▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի

«ՄԱԿ-ը մարտի 20-ը երջանկության օր է համարում և այն ցուցիչը, որ մեզ համար ապահովել է ՀՀԿ-ն, կարծում եմ՝ բոլորն են ծանոթ: 151 երկրների շարքում 121-րդը լինելը ՀՀԿ բացառիկ ձեռքբերումներից է: Եվ նրանք, ովքեր երջանիկ են, խորհուրդ կտամ ընտրել ՀՀԿ-ին, մնացածն էլ թող մեզ ընտրեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան Դաշինք»-ի ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Նրա խոսքով իրենք արդարություն, հույս ու աշխատանք են տալու:

«Համաձայն սոցիոլոգիական հարցումների՝ «Ծառուկյան Դաշինք»-ն առաջին տեղում է: Շատերն են իրենց հույսը կապում այս քաղաքական ուժի հետ: Ստանալով մեծամասնություն՝ դաշինքը գալու է իշխանության, չնայած մոնստրին (ՀՀԿ) հաղթելն այդքան էլ հեշտ չի լինի: ՀՀԿ-ն այնքան էլ պարզ կառույց չէ, որ հեշտությամբ զիջի իշխանությունը»,-նշեց Արարատ Զուրաբյանը:

Նա նշեց նաև, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ.

«Եթե քաղաքական ուժը բացարձակ մեծամասնություն է կազմում ու ըստ Սահմանադրության՝ կարող է  ձևավորել կառավարություն, ապա կոալիցիայի հարցը երկրորդ պլան է անցնում, իսկ, եթե մի փոքր քիչ է ձայներ ստանում, ապա կոալիցիա է կազմում որևէ քաղաքական ուժի հետ: Դա հաստատ ԲՀԿ-ի դեպքում ՀՀԿ-ն չի լինելու, մնացած քաղաքական ուժերի հետ էլ կբանակցենք»,-նկատեց Արարատ Զուրաբյանը:

 Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին