▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի երաշխիք չկա, որ ընտրությունները գնդակահարությամբ չեն ավարտվի

«Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանը, «Ազատ դեմոկրատներ»-ից առաջադրված Ստյոպա Սաֆարյանն ու «Ելք»-ի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չցանկացան մեկնաբանել Արցախի հերոս, ռազմական, պետական և քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի ձերբակալությունը:

«Նախնական կարծիք չունեմ: Որպես իրավաբան ճիշտ չեմ համարում մեկնաբանել»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:

Ստյոպա Սաֆարյանն էլ, թե. «Ո՛չ փաստաբանը, ո՛չ էլ ինքը՝ Սամվել Բաբայանը, որևէ առանձնակի հայտարարությամբ հանդես չեն եկել: Ոչ կարող եմ հիմք ընդունել իր հերքումը, ոչ էլ կարող եմ չհավատալ տարածված տեղեկատվությանը, ուղղակի վերջին տարիներին ինձ զարմացնում է, որ քարոզարշավն ուղեկցվում է նման ձերբակալություններով:

Եթե ուզում ենք, որ ընդունեն նման հաղորդագրությունները որպես արժանահավատ, դրանք պետք է արվեն բարձր մակարդակով, որովհետև ոչ միայն ես, այլև հանրության մեջ շատ շատերը հակված չեն հավատալու դրան»:

«Ելք»-ի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ քանի դեռ հստակ տեղեկատվություն չկա, չի ուզում ոչինչ ասել, առավել ևս քաղաքականացնել այս ձերբակալությունը:

Ինչ վերաբերում է նախընտրական պայքարին, ապա «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանն այն խայտառակ որակեց.

«Սկզբում սկսեցին իրար վիրավորել,հետո անցան հրմշտոցի, դանակահարության: Ոչ մի երաշխիք չկա, որ ընտրությունները գնդակահարությամբ չեն ավարտվի: Ոմանք սահմաններն անցել են»,-նկատեց Գևորգ Պետրոսյանը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին