▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը պիտի առաջնորդվի սառը գլխի սկզբունքով. ամերիկացի կոնգրեսական

Օրերս Հայաստանից ԱՄՆ վերադարձավ կոնգրեսական Ջիմ Քոսթան։ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսականը Վաշինգտոնի իր գրասենյակում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկակած ծառայությանը տված հարցազրույցում նշում է Հայաստանի նախագահի, արտգործնախարարի, Ազգային ժողովի նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ընդդիմության ղեկավարների հետ անցկացված հանդիպումների կարեւորությունը։

՝՝Իմ ծննդավայր Ֆրեզնոյում դեռ մանկուց եմ ունեցել հայ ընկերներ ու հայ հարեւաններ։ Դեռ երիտասարդ տարիներից եմ Ուիլյամ Սարոյանի հայրենի այս քաղաքում լսել Հայոց ցեղասպանության մասին։ Այժմ էլ ԱՄՆ-ի Կոնգրեսում իմ աշխատանքի բերումով շատ հաճախ եմ առնչվում հայկական հարցերին, շփվում Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ՛՛, ասում է կոնգրեսական Ջիմ Քոսթան ու ավելացնում, որ Հայաստան կատարած իր առաջին այս այցը կարծես այց լիներ դեպի հայրենիք։

՝՝Առանձնապես հուզիչ էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած իմ այցը, ինչը մի տեսակ դարձավ Ցեղասպանության մասին դեռ պատանի տարիքիցս իմ հարեւաններից լսած պատմությունները վերապրելու պահ։ Ու ես նորից եմ ուզում ասել, որ պիտի շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի ԱՄՆ-ի Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը՛՛։ Չէ որ, ասում է նա, պատմությունն ինքն է ցույց տվել, որ չճանաչվելու դեպքում ցեղասպանություններն ունեն կրկնվելու հատկություն, ինչը տեղի է ունենում նաեւ մեր օրերում։

Ամերիկացի հայանպաստ կոնգրեսականը նշում է Հայաստանի նախագահի, արտգործնախարարի, Ազգային ժողովի նախագահի, Կաթողիկոսի ու ընդդիմության ներկայացուցիչների հետ իր հանդիպումները, ու շեշտում հայ-ամերիկյան տնտեսական կապերն ավելի խորացնելու, ինչպես նաեւ կարեւոր այլ հարցերի, այդ թվում՝ կոռուպցիայի շուրջ իրենց զրույցը։

Հարցին, թե ինչ պիտի արվի, որպեսզի ընտրության մեջ տատանվող Հայաստանն ավելի շրջվի դեպի Արեւմուտք, Ջիմ Քոսթան պատասխանում է, որ Հայաստանն ունի ՝՝դժվար շրջապատ՛՛, եւ այդ առումով հասկանալի է Ռուսաստանից Հայաստանի որոշ կախվածությունը, որը նաեւ ունի իր պատմությունը։

՝՝Սակայն իմ հանդիպումներից հասկացա, որ Հայաստանն ուզում է ավելի խորացնել հարաբերություններն Արեւմուտքի ու մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ։ Սակայն ես բոլորին հղեցի առեւտրային կապերը խորացնելու ու նոր ներդրումներ ապահովելու համար կոռուպցիան վերացնելու մասին ուղերձ՛՛։

Կոնգրեսականը խոստանում է իրենց կողմից անել ամեն հնարավորը՝ օգնելու, որպեսզի հոկտեմբեր ամսին Նյու Յորքում Հայաստանի տնտեսությանն ու առեւտրին զարկ տալու նպատակով անցկացվելիք ցուցահանդեսն անցնի արդյունավետ։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, կոնգրեսականի խոսքերով, առաջին հարցը նախագահի հետ հենց դա է եղել, եւ որ ինքը ստացել է հիմնավոր տպավորություն, որ Հայաստանն ունակ է ինքնապաշտպանության։ Կարեւորելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը՝ Ջիմ Քոսթան նշում է, որ Հայաստանի նախագահն իրեն պատմել է փոխզիջումների գնալու Հայաստանի պատրաստակամության մասին։

՝՝Սակայն երբ Ադրբեջանի նախագահը բանակցությունների սեղանի շուրջ խոսում է փոխզիջման մասին, իսկ իր ժողովրդի առջեւ՝ լիովին հակառակն է ասում, հիշում ես ամերիկացի հայտնի գրող Թոմաս Ֆրիդմանի հետեւյալ խոսքերը, որ մի հավատացեք ղեկավարների այն խոսքերին, որ ասում են անձնապես ձեզ, հավատացեք այն խոսքերին, որ ասում են իրենց ժողովրդին՛՛։

Ու քանի դեռ Ադրբեջանի նախագահն իր ժողովրդին չի ասել, թե ինչ փոխզիջումների է պատրաստ գնալ, այս հակամարտությունը շարունակվելու է, ասում է Ջիմ Քոսթան։

Ամերիկացի կոնգրեսականի այցը Հայաստան համընկավ Երեւանում պարեկապահակային ծառայության գնդի տարածքը առնելու փաստի հետ։ Խոսելով սովորական պայմաններում պատանդառության անթույլատրելիության մասին՝ կոնգրեսականն ինքն է հիշեցնում, որ այս ամենը սկսվել է որպես կոռուպցիայի դեմ պայքար։

՝՝Այդ պատճառով յուրաքանչյուր իմ հանդիպման ընթացքում Հայաստանում ես վեր եմ հանել կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունը։ Չեմ կարծում, որ նրանք գոհունակությամբ էին ընդունում խոսքերս, բայց Հայաստանը պիտի հավատա, որ շատ է շահել ԱՄՆ-ի հետ առեւտրային այն գործարքներից, որոնք կնքվել են՝ հաշվի առնելով ժողովրդավարության ուղու վրա կատարված քայլերը։ Գործարքներից շատերը շահավետ են եղել միայն Հայաստանի համար, միայն ու միայն Հայաստանին խրախուսելու նպատակով։ Եվ ԱՄՆ-ի հետ նման կապերը պահպանելու ու խորացնելու համար Հայաստանի իշխանությունները պիտի ապացուցեն, որ շարունակվում է այդ գործընթացը՛՛։

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ջիմ Քոսթան Հայաստանի նախագահին հորդորել է առաջնորդվել սառը գլխի սկզբունքով։

Ամերիկայի ՁԱՅՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին