▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարտի 1-ի» հանցագործները հայտնի են, մնում է նրանց պատժել. Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «25-ամյա ավտորիտար ռեժիմի ընտրակեղծարարության, իշխանության զավթման արյունոտ, ողբերգական 2008 թվականի փետրվար և մարտ ամիսներ.

• Կրկին կեղծվել են ընտրությունները` իշխանությունը բռնազավթվել է:

• 10 մարդ զոհվել է:

• ՀՀ ոստիկանության տվյալներով, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը «Երևանում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով» մարտի 12-ի, ժամը 15.30-ի դրությամբ ոստիկանության ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 764 անձ, որոնցից 568-ը` մարզերում, 196-ը` մայրաքաղաքում: Ձերբակալվել է 59 անձ, կալանավորվել` 31-ը, բաց է թողնվել 513 անձ:

• ՀՀ ոստիկանության տվյալներով, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մի քանի հարյուր մարդ ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, այդ թվում նաև` հրազենային:

• ՀՀ Ազգային ժողովի 4 պատգամավորի զրկել են անձեռնմխելիությունից, նրանց նկատմամբ իրականացվել է ապօրինի քրեական հետապնդում:

• Մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ ապօրինի կալանավորվել են:

• Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով ապօրինի հայտարարվել է արտակարգ դրություն:

• Ապօրինի արտակարգ դրություն հայտարարելու հետ կապված հարցերի կանոնակարգման եւ իրականացման ղեկավարումը վերապահվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին Ռոբերտ Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին և ՀՀ Կառավարության բոլոր անդամներին:

• Ապօրինի արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

• Սահմանվել է արտակարգ դրության հետեւյալ ապօրինի սահմանափակումներ`

1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում.
2) գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում.
3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւ զննության իրականացում.
4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում.
5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության՝ թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում.
6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում.
7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը և այլ դատարաններ նույնպես սպասարկեցին ապօրինությունները:

Վերը թվարկված գործողությունները քրեորեն հետապնդելի արարքներ են, հայտնի են այդ արարքներ կատարողները անուն առ անուն, սակայն առայսօր մենք չենք կարողացել նրանց կանչել պատասխանատվության:

«Մարտի 1-ի» հանցագործները հայտնի են, մնում է նրանց պատժել»:

02.03.2017թ.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին