▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանը՝ «Ժառանգության» որոշման մասին

«Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամ Դավիթ Սանասարյանը, որ ուսման նպատակով տնվում է ԱՄՆ-ում ու չի մասնակցելու հայաստանյան նախընտրական գործընթացներին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քանի որ շատ հարգելի մարդկանց կողմից նամակներով ու ֆեյսբուքյան գրառումներում անունս նշելով հարց է հնչեցվել, թե ո՞րն է դիրքորոշումս Ժառանգության՝ Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալու որոշման վերաբերալ, պատասխանում եմ, ինչպես նաև, իմ սիրելի լրագրող գործընկերներին խնդրում եմ, որ այս թեմայով այլևս հարցեր չգրեք, հայտարարությունս կարող եք օգտագործել, բայց՝ ամբողջական հրապարակելու պայմանով։

«Ժառանգությունն» իր գործունեության ընթացքում ամեն մի առիթն օգտագործել է որպեսզի քաղաքացու շահը սպասարկի, որպեսզի երկրում փոփոխություններ բերի, ու չնայած դրանցից որոշները սխալներով են ուղեկցվել, այնուամենայնիվ, դրանց նպատակը դրական է եղել։ Այս պահին հետ եմ նայում ու կուսակցության անդամ լինելուս 10 տարվա ընթացքում տեսնում եմ, որ «Ժառանգությունը» միգուցե դասական իմաստով կուսակցության չափանիշներին չի համապատասխանում, բայց քաղաքացու ու երկրի իրավունքների պաշտպանի համբավ վաստակել է։

Պատկերացնում եմ, թե ինչ դժվար վիճակում է կայացվել որոշում մասնակցել դաշինքով գործիչների հետ, ովքեր իշխանության ժամանակին գործած տարբեր տրամաչափի մեղքերի են մասնակից եղել։ Անկեղծ պատկերացնում եմ դժվարությունը հենց Րաֆֆիի համար, ով իր բոլոր սխալներով հանդերձ՝ իմ համար բարոյականության այլ/բարձր նշաձող է սահմանել քաղաքականության մեջ։ Վստահ եմ, որ նժարին դրվել է կարևոր մոտեցում. անել հնարավորինս, որպեսզի Հայասատանն ու նրա քաղաքացիներին ազատել չարիքի իշխանությունից՝ Սերժ/ՀՀԿ քաղցկեղից։

Եթե ես լինեի Հայաստանում, ապա վստահաբար կողմ չէի լինի այս որոշմանը, վստահաբար դեմ լինելով՝ այլ ճանապարհ ցույց կտայի, իսկ դեմ լինելուս հիմնավորումները նոր չեն, շատերդ հիմնավորել եք, բայց քանի որ այս գործընթացը համընկավ ուսմանս պրոցեսի հետ և ես Հայաստանից բավական հեռու եմ, ապա պատասխանատվության զգացողությունս ենթադրում է որոշումն ամբողջապես չընդունելով հանդերձ՝ հարգել ընկերներիս որոշման իրավունքը։ Դա իրենց որոշումն է, իրենք ընտրել են այդ ճանապարհը, ու նախկին փորձը հաշվի առնելով՝ վստահ եմ, որ անկախ թե ինչ ուժերի հետ են լինելու պայքարի ճակատներում, պայքարելու են քաղաքացու շահը սպասարկելու համար։

Պատասխանեմ ամենաընդգծված հարցերին.

Հարց՝ Ինչո՞ւ ընտրեցիր սովորելը և չմնացիր մասնակցելու քաղաքական այս միջոցառմանը.
պատասխան՝ պատրաստվում եմ ավելի երկար պայքարի։ Հայաստանի քաղաքական-քաղաքացիական դաշտի անհաջողությունների մեծ մասը գալիս է պրոֆեսիոնալիզմի զգալի պակասից, և ես ինչքան էլ որ ազնիվ եմ եղել քաղաքացու հանդեպ, ամեն դեպքում որոշ չափով սխալ եմ եղել, երբ չհաշվարկված հույսեր եմ տվել, ու վերջում կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ։ Դրա համար հանրային կառավարման ու հանրային քաղաքականության ոլորտում հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերելով՝ իմ հետագա քաղաքական-քաղաքացիական գործունեությունների հիմքում դրվելու են լուծումներով ու մշակված ռազմավարություններով քայլերը։

Հարց՝ Ինչու չարեցիր ամեն ինչ, որպեսզի «Ժառանգությունն» այդ որոշումը չկայացնի,
պատասխան՝ պատասխանատու գործիչը եթե մարդկանց ճակատագրական ճանապարհ է ցույց տալիս ու պնդում այն, ապա պետք է մաս կազմի այն իրականացնելու գործին։

Հարց՝ ազնի՞վ է Ժառանգությունը որոշման մղումների մեջ,
պատասխան՝ այո։
Հարց՝ կհաջողե՞ն 
Պատասխան՝ վստահ չեմ, ժամանակը ցույց կտա։

Հարց՝ դուրս ես գալու կուսակցությունի՞ց
Պատասխան՝Հայաստանում կկայացնեմ քաղաքականության մեջ հետագա մասնակցությանս ձևաչափը։

Հարց՝ բա էսքան պայքարեցիր, որ էս կարևոր պահին չդառնա՞ս պատգամավոր.
պատասխան՝ կյանքիս նպատակը պատգամավոր դառնալը չի, չեմ պայքարել, որ պատգամավոր դառնամ եւ ընդհանրապես, թող լինի փոփոխություն, ու մեծ հաճույքով կզբաղվեմ գիտությամբ ու դասախոսությամբ։

Կյանքը քաղաքական այս կամ այն միջոցառմամբ չի վերջանում, համաձայն չեք, արեք ձեր քայլը, բան չանելն այլընտրանք չի,անկախ թե որ ոլորտում եք, փորձեք փոփոխություն բերել, թե չէ ոչ մի բան չանելով ու փնովելով՝ ապրելու եք փնովված ու կյանքից հաճույք չստացած։

Հ.Գ.

Իմ համար հասկանալի է այն մարդկանց զայրույթը, ովքեր Րաֆֆիի ու «ժառանգության» համակիրներն են եղել, բայց չեմ ընդունում բոլոր կեղծ սրտացավությունները, Րաֆֆիին ու ժառանգությանը միշտ մենակ թողած մարդկանց նպատակն այս առիթն օգտագործելով՝ քարկոծելն ու դիվիդենտներ հավաքելն է։

Հաջողություն բոլորին, Աստված պահպանի Հայաստանի հանրապետությունն ու նրա քաղաքացիներին...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին