▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով գալիս, կոռուպցիայի դեմ պայքար է գրում, վերջում էլ թալանում ու գնում է.Արամ Կարապետյան

85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն արտահերթ նիստում հաստատեց Կառավարության ծրագիրը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն օրինակ, նայել, կետ առ կետ համեմատել է նախկին ծրագրերի հետ ու եկել մեկ եզրակացության՝ ցանկությունների ցուցակ է.

«Չեմ էլ մեղադրում, ի՞նչ կարելի է 6 ամսում  անել նման վիճակում գտնվող երկրում: Զարմանալի է, որ գոնե 3-5 տարվա ստրատեգիական ծրագիր չներկայացվեց: Չտեսա, թե ինչպե՞ս է լուծվելու ՀՆԱ-արտաքին պարտք փոխհարաբերությունը: Չէ՞ որ դրա հետ  են կապված շատ բաներ: Հա հասկացա , որ կրճատելու են բյուջեի ծախսերը, հարկային բեռն էլ ավելացնելու են, բայց այստեղ նոր բան չկա: Աշխարհի բոլոր երկրներն էլ այլ ելք չեն գտնում ու դա անում են: Որևէ կոնկրետություն չկա ներդրումային հարցերի հետ կապված: Գաղտնիք չէ, որ ներդրումները շատ արագ մեզ մոտ իջնում են: Ո՞նց են պատրաստվում զարգացնել զբոսաշրջությունը, երբ ավիատոմսերի, հյուրանոցների, բենզինի գները սարսափելի բարձր են»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Կարապետյանը:

Անդրադառնալով Կառավարության ծրագրում նշված կոռուպցիայի դեմ պայքարին, միջին խավի ձևավորմանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը նկատեց.

«Բոլորի ներկայացրած ծրագրում էլ  գրված է կոռուպցիայի դեմ պայքար: Հա, ով գալիս դա է գրում, վերջում էլ թալանում ու գնում է: Ինչ վերաբերում է միջին խավին, ապա ինչպե՞ս են դա ձևավորելու, երբ աղքատության շեմը գնալով աճում, մարդիկ էլ փախչում են: Ես էլ ասում եմ՝ Անտարկտիդայում բանան կաճեցնեմ, հետո՞: Ինչպե՞ս,-ահա, այս  հարցի պատասխանը չկա: Միջին խավ  ձևավորելու համար համապատասխան ներդրումային, օրենսդրական դաշտ պետք է ստեղծվի:

Հիշեցնենք, որ Կառավարության ներկայացված ծրագրում ներդրումների մասով գրված է.

Ներդրումների խրախուսում և պաշտպանություն մեկ տարվա ընթացքում ներդրումային ծրագրերին աջակցող պետական կամ պետության մասնակցությամբ կառույցների օպտիմալացում և գործունեության արդյունավետության բարձրացում. 2017 թվականի ընթացքում՝ ա. ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության նպատակով պետության կողմից ներդրումային ֆոնդի ձևավորում՝ հետագայում պետություն-մասնավոր համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով, բ.   գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականացում, որոնք 2017 թվականի արդյունքներով կապահովեն Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում կբերեն Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման առնվազն 4 կետով,

 գ.   չաշխատող ակտիվների (այդ թվում նաև ֆինանսական հաստատություններում գրավադրված) վերագործարկումը խթանող մեխանիզմների ներդրում,

դ.   որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգի մշակում, ե․ դժվար իրացվող պետական գույքի դեպքում գույքի օտարման մասնավորեցման ոլորտում «գույքի վաճառք» սկզբունքի փոխարեն «գործարար միավորի վաճառք» սկզբունքի կիրառում՝ հիմնական ուշադրությունը դարձնելով ներդրումային և սոցիալական պատասխանատվության բարձրացմանը։

Զբոսաշրջության ոլորտում էլ կարևորել են առկա զբոսաշրջային արդյունքների/ծառայությունների թիրախավորված փաթեթավորումը՝ հիմնվելով զբոսաշրջության ոլորտում արդի զարգացումների վրա.

«Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի, ճանաչելիության բարձրացում` թիրախավորված զբոսաշրջային շուկաներում ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով՝ կարևորելով առցանց սոցիալական հարթակներում Հայաստանի գովազդումը.

վեց ամսվա ընթացքում՝

ա.   զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների որակի բարելավման նպատակով զբոսաշրջային ծառայությունների որակավորման չափանիշների ներդնում,

 բ.   60 գյուղական բնակավայրերում գյուղական տուրիզմի փորձնական ծրագրի մեկնարկ, մեկ տարվա արդյունքերի ամփոփման հիման վրա գյուղական տուրիզմի զարգացման ազգային ծրագրի մեկնարկ,

գ.   առնվազն 5 քարանձավների զբոսաշրջային վայր դարձնելու նպատակով մրցույթների նախաձեռնում,

դ.   «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» զբոսաշրջային ռազմավարության մշակում» ,-նշված է ծրագրում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին