▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացու պատասխանն այս ընտրություններին լինելու է քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների ստուգման արդյունքում

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ տեղի ունեցած քվեարկության ընթացքում ոչ մի առանձնահատուկ կամ անկանխատեսելի բան տեղի չի ունեցել. նույն պատկերն է ինչ նախորդ համապետական եւ տեղական ինքնակառավարման ընտրություններում:

Ոչ մի էական փոփոխութոյւն տեղի չի ունեցել նաեւ ընտրական վարչարարության մարմիների համակարգում: Հիմնականում նույն դերակատարները ինչ 2007-ին, 2008-ին, 2010-ին, 2012-ին, 2013-ին եւ 2015-ին: Ընտրական վարչարարության համակարգի վարքն այս ընտրություններում ոչ մի բանով անկանխատեսելի/անսպասելի չի եղել:

Իրավապահ համակարգը, որ ընտրական իրավունքի պաշտպանության հիմնական երաշխավորներից է, անցած տարիների ընթացքում չի գրանցել իր գործելաոճում որեւէ առաջընթաց՝ Սահմանադրությամբ իր ստանձնած պարտավորությունների կատարման առումով: Դրանց հակառակ գործելաոճն է, որ կարող էր լինել անկանխատեսելի եւ ցնցող:

Կարճ ասած՝ ոչ մի նորություն վերը շարադրվածի առումով այս ընտրություններում չի եղել (չեմ խոսում նախընտրական դեբատի բովանդակության մասին, այլ միայն ընտրության ընթացակարգային կողմի): Ապաեւ, այս՝ վերը նշվածի առումով պարանոիկ հիասթափությունը ուղղակիորեն թելադրված է այդ ամենից ազատված լինելու անհիմն պատրանքներին տրված լինելու անիմաստ լավատեսությամբ:

Երեկ տեղի ունեցած քվեարկության ընթացքում շատ այլ կարեւոր էլեմենտներ բաց եմ թողնում, որպեսզի դրանց առատությունը չշեղի ուշադրությունը հիմնականից:

Վերը նշվածը ոչ միայն անսպասելի չէր, այլ նաեւ առավեկ քան սպասելի: Եւ դրա հիմնական պատճառը այն մեկ ու եզակի տարբերությունն է, որ այս ընտրութունները եւ քվեարկությունը տարբերում են նախորդ 20 տարիների ընտրություններից:

Կարճ հիշեցնեմ: 2016թ.-ին ՀՀԿ-ն հայաստանյան եւ միջազգային հանրության առջեւ ստանձնել էր մի շարք պարտավորություններ, որոնք պետք է օրենքի ուժ ունենային ընտրությունների ընթացքում: Միակ եւ ամենակարեւոր պահանջը՝ հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները, ՀՀԿ-ն հրաժարվեց ստանձնել՝ այն սոփեստաբար հիմնավորելով, որ նման միջոցը հակոտնյա է Հայաստանի միջազգային պարտավորություններին:

Ընդամենը մի քանի ամիս անց, ՀՀԿ-ն հայտարարեց, որ ի վիճակի չէ իր ստանձնած պարտավորություններն ի կատար ածել՝ հիմնավորելով, որ տեխնիկական խոչընդոտներ են առաջացել նման պարտավորությունների կատարման համար, ինչի բերումով այն հայտնվեց միջազգային հանրության եւ հասարակության ճնշման ներքո՝ ի վերջո գնալով հայաստնյան ընտրական օրենսդրության մեջ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենառադիկալ փոփոխությանը՝ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակմանը:

Ահա սա է միայն այն մեկ ու եզակի տարբերությունը, որ այս ընտրությունները տարբեր է դարձնում մյուս բոլոր անցած համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից եւ հանրաքվեներից:

Վաղը՝ 04/04/2017թ.-ին, Երեւանի ժամանակով մինչեւ ժամը 12:00-ին ԿԸՀ-ն, ըստ Ընտրական օրենսգրքի, ԿԸՀ-ն պարտավոր է հրապարակել (Հայաստանյան ընտրական վարչարարության պատմության մեջ առաջին անգամ) ընտրություններին մասնակցած ընտրողների պաշտոնական ցուցակները: Ընդ որում, այդ ցուցակները պետք է հրապարակվեն ներբեռնելու և, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ՝ ԿԸՀ համացանցային կայքում:

Այստեղ է ահա ընտրակեղծարարության դեմ պայքարի հիմնական փուլը սկսվում: Սա է լինելու այն կետը, որից այն կողմ ՀՀԿ եւ դրան կից ԿԸՀ ընտրական աճպարարությունները կոնկրետ փաստաթղթային ձեւակերպում են ունենալու հենց իրենց իսկ ձեռքով:

Ասյ գործում շատ կարեւոր է լինելու յուրաքանչյուրիս մասնակցությունը՝ ստուգել մեզ հասանելի տվյալները ցուցակներում եւ այդ մասին տեղեկացնել դիտորդական կազմակերպություններին: Կրկնում եմ, սա է որ քվեարկությունից հետո լինելու է ամենաժողովրդական գործընթացը՝ ստուգել ինքդ քո եւ քո ճանաչած ցանկացած մյուսի մասնակցության փաստը այս քվեարկությանը:

ԿԸՀ-ն հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցել է՝ 1.567.971 ընտրող: Մինչեւ 04/04/2017թ.-ին, Երեւանի ժամանակով մինչեւ ժամը 12:00-ը (Երեւանի ժամանակով) այն պարտավոր է հրապարակել ընտրական վիճակագրության եւ փաստագրության այս ամենակարեւոր տեղեկության իրավական-փաստաթղթային հիմքը:

Հարգելի լրագրողներ, սա է այն հիմնական հարցը, որը արհեստավարժորեն հանրային ուշադրությունից դուրս է թողնվել ՀՀԿ-ԲՀԿ եւ ընտարական վարչարարության խմբավորումների կողմից: Ֆիքսվեք սրա վրա եւ պարզեք հենց այս պահին, թե ինչ փուլում է գտնվում ստորագրված ցուցակների սկանավորման գործընթացը, որն արդեն մի քանի ժամ է պետք է որ սկսված լինի:

Քաղաքական կուսակցությունները պետք է իրենց ջանքերի առավելագույնը ներդնեն այս հարցում դիտորդական կազմակերպություններին տեղեկատվությամբ եւ դրա ստուգմամբ օժանդակելով:

Նույնիսկ այն ուժերը, որոնք կողմնակից են եղել քվեարկության կամ ընտրությունների բոյկոտի պետք է որ շահագրգռված լինեն Հայաստանում ընտրություններին մասնկացության իրական պատկերը պարզելուն՝ հենց իրենց իսկ առաջադրած մոտեցման հիմնավորման համար:

ԵԼՔ-ը, որը շահագրգռված պետք է լինի իր մանդատները լեգիտիմորեն ընդունած լինելով, պետք է առավելագույն ջանքերը գործադրի դիտորդներին ամեն հնարավոր միջոցով օժանդակելով եւ տեղեկատվության տրամադրմամբ, որպեսզի փարատի բոլոր կասկածներն առ այն, որ այն ԱԺ չի մտել կեղծված ընտրությունների արդյունքում:

Բոլոր՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին եւ միջազգային դիտորդներին, որոնց ՀՀԿ-ն ամենահնարավոր երաշխիքներն էր տվել ընտություններում ընտրակեղծիքների բացառման եւ դրանց դեմ արդյունավետ պայքար մղելու, հիշեցրեք եւ պահանջեք, որպեսզի այս՝ եւ հայաստանյան եւ միջազգային հանրությանը խոստացված եւ օրենսդրորեն ստանձնված Հայաստանի իշխանության պարտավորությունն այն առանցքային դրույթն է, որի խախտման դեպքում Հայաստանի հանրությունը լիուլի իրավունք ունի այս քվեարկության արդյունքները միջազգային հանրության կողմից օրհնվելու դեպքում դրանց մեղադրի ընտրակեղծարարության հանցակցության մեջ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատասխանն այս ընտրություններին դեռ չի տրված: Դա լինելու է միայն քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների ստուգման արդյունքում:

Հիշեցնում եմ, ԿԸՀ-ն հրապարակել է 1.567.971 թիվը: ՀՀԿ-ն ամենաբարձր մակարդակով միջազգային եւ հայաստանյան հանրությանը խոստացել է հրապարակել այս մարդկանց անունները՝ ցուցակներով: Սպասում ենք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին