▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը չի ասել, որ հող չենք հանձնելու... Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով այս պահին պատասխանում է քաղաքացիների հարցերին:

Վերջինիս խոսքով՝ «Սասնա ծռերի» կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված ճգնաժամը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ պետք է կողմերի միջև տեղի ունենային ԼՂ խնդրի շուրջ աշխատանքային քննարկումները: «Այն, որ որոշակի հետաձգում տեղի ունեցավ, դա փաստ է»,- նշեց Նիկոլ  Փաշինյանը:

Օգտատերերից մեկի այն հարցին,  թե ինչո՞ւ ինքը չներգրավվեց Հակաճգնաժամային խորհրդում, Փաշինյանը պատասխանեց, որ եթե լիներ միայն Վիտալի Բալասանյանի հայտարարությունն այն մասին, որ Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, ապա գուցե ինքը լիներ այդ խորհրդում, բայց Վարուժան Ավետիսյանն ասել էր, որ կա երրորդ տարբերակ, որը չի ենթադրում Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Սերժ Սարգսյանի ու «Հիմնադիր խորհրդարանի» միջև քննարկվում է մի տարբերակ, որով Սերժ Սարգսյանի հրաժարականը կարևոր պահանջ չէ: Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդին հրավիրել փողոց ու Սերժ Սարգսյանի հետ գաղտնի բանակցություններ վարել»:

Օգտատերերից մեկն անդրադարձավ Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր ԼՂ ազատագրված տարածքների զիջմանը: Հարցին՝ արդյոք ինքը պատերազմի հավանականություն այս պահին տեսնո՞ւմ է,  Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հետևյալ կերպ.


«Սերժ Սարգսյանը չի ասել, որ հող չենք հանձնելու, հակառակը՝ հստակ ասել է, որ իշխանությունը պատրաստակամ է ազատագրված տարածքներից վերադարձնել, բայց միակողմանի չեն լինելու զիջումները: Եթե հող հանձնվի ադրբեջանական կողմին, ապա հայկական կողմը դրա դիմաց ինչ-որ բան է ստանալու:Երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, չի շեշտում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ինչը պատահական չէ, որովհետև իմ ունեցած տեղեկություններով ներկայումս գործող փաթեթը էականորեն տարբերվում է  նրանով, որ այնտեղ խոսք է գնում Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին՝ առանց շեշտելու ինչ-որ ժամկետներ: Այն ամենապրոբլեմատիկ կետերից մեկն է, ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, քառօրյա պատերազմը, ու դրանից առաջ ու հետո ժամանակաշրջանը ցույց տվեց, որ անընդհատ պատերազմական վիճակում ենք գտնվում: Պատերազմի հավանականությունն այնպիսին է,  որ ցանկացած պահի կարող  է կրկնվել»,-ասաց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին