▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կհաջողվի արդյո՞ք Ռուբեն Վարդանյանին ստանձնել «հայկական Իվանիշվիլու» դերը. Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը

 

 

 

 

 

 

 

 

 

Կհաջողվի արդյո՞ք Ռուբեն Վարդանյանին ստանձնել «հայկական Իվանիշվիլու» դերը. Հիմնադիր  Խորհրդարանի  նախագահ Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը

 

 Հարց. Սասնա Ծռերի ապստամբական գործողությունից հետո անցել է ավելի քան երեք ամիս: Ինչպե՞ս կբնութագրեիք Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը:

 

Եթե կարճ պատասխանեմ Ձեր հարցին, ապա պետք է ասեմ հետևյալը. քաղաքական նոր ժամանակների “մի ուրվական է շրջում” Հայաստանում...

Սասնա Ծռերի ապստամբական գործողությամբ հետաձգվեց ազատագրված հողերի հանձնման դավադիր գործընթացը, իսկ գաղութային ադմինիստացիայի կողմից մշակված և նոր սահմանադրությամբ պայմանավորված քաղաքական վերադասավորումների և ապրիլյան ընտրությունների ողջ պլանավորումը թռավ գրողի ծոցը:

   

Կարեն Կարապետյանին Մոսկվայից վարչապետի պաշտոնին նստեցնելը կրեմլյան քաղտեխնոլոգների ճարահատ քայլն էր, քանի որ հուլիսյան իրադարձություններից հետո Յանուկովիչի տապալումը տեսած մոսկովյան աչքը այլևս չէր կարող վստահել իր տեղական անձեռնհաս “ադմինիստրատորի” ազնիվ խոսքին և պետք էր անմիջապես սկսել տեղական “մարզպանի” փոխարինողին պատրաստելու գործողությունը … Նոր կառավարության կազմումը ընտրություններից վեց ամիս առաջ, ի սկզբանե խելամիտ քայլ չէր և ակնհայտորեն ռիսկային էր, որովհետև իր գազպրոմյան “ոսկե պաշարը” ժամանակից շուտ օգտագործելը հղի էր այն փչացնելու վտանգով, քանի որ ակնհայտ էր, որ 6 ամսվա ընթացքում հնարավոր չէր լինելու արդարացնել հանրային սպասումները և այն ժամանակից շուտ պիտի վարկաբեկվեր: Սակայն Կրեմլում այլ կերպ որոշեցին և ինչպես վերջերս սովորաբար պատահում է, սխալվեցին…     

 

ՏԻՄ ընտրությունների հերթական բռնությունների “գեղատեսիլ” ֆոնի վրա Կարեն Կարապետյանի կառավարության նոր կազմը և ծրագիրը շատ արագ բացահայտեցին նոր փուչիկի էությունը… Մամոնտագետ ու ազգ-բանակի հղացքի անորակ գրագողությամբ զբաղվող “խիստ արհեստավարժ” նախարարները ի վիճակի են միայն խորհրդսյին լավագույն կանոններով ջուր ծեծելու և դեկորացիաների կոսմետիկ փոփոխություն իրականացնելու:     

Կարեն Կարապետյանի վերջին հարցազրույցը դրա լավագույն վկայությունն է, որ բացահայտեց իր խորքային անվստահությունը, ասելիքի բացակայությունը և ուրեմն և անելիքի ունայնությունը:

 

 

Ակնհայտ է, որ անխուսափելի տնտեսական և ռազմա-քաղաքական նոր մարտահրավերների պարագայում, իսկ այդ մարտահրավերները գնալով ավելի ու ավելի շոշափելի են դառնալու, մինչև ապրիլ այս կառավարությունը կլինի լրիվ վարկաբեկված, եթե իհարկե դիմանա մինչև այդ…Իսկ ՏԻՄ ընտրությունների անկազմակերպ ընթացքը ցույց է տալիս իշխող ռեժիմի իրավիճակին չտիրապետելու նշանները:

Ապրիլյան ընտրությունների ժամանակաշրջանը խոստանում է դառնալ էլ ավելի քաոսային և հորիզոնում նորից հայտվում է քաղաքացիական անհնազանդությունը որպես իրավիճակի փոփոխության միակ լուծում …

 

 

Հարց. Օրերս Ռուբեն Վարդանյանը հանդես եկավ ընդարձակ հարցազրույցով, որտեղ առաջին անգամ լինելով կիսվեց հայաստանյան քաղաքական իրականության համակարգային փոփոխությունների մասին իր տեսլականով: Ի՞նչ կասեիք այս առթիվ:

 

Հարցազրույցը լի է հակասական մտքերով, բայց այնուամենայնիվ ուշագրավ է…

Կարելի է, իհարկե, չտեսնելու տալ Սասնա Ծռերի գործողությունը և նրա հետ կապված համերաշխության ժողովրդական շարժումը, որպես Հայաստանում փոփոխությունների դետոնատոր: Կարելի է մոռանալ պետական զանգվածային ահաբեկչությունը, երբ քաղաքի թաղամասերից մեկը՝ Սարի թաղը, իր մեծից փոքր ողջ բնակչությամբ պատերազմական թատերաբեմի պատանդի էր վերածվել: Կարելի է չհիշատակել, որ պատերազմող Հայաստանը ոստիկանական պետության է վերածված, ուր ոստիկանությունը բանակից ավելի կարևոր է, և որը լի է քաղաքական բանտարկյալներով… Եվ վերջապես կարելի է չխոսել Մարտի 1-ի և կեղծված ընտրությունների մասին …

 

 

Այո, կարելի է չտեսնելու տալ այս բոլորը, եթե անտարբեր ես հայրենիքիդ ճակատագրի հանդեպ, սակայն պարզվում է, որ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն անտարբեր չէ, այլև ունի փոփոխությունների իր տեսլականը, որը ենթադրում է հասարակական կոնսեսուսի հաստատում, ազգ-բանակի ստեղծում և սփյուռքյան էլիտայի ներգաղթ… Կարելի է վստահաբար պնդել, որ վերոնշյալը չնկատելը սեփական ժողովրդի վստահությունը շահելուն հաստատապես չի նպաստում…

Մյուս կողմից չեմ կարող չնշել, որ Ռուբեն Վարդանյանը անցած 25 տարիների ընթացքում ձևավորված հայ նոր վերնախավի մեջ մշտապես շահեկանորեն առանձնացել է իր նորարարական ու ստեղծագործական մոտեցումներով և բարեգործական նախագծերով: Վերջին նման գովելի նախաձեռնությունը սիրիահայությանն Հայաստան հայրենադարձելու իր ծրագիրն է, որը միայն կարելի է ողջունել: Կուզեի ընդգծել նաև «Հայաստան 2020» նախագիծը, որը հայ իրականության մեջ մնաց որպես Հայաստանի ապագայի սցենարները մշակելու եզակի փորձ, և որը փաստորեն կանխատեսեց նաև այսօրվա Հայաստանի ողբալի իրավիճակը որպես վատագույն սցենար… Սա ասելով ես չեմ ուզում ասել, որ անվերապահորեն միշտ հիացած եմ եղել իր բոլոր նախագծերով և հատկապես դիլիջանյան դպրոցի հետ կապված զարգացումների ժամանակ ունեցել եմ իր հետ լուրջ տարաձայնություններ Հայաստանում լեզվի օրենքի հետ կապված փոփոխությունների առիթով…

Վերադառնալով հարցազրույցի ուշագրավությանը պետք է ասել, որ սա Ռուբեն Վարդանյանի համար ոչ միայն անսովոր հարցազրույց է, այլև իր կենսագրության համար կարևոր ճամփաբաժան: Մինչ այժմ նա մշտապես հրաժարվում էր ներհայաստանյան քաղաքական կյանքի մասին արտահայտվելուց, բայց այն հանգամանքը որ իրավիճակի գնահատականը տալիս նա նշում է, որ “սա մեզ համար վերջին շանս է”, ենթադրել է տալիս, որ նա իրավիճակը Հայաստանում գնահատում է որպես արտակարգ, իսկ այն հանգամանքը, որ պատրաստ է իր կազմակերպչական, ինտելեկտուալ և ֆինանսական ռեսուրսները ի սպաս դնել հօգուտ փոփոխությունների, խոսում է այն բանի օգտին, որ նա պատրաստվում է ակտիվ քաղաքական դերակատարության անցնել Հայաստանում…

Հարց. Այդ դերակատարությունը նա տեսնում է Կարեն Կարապետյանին ամեն կերպ սատարելու ձևով: Արդյո՞ք սրանով սահմանափակվելու է նրա մասնակցությունը:

Հարցազրույցը կարդալուց հետո առաջին տպավորությունը ճիշտ Ձեր ասածի պես է, սակայն ավելի ուշադիր ընթերցանությունը ի հայտ է բերում այլ շերտեր նույնպես…

 

 

Այս հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել երկրի համակարգային փոփոխությունների տեսլականի ուրվագծով, որը Կարեն Կարապետյանի կառավարության գորշագույն ծրագրի ֆոնին շահեկանորեն տարբերվում է իր թարմ ու համարձակ մոտեցումներով և ըստ էության հանդիսանում է արմատական փոփոխությունների ռուբենվարդանյանական այլընտրանքային ծրագրի ուրվագիծ:

Ռուբեն Վարդանյանը խոսելով նոր կառավարության մասին նշում է, որ “նրա առջև բարդ խնդիր է ծառացած. այն ստիպված է ապացուցել հասարակությանը, որ արդյունավետ է”:

Ըստ Ռուբեն Վարդանյանի “խնդիրը բարդացնում է այն հանգամանքը, որ շատ ցավոտ փոփոխություններից սկսվող բարեփոխումները պետք է կատարվեն ընտրություններից մի քանի ամիս առաջ, իսկ դրանց արդյունքները երեւալու են տարիներ անց”: Նա նաև նշում է , որ “իրավիճակը էլ ավելի է բարդանում նրանով, որ վարչապետի պաշտոնում նոր մարդու հայտնվելուց հետո նեղացած մարդկանց մեծ խումբ է ի հայտ եկել և առջևում մենք առերեսվելու ենք մի իրավիճակի, երբ աճելու է պաշտոններ ու դրամական հոսքեր կորցնող մարդկանց թիվը”:

Ռուբեն Վարդանյանը լինելով խելացի մարդ, նշված պնդումները անելով, փաստորեն արձանագրում է Կարեն Կարապետյանի կառավարության առջև կանգնած խնդիրների ներքին հակասականությունը և ոչ իրատեսական լինելը և մինչև ապրիլյան ընտրությունները հանրային սպասումները բավարարելու անհնարինությունը …

 

Միևնույն ժամանակ Ռուբեն Վարդանյանը նշում է Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի(որն ընդամենը ուղղված է կարճաժամկետ խնդիրների լուծմանը) եւ իր նշած պետական կառավարման մոդելի փոփոխության ծրագրի արմատական տարբերությունը, քանի որ առաջինը չի կարող արտացոլել անհրաժեշտ համակարգային փոփոխությունների ողջ ծավալը:

Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի նշած խնդիրը այլ մաշտտաբ ունի և մինչև ապրիլ վարկաբեկվել հասցրած կառավարույունը այդ խնդիրը այլևս ի վիճակի չի լինելու իրագործել: Եվ չնայած նրան, որ նա իր խոսքում բազմիցս նշում է, որ պետք է ամեն կերպ օգնել Կարեն Կարապետյանին և Սերժ Սարգսյանին, սակայն վերոնշվածից ակնհայտ է դառնում, որ դա ասվում է այս պահին քաղաքական սրացումներից դիվանագիտորեն խուսափելու նպատակով ընդամենը:

Պարզ է, որ խոսելով կառավարման մոդելի սպառված լինելու մասին, Սերժ Սարգսյանի վարչակազմի հետ Ռուբեն Վարդանյանը իրականում որևէ հույս չի կապում: Եվ նրա հարցազրույցի բուն ասելիքը դառնում է մինչև ապրիլ կառավարման մոդելի իր պատկերացրած արմատական փոփոխության մասին նոր քաղաքական օրակարգի ձևավորման անհրաժեշտության մասին պնդումը …

Հարց. Ինչ կասեք Ռուբեն Վարդանյանի կողմից քաղաքական իրավիճակի ախտորոշման մասինՈրքանո՞վ եք համաձայն այդ ախտորոշման և առաջարկվող լուծումների հետ:

Ռուբեն Վարդանյանի հարցազրույցում կան մի շարք պնդումներ, որոնք այլ ձևակերպումներով նշված են Հիմնադիր խորհրդարանի ռազմավարական հայեցակարգում և ունեն մանրամասն մշակումներ…

Նախ ըստ նրա հայաստանյան քաղաքական իրավիճակի գնահատման ամենակարևոր դրույթը երկրի կառավարման գործող մոդելի սպառված լինելու արձանագրումն է, որի հետ հնարավոր չէ չհամաձայնվել, և որը Հիմնադիր խորհրդարանի ընդունած փաստաթղթերում հանդես է գալիս որպես “Նոր որակի պետության կայացման խնդիր”: Իսկապես որ, երկրի կառավարման գործող մոդելը խորհրդային կառավարման այն մատրիցան է, որը անկախության տարիների ընթացում “որոշ նախկին այլախոհներ, նախկին կոմերիտական կամ կուսակցության գործիչներ, կամ էլ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ” վերստեղծեցին, և որը անհրաժեշտ է ապամոնտաժել:

Չի կարելի նաև չհամաձայնվել, այն մտքի հետ, որ այս մոդելում հայկական պետության ղեկավարները իրենց չեն ընկալում որպես հայ ազգի առաջնորդներ: Ըստ Ռուբեն Վարդանյանի, նրանք սփյուռքահայ ներդրողներին, այդ թվում նաև իրեն ասում են “մի խանգարեք մեզ անել այն, ինչ մենք անհրաժեշտ ենք համարում, քանի որ շատ բաներ չեք հասկանում”:

Այդ մոդելը կառուցված է փակ հասարակության համակարգի վրա, ուր ավելացված արժեքը ստեղծվում է ոչ թե նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության շնորհիվ, այլ ռեսուրսների վերաբաշխման՝ ներմուծման մենաշնորհների, մաքսատուրքեր չվճարելու, միջազգային կազմակերպությունների աջակցության յուրացման և կոռուպցիայի հաշվին:

 

Սփյուռքյան վերնախավի ներգաղթի դրույթը նույնպես կարևորահգույն խնդիր է, որը մանրամասն մշակման է արժանացել Հիմնադիր խորհրդարանի փաստաթղթերում… Հայաստանում, ըստ Ռուբեն Վարդանյանի իջեցվել է նշաձողը, և բաներ, որոնք անցյալում անթույլատրելի էին թվում, այժմ նորմալ են համարվում: Սա մշակութային, բարոյական դեգրադացիայի արձանագրում է, որի հետ նույպես համաձայն ենք..… Հիմնադիր խորհրդարանի դիտարկումների հետ համընկնում է նաև պնդումը, որ երկրի կառավարման այս մոդելի դեպքում մենք հնարավորություն չենք ունենա “ամրապնդել մեր պաշտպանունակությունը, դիմակայել նոր մարտահրավերների, իրականացնել առողջ հասարակություն ստեղծելուն ուղղված նախագծեր եւ մրցունակ լինել աշխարհում”:

 

Եվ վերջապես ամենակարևոր պնդումներից մեկը, որը չգիտես ինչու հարցազրույցում համակարգային արատների ցուցակի վերջում է նշվում, դա արտագաղթի մասին արված պնդումն է, ըստ որի հենց այս կառավարման մոդելն փաստորեն խրախուսում է արտագաղթը…

Ընթերցողը հեշտությամբ կարող է հասկանալ, թե ով է պատասխանատու այս բոլորի համար և ում նկատի ունի Ռուբեն Վարդաբյանը: Ակնհայտ է, որ վերոնշվածը ուղղակի վերաբերում է Սերժ Սարգսյանին, իր վարչակազմին և ամբողջ քաղաքական համակարգին:

 

Ռուբեն Վարդաբյանը այս հարցազրույցով ուղղակիորեն կոչ է անում Սերժ Սարգսյանին երկխոսության սկսել վերնախավի արմատական թարմացման, այսինքն այլ խոսքով իշխանափոխության փափուկ ծրագրի շուրջ…

Ես վստահ եմ, որ Ռուբեն Վարդաբյանի նման քայլը նաև աշխարհաքաղաքական կենտրոնների և հատկապես Մոսկվայի հետ որոշակի համաձայնությունների և քննարկումների արդյունք է, և նա փաստորեն պատրաստ է ստանձնելու հայկական Իվանիշվիլու դերը:

 

ՀԱՐՑ. Որքանո՞վ է իրատեսական թվում, ըստ Ձեզ, նման մոտեցումը:

 

Գալով հնչեցված լուծումների իրատեսական լինելու հանգամանքին, նախ և առաջ պետք է հասկանալ, որ Իվանիշվիլուց առաջ եղել է Սահակաշվիլի, որը արել է ապախորհրդայնացման “սև” գործը, որի ձևափոխված տարբերակից խուսափել հնարավոր չի լինելու նաև Հայաստանում:

Եվ ամենակարևորը, որ մենք գործ ունենք հայկական իրականության հետ, որն իր արցախյան հարցով լրիվ այլ աշխարհաքաղաքական լուծումներ է պահանջելու:

Հարց. Որոնք են այն տարաձայնությունները, որոնք դուք տեսնում եք Հիմնադիր խորհրդարանի և Ռուբեն Վարդաբյանի արտահայտած դիրքորոշումների միջև:

Նախ Հայաստանում անցնցում փոփոխությունների փափուկ ճանապարհն, ըստ մեզ, ընկած է ոչ այնքան Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի և աշխարհաքաղաքական կենտրոնների հետ երկխոսության գնալու վարպետության մեջ, այլ նախ և առաջ սեփական ժողովրդի հետ երկխոսելու կարողության մեջ:

 

Քաղաքացիական հասարակության անտեսումը ակնհայտ է հարցազրույցում:

Երկրորդ, չնայած Ռուբեն Վարդաբյանը չի բացահայտում արցախյան հարցի լուծման իր դիրքորոշումը, ես լուրջ տարաձայնություններ եմ ակնկալում Արցախի հարցի հետ կապված:

Երրորդ լուրջ տարբերությունը վերաբերվում է արտաքին քաղաքականությանը: Ըստ Հիմնադիր խորհրդարանի, Հայաստանը գտնվելով գլոբալիզացվող աշխարհի տարաբևեռ տարածաշրջանների սահամանագծում իր արտաքին քաղաքականությամբ պետք է նախ ապագաղութացվի ռուսական ազդեցությունից և նվաճի այդ տարածաշրջանների միջև կապող անկախ կամուրջի կարգավիճակ, ինչպես ժամանակին 300 տարի արել էր Կիլիկյան Հայաստանը:

Հայաստանի որդեգրելիք գլոկալիզացման (գլոբալիզացիայի և լոկալիզացիայի ամբողջացման) քաղաքականությունը պետք է լինի հայաստանակենտրոն…Մինչդեռ Ռուբեն Վարդաբյանը խոսում է տարածաշրջանային կենտրոն դառնալու մասին մնալով ԵՏՄ-ի մեջ…

Եվ վերջապես Ռուբեն Վարդաբյանը խոսում է վերջին շանսի մասին և դրա տակ պատկերացնում է փոփոխությունների մի ձև միայն՝ վերից սկզբնավորվող փոփոխությունները, որը ցավոք իրեն զրկում է վճռականության այն պաշարից, որը պետք է ունենա արմատական փոփոխությունների խնդիրը լուծելու մտադրություն ունեցողը…

Այսինքն ոստիկանական պետության կառավարման համակարգը փափուկ ճանապարհով վերևից չփոխվելու պարագայում, պետք է պատրաստ լինել նաև այն “ծռելուն” ներքևից, իսկ դրա համար պետք է պատրաստ լինել նաև Սասնա Ծուռ դառնալու …

Սպասենք Ռուբեն Վարդանյանի շատ ավելի իրատեսական մասնակցությանը հայաստանյան քաղաքական իրադարձություններին …

 

Հարցազրույցը վարեց ՀԽ մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին