▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ ռազմավարական, դիվանագիտական խաղ է գնում, որի մեջ ներգրավված է Թուրքիան

«Սպասելի էր, որ Էրդողանը հաղթանակ է տանելու: Հնարավոր է՝ Թուրքիան մինչև 2029 թվականը ապրի Էրդողանի իշխանության ներքո: Եթե ըստ տարածաշրջանների վերլուծենք արդյունքները, ապա ակնհայտ է, որ խոշոր քաղաքները՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր, դեմ են քվեարկել այս փոփոխություններին: Էրդողանը հաղթանակ է տարել հիմնականում կենտրոնական շրջաններում, եթե Անկարան չհաշվենք: Ինչպես և սպասվում էր՝ դեմ են քվեարկել նաև քրդաբնակ շրջաններում: Ասել է,  թե Թուրքիայի բնակչության այն հատվածը, որը ավելի բարձր կրթական մակարդակ ունի, ապրում է զարգացած պայմաններում ըստ էության դեմ է եղել, կողմ քվեարկել են նրանք, որոնք հետ են մնացել ժամանակակից զարգացումներից, գործընթացներից»,-ամփոփելով ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա  խոսքով՝ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը հնարավորություն էր ստացել գործելու, գլխատված էր.

«Ղեկավարությունը բանտում է, բայց եթե այդպես չլիներ՝ համոզված եմ, որ ավելի շատ ձայներ կստանային «դեմ»-ի կողմնակիցները: Ինչ վերաբերում է սպասվող իրադարձություններին, կարծում եմ, որ առաջիկա 2 տարին լարված է լինելու Թուրքիայի համար՝ քաղաքական պայքարի առումով, քանի որ պետք է 6000-7000 օրենքներ փոփոխվեն կամ նորերն ընդունվեն, որպեսզի համապատասխանեցվեն հանրաքվեի ադյունքներին»,-ընդգծեց թուրքագետը:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատում է՝ ամենածայրահեղական պանթյուրքիստական «Ազգայնական շարժում» կուսակցությունը պաշտպանեց Էրդողանին:

«Եվ սա վկայում է, որ միանձնյա իշխանության հասնելու քաղաքականությունը հենվում  է թուրքական ամենածայրահեղ միտումների վրա:  Թուրքիան վերադարձավ Աթաթուրքի ժամանակաշրջան: »,-նշեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին,  Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, նոր երևույթների սպասել իմաստ չունի: Կմնա այնպես, ինչպես կա:

Խոսելով Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ Հայաստանին, Ադրբեջանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ) սահմանակից շրջաններում ականազերծման աշխատանքերից՝ թուրքագետը նկատեց.

«Չեմ կարծում, որ սա ներկա պահին ստրատեգիական նշանակություն ունի: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եթե գնահատում ենք, պետք է լավ  հասկանանք Թուրքիա, Եվրոպա և Ռուսաստան հարաբերությունները: Եվրոպան 19-րդ դարից սկսած՝ Թուրքիային որպես հակակշիռ է օգտագործում ՌԴ-ի դեմ և դա կշարունակվի: Թուրքիան էլ հասկանալով ամեն ինչ՝ փորձում է իր օգուտը ստանալ: Մեծ ռազմավարական, դիվանագիտական խաղ է գնում, որի մեջ ներգրավված է Թուրքիան: Կարծում եմ, որ Թուրքիայի առաջին նպատակը Մերձավոր Արևելքում քրդական պետության առաջացման գործընթացի կասեցումն է»:

Հիշեցնենք, որ նախնական արդյունքներով ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կողմ է քվեարկել ընտրողների 51.41, դեմ՝ 48.59 տոկոսը: Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 85.3 տոկոս:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին