▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը չի բացառել վարչապետի պաշտոնում իր առաջադրումը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում։

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության՝ Հայաստանի մասին պատրաստած ֆիլմում լրագրողի հարցին, թե «արդյոք դուք դիտարկո՞ւմ եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», Սարգսյանը պատասխանել է․

«Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը։ Դա նույնն է, որ մենք, դեռևս ձուկը ջրում սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»։

2014թ․ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, հայտարարել էր․

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․․․Եթե [նոր սահմանադրության – խմբ․] վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

«Ալ Ջազիրան» ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում վերջին մեկ տարում տեղի ունեցած դեպքերին՝ սահմանադրական փոփոխություններ, Ապրիլյան պատերազմ, Սասնա ծռերի գործողություններ և այլն։

Միշտ էլ կա ագրեսիվ փոքրամասնություն․ Սարգսյանը՝ Սասնա ծռերին աջակցողների մասին

«Արդյոք Ռուսաստանը շարունակո՞ւմ է լավ դաշնակից մնալ» հարցին Սարգսյանը պատասխանել է․ «Գիտեք՝ լավի ու վատի մասին իմաստ ունի՞ արդյոք խոսել։ Բայց պիտի ասեմ, որ ՌԴ-ն նաև մեզ հետ ունի ռազմատեխնիական համագործակցության մեծ ծրագիր։ Իհարկե, եթե մենք լինենք, մենք երբեք մեզ թույլ չէինք տա մեր դաշնակցի հետ հակամարտող կողմին զենք վաճառել» ։ 

Սասնա ծռերին աջակցություն ցուցաբերող մարդկանց մասին հարցին ի պատասխան՝ Սարգսյանն ասել է, որ դա «զարմանալի չէ», քանի որ յուրաքանչյուր երկրում կա «ագրեսիվ փոքրամասնություն»։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ բազմաթիվ են օրինակները, երբ զարգացած եվրոպական երկրներում բնակչության մի հատված սատարում է շատ ծանր հանցագործություններ կատարած մարդկանց։ 

«Ինչո՞ւ եք զարմանում»,- կրկին հարցադրում է արել ՀՀ նախագահը։ 

Նրան զարմացրել են նաև «Ալ Ջազիրա»-ի թղթակցի թվերը՝ հուլիսյան դեպքերի ժամանակ զոհերի, վիրավորների, տուժածների մասին։ 

Նա ասել է, որ լրագրողները մարդու իրավունքների պաշտպանի և դատախազի հետ խոսելու հնարավորություն ունեն։ 

«Ձեր թվերը իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Վերջինիս պնդմամբ՝ ոստիկանությունը, այո, կիրառել է հատուկ միջոցներ և «դա արել է պարտադրված»։

Թարգմանությունը` ՍիվիլNet.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին