▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է վերջ տանք այս անատամ քաղաքականությանն ու հարձակվենք մինչև Քուռ-արաքսյան խառնարան.Լևոն Շիրինյան

«Ադրբեջանն ապրիլյան պատերազմից հետո միայն մարտավարությունն է փոխել և Հայաստանի հետ տոտալ պատերազմ է վարում: Հնարավոր բոլոր ձևերով խփում է, և բլոգեր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջան արտահանձնելն էլ հերթական շոուն չէ, ոչ մի ձևական բան չկա: Ադրբեջանն ուժեղացնում է Արցախի նկատմամբ շրջափակումը, Հայաստանն էլ անընդհատ մեկուսանում է աշխարհից: Մենք պետք է գիտակցենք, որ այս գործընթացը շարունակվելու է, ուստի միջոցներ պետք է ձեռնարկենք: Անհրաժեշտ է վերջ տալ այս անատամ քաղաքականությանն ու հարձակվել մինչև Քուռ-արաքսյան խառնարան: Հասկանո՞ւմ եք, եթե այդպես չանենք, ամեն տարի 300-400 զոհ ենք ունենալու»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա քաղաքագետի խոսքով՝ Լուկաշենկոն սկսել է ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի դեմոնտաժի, քայքայման աշխատանքը: 

«Դժվարանում եմ ասել՝ Արևմուտքից աջակցություն ունի՞, թե՝ ոչ, սակայն հավանական է, որ ակնկալիքներ ունի Թրամփից»,-ընդգծեց  Լևոն Շիրինյանը:

Իսկ, թե ինչո՞ւ են օրինակ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանցում Լապշինի կողմից ուրիշ անձնագրով իրենց երկիր մուտք գործելու հանգամանքը ու խոսում են Արցախ այցելելու մասին՝  քաղաքագետը նշեց.

«Դե չգիտեն, թե ո՞ր հոդվածն են առաջ քաշելու, «սահմանի անօրինական խախտման», թե՞ կեղծիքի: Նայում են, թե որն է հարմար: Գուցե գործարքի են սպասում,  դա իրենց գործն է»:

Իսկ, թե ինչո՞ւ է լռում Իսրայելը, Լևոն Շիրինյանը նկատեց.

 «Եթե Ադրբեջանի հետ վատանա, մեզ հետ պետք է լավանա: Իսրայելը չի ուզում մեզ հետ գործի մեջ մտնել»:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության «Ծանր հանցագործությունների» հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում): Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Ադրբեջանական կողմը պահանջել է բլոգերին արտահանձնել Բաքու: Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել: Փետրվարի 7-ին բլոգերին տեղափոխեցին Ադրբեջան:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին