▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեսպանը նամակ է գրել Սերժ Սարգսյանին

Այսօր հոբելյան ենք տոնում: 25 տարի առաջ այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը: Ի՞նչ գիտեք մեր ամուր երկկողմ հարաբերությունների մասին։

Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում է  խոսում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Դեսպանի խոսքը՝ տեսանյութում.

Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ավելի վաղ  նամակ էր հղել Սերժ Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորև.

23 դեկտեմբերի, 2016թ.
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ն. Գ. Սերժ Սարգսյանին

Մեծարգո Նախագահ, 
1991թ. դեկտեմբերի 25-ին Ամերիկայի ՄԻացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանը` որպես ինքնիշխան ու անկախ պետություն: Լինելով տակավին երիտասարդ դիվանագետ՝ ես Ձեր պետության հռչակման ականատեսը դարձա, ապա պատիվ ունեցա լինել ԱՄՆ պետքարտու¬ղարության առաջին պաշտոնյան, ով զբաղվում էր Հայաստանի հետ կապված հարցերով: Այսօր, երբ անցել է քսանհինգ տարի, ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը և աշխատել Ձեզ հետ, Հայաստանի կառավարության ու Հայաստանի ժողովրդի հետ՝ առավել խորացնելու մեր երկկողմ հարաբերութունները: 
Առաջիկա տարվա ընթացքում մենք կտոնենք մեր 25-ամյա երկկողմ հարաբերությունները նշանավորող երեք կարևոր իրադարձություն. 1992թ. փետրվարի 3-ին Երևանում ԱՄՆ առաջին դիվանագիտական ներկայացուցչության բացումը «Հրազդան» հյուրանոցի տարածքում. 1992թ. հունիսին Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հիմնումը. 1992թ. սեպտեմբերին Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատանքների մեկնարկը: Կառավարության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության մեր հայաստանյան գործընկերների հետ միասին Միացյալ Նահանգների կառավարությունն աշխատել է Հայաստանի առևտրատնտեսական ներուժի ամրապնդման ուղղությամբ, օժանդակել է Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին, որպեսզի Հայաստանը շարունակի կայացումը որպես անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական երկիր, որին արժանի է Հայաստանի ժողովուրդը: Հպարտ ենք, որ, մեր հիմնական հայ գործընկերների հետ աշխատելով, կարողացել ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի գյուղատնտեսության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, իրականացնել մարդասիրական օժանդակության ու զարգացման տարաբնույթ ծրագրեր, Միացյալ Նահանգներում կրթական ու ճանաչողական ծրագրերի մասնակցելու հնարավորություն ապահովել ավելի քան 4000 ՀՀ քաղաքացու համար, հովանավորել Հայաստանի խաղաղապահ բրիգադի ձևավորումը և վերջինիս տեղակայումները ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների կազմում, ապահովել անգլերենի ուսուցման դասընթացներ հայ երիտասարդների համար ամբողջ երկրում և օգնել Հայաստանի էներգետիկ անվտանգության ու դիվերսիֆիկացման հարցում: Մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև կապերն ամուր են ու անսասան: 
Թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ, պարոն Նախագահ, Հայաստանի կառավարությանը և Հայաստանի ժողովրդին վերջին 25 տարիների գործընկերության ու բարեկամության համար: Միացյալ Նահանգները մեծապես կարևորում է մեր երկկողմ հարաբերությունները: Վստահ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններին սպասում է պայծառ ու խոստումնալի ապագա: Նաև ընդունեք անձամբ իմ ամանորյա բարեմաղթանքները Ձեզ և Ձեր ընտանիքին: Թող 2017թ. խաղաղություն ու բարեկեցություն պարգևի Հայաստանի, Միացյալ Նահանգների ու աշխարհի բոլոր մարդկանց:


Հարգանքով՝

Ռիչարդ Միլս 
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին