▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ ՀՀ ոստիկանապետին

Նոր տարվա առաջին աշխատանքային օրն է, և ուզում եմ կիսվել մի դրվագով, որին ականատես եղա Ամանորի նախաշեմին։

Զվարթնոց օդանավակայանում, ի թիվս շատերի, ես ևս ծնողներիս ճանապարհում էի Նոր տարին ծովի ափին անցկացնելու։ Այդքան մարդաշատ օդանավակայանը դեռ չէի տեսել. եռուզեռ, խառնաշփոթ, ուրախ տրամադրություն,
սակայն ամենուր մեծ հերթեր։

Մեր կողքին մի ընտանիք էր, որ ևս պատրաստվում էր մեկնել Սոչի։ Չվերթի հաշվառմանը մնացել էր 10 րոպե, երբ պարզվեց, որ ընտանիքի հոր անձնագրում ելքի կնիքը ժամկետանց է։ Ընտանիքը կանգնեց խնդրի առջև՝ մեկնել առանց հայրիկի չի լինի, իսկ նոր կնիքը բնականաբար նման մարդաշատ հերթում 10 րոպեից շատ ավելին կտևի։ Ինքս շատ մոտ էի գտնվում օդանավակայանի անձնագրային վարչության կետին և հնարավորություն ունեի հետևելու դեպքերի զարգացմանոը։ Անկեղծ լինելու համար ասեմ, որ լուծում չլինելու դեպքում պատրաստվում էի միջամտել որպես ԱԺ պատգամավոր՝ այս ընտանիքին ընդառաջելու և օգնելու համար։ Սակայն հպարտորեն ուզում եմ ասել, որ միջամտության անհրաժեշտություն չեղավ. հաշված րոպեների ընթացքում, միջնորդելով թե մոտակա բանկում վճարումն արտահերթ ընդունելու հարցում, և թե չվերթի հաշվառումը մի փոքր հետաձգելու համար, ԱՎ աշխատակիցն արեց անհրաժեշտ բոլոր կարգավորումները, անգամ նրանց անձամբ ճանապարհեց մինչև օդանավ, և ընտանիքն ամբողջ կազմով մեկնեց Ամանոր անցկացնելու։

Մեզանում ընդունված է բաց նամակներ գրել՝ դժգոհությունն ու բողոքը արտահայտելու համար, բայց ես ցանկանում եմ բաց նամակով գոհունակությունս ու շնորհակալությունս հայտնելու ՀՀ Ոստիկանության Անձնագրային վարչությանը՝ նման սրտացավ աշխատանքի և մարդկային մոտեցման համար։

Ինքս շատ եմ առնչվել ԱՎ աշխատանքին և միշտ էլ արագ, կազմակերպված և գրագետ աշխատանքի եմ հանդիպել, բայց կողքից նայելով նման պրոֆեսիոնալ, բարի և ամենակարևորը՝ սրտացավ աշխատանքին, ցայտնոտային իրավիճակում հայտնված այս ընտանիքի նման սպասարկումը արժանի է ամենաբարձր գնահատականի։

Շնորհակալություն։

 

 

Նաիրա Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին