▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նանսենի` խաղաղության ուղերձով վահանակ ԱՄՆ-ում` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ

 

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը www.peaceofart.org շարունակում է իր ամենամյա ակցիան` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ- ի Մասաչուսեթս նահանգի 7 բանուկ մայրուղիների վրա մարտ և ապրիլ ամիսների ընթացքում բարձրացնելով էլեկտրոնային վահանակներ, կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը:

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանը ամփոփելով կազմակերպության այս տարվա գործունեությունը ասել է.

« «Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը 2017 թ-ի մարտ ամսից արդեն իսկ 7 վահանակներ է բարձրացրել Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, իսկ ապրիլին Վրենթհեմի քաղաքում բարձրացավ թվով 8-րդ էլեկտրոնային վահանակը` իրար հաջորդող 2 լուսային էկրաններով: Առաջինի վրա երևում են Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները, ովքեր Խոր Վիրաբից Մասիսի ուղղությամբ խաղաղության պատգամ են ուղարկում Թուրքիային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հարգելով հիշատակը Հոլոքոստի, ինչպես նաև բոլոր ցեղասպանությունների անմեղ նահատակների: Երկրորդ էկրանի վրա գրված է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի խաղաղության պատգամը.« Եթե ազգերը կարողանան լուծել իրենց միջև առկա տարաձայնությունները` նրանք հեշտությամբ կարող են հաստատել տևական խաղաղություն»: Նմանատիպ վահանակներ են բարձրացել նաև ԱՄՆ-ի Քենետիքեթ նահանգի Նյու Բրիթեն քաղաքում և Օհայոյի` Քլիվլենդ քաղաքում»:

2003 թ-ին Դանիել Վարուժան Հեճինյանը հիմնել է «Խաղաղությունն արվեստի» անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն` իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը՝ առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:
«Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը ձոնված է աշխարհի խաղաղության բոլոր պահապաններին և իրագործողներին, նաև նրանց, ովքեր ունեցել են քաջություն իրենց կյանքը վտանգելու մարդկության բարօրության համար։

Հեղինե Գևորգյան 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին