▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բառերով քողարկված խաղաղության քարոզի հիմքում պատերազմն է

«Այժմ  միայն ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն է իր պայքարի առանցքը դարձրել Արցախի հարցը: Բայց այն, ցավոք, բառերով քողարկված խաղաղության քարոզ է, որի հիմքում պատերազմն է: Այն, ինչ առաջարկվում է՝ բերելու է պատերազմի: 

ՀՅԴ-ն էլ եթե ասում է, թե Հայրենիքը չի կարող հանձնվել, պետք է խոսի նաև այն մասին, որ ընդունելի չէ ՀՀԿ-ի դիրքորոշումը, որն է՝ «Մադրիդյան սկզբունքները»»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Շարունակելով վերջինին՝ ՄԻՊ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նկատեց.

«Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը ցանկանում են ապացուցել, որ ճիշտ են եղել դեռևս 1990-ական թվականներին: 1992 թվականի մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում պարզ ասված էր.  «Մենք համաձայն ենք, որ ԼՂՀ-ն մնա Ադրբեջանի կազմում՝ ինքնորոշված ինչ-որ մի կարգավիճակով»: 

Տիկին Ալավերդյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում են նաև 2-րդ ու 3-րդ նախագահները:

Բանախոսներն անդրադարձան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ Արցախի հակամարտության հարցը լուծելու համար 3 մասից բաղկացած պլանի մասին հայտարարությանը.

«Մեր պահանջները նվազել են ու հիմա ասում են՝ տարածքներ խաղաղության դիմաց: Ասվում է՝ հանձնում ենք տարածքներ, 5+2՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, փախստականները վերադառնում են, որոշ ժամանակ անց՝ ազատ կամարտահայտություն և այլն: Սա փուլային տարբերակն է, որը մերժվել է, քանի որ այն կկայանար, եթե լիներ փոխադարձ վստահություն, իսկ հիմա հակառակն է: Մենք չունենք որևէ դեպք, երբ Ադրբեջանը կատարում է ստանձնած պարտավորությունները»,-նշեց Արա Պապյանը՝ հավելելով.

«Նույն Տեր-Պետրոսյանն ասում էր «Միացում-միացում», մենք դրա համար ենք նրա հետևից գնացել, ոչ թե նրա համար, որ գար իշխանության ու հետ կանգներ»:

Լարիսա Ալավերդյանն էլ նշեց.

«Ազատագրված տարածքները միջազգային իրավունքի տեսակետից երբևիցե  չեն պատկանել Ադրբեջանին: Դա եղել է օկուպացիա, պայմանավորվածություն»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին