթե Հռոմի Սրբազան Քահանայապետն է Հայաստան իր այցն ուխտագնացություն համարում, պատկերացնու՞մ եք, թե սահմանադրորեն այն վերահաստատելու մեր կամքը հետագայում ողջ քրիստոնյա աշխարհից որքան ուխտավորների կբերի մեր երկիր»,- ասել է Ռ. Հյուսնունցը:

Նրա խոսքով, առաջարկն ընդունելու դեպքում, այն որևէ կերպ չի ազդի բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հնարավոր ներկայացվածության վրա, քանի որ այն վերաբերում է միայն Արցախի Սահմանադրության առաջին գլխի երկրորդ հոդվածի Արցախի Հանրապետություն անվանմանը, որը, որպես Արցախի Քրիստոնեական Հանրապետություն, կարող է նույնական դառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանման հետ:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին