▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակության մի մասը որպես հարցի լուծման ձև տեսավ այն, ինչը տարիներ ի վեր իշխանություններն են օգտագործել

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, դա 90-ական թվականների կեսից վարվող քաղաքականության արդյունքն է: Կուտակվեցին սոցիալ-քաղաքական, տնտեսական  բարոյական խնդիրներ, իսկ վերջին տարիներին ՀՀ քաղաքացին ավելի շատ զրկվեց քվեի միջոցով, դատական ճանապարհով իր շահերը պաշտպանելու իրավունքից, հետևաբար հասարակության մի մասը որպես հարցի լուծման ձև տեսավ այն, ինչը տարիներ ի վեր իշխանություններն են օգտագործել, այն է՝ ուժի կիրառումը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ սա մեր անկախության 25 տարիների ամենամեծ ներքաղաքական ճգնաժամն է, իսկ լուծումը կարող է 2 տարբերակ ունենալ.

«2-ն էլ վատ են իշխանության համար: Վատ տարբերակներից մեկը, որը շատ քիչ հավանական եմ համարում, «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից զենքը վայր դնելն ու իշխանության ողորմածությանը հանձնվելն է: Ապստամբներն ազատ են արձակել իրենց մոտ գտնվող բոլոր ոստիկաններին, որը էապես մեղմել է իրավիճակը,  ցավոք, համարժեք պատասխան մենք չենք տեսնում: Եթե ուզում ենք այս ճգնաժամային վիճակը չխորացնել, ուրեմն պետք է նախ խուսափենք արյունահեղությունից, ապա իշխանությունը պետք է փոփոխություններ կատարի: Նրանք շատ լավ գիտեն, թե ովքեր են ամենակոռումպացվածները: Թող պաշտոնանկ արվեն ու քրեական գործեր հարուցվեն նրանց դեմ: Իշխանությունը կարող էր ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք ընդդիմությունը քաղաքական բանտարկյալ է համարում: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է իշխանությունը սրում այս վիճակը և չի կատարում իր խոստումը՝ կապված սննդի, բժշկակական օգնություն ցուցաբերելու հետ»,-նշեց Արա Պապյանը:

Անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի անդամներից Վարուժան Ավետիսյանի այն հայտարարությանը, որ համախմբող խմբում պետք է լինեն  մաքուր կենսագրություն ունեցող անձինք, ինչպիսիք են Հայկ Մարտիրոսյանը, Լևոն Շիրինյանը, Արա Պապյանը, դիվանագետը նկատեց. «Շոյված եմ, բայց ես չեմ կարող կազմակերպչական գործ անել ու ասել բոլորի ականջին հաճո բաներ: Ես պետք է կատարեմ վերլուծություններ, որոնք վստահ եմ այդտեղ կանգան ժողովրդից ոչ բոլորի դուրը կգա: Այնտեղ պետք է ասվեն բաներ, որ ուզում են լսել, ես դրան եմ գնա»: Պապյանի տեսակետը կիսեց նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Բանախոսները կարևորեցին քաղաքական վերլուծաբան մնալը, քան  քաղաքական գործիչ դառնալը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» խմբի կողմից տեղի է ունեցել հուլիսի 17-ին: Հուլիսի 23-ին նրանք ազատ են արձակել երկու բարձրաստիճան ոստիկաններին: Խմբի անդամների պահանջն է՝ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն ու երկրի ղեկավարության հրաժարականը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին