▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր խնդիրը ոչ թե ինչ-որ մեկի դեմ պայքարելն, այլ՝ հանրությանը մեր իրականացրած աշխատանքը ներկայացնելն է

Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) այս փուլում Տարոն Մարգարյան-Նիկոլ Փաշինյան բանավեճի սցենար չի քննարկում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է  ՀՀԿ խոսնակ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով «Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյանի առաջարկին՝ բանավեճ կազմակերպել Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի և «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի միջև։ «Մեր խնդիրն ինքնանպատակ բանավեճերը չեն, մեր խնդիրը մեր քաղաքացիներին, մեր մայրաքաղաքի բնակիչներին, ուղիղ շփումների միջոցով, մեր իրականացրած աշխատանքները և ծրագրերը ներկայացնելն է։ Ընթացքում եթե շտաբը կորոշի, որ նման քարոզչական հնարքի կարիք կա, միգուցե կատարենք, բայց այս փուլում մենք նման սցենար չենք քննարկում», - ասել է Շարմազանովը։ ՀՀԿ շտաբի ղեկավարը նշել է, որ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ ավագանու թեկնածուներն ապրիլի 21-ին, օրենքով սահմանված կարգով, կսկսեն քարոզչությունը։ «Մենք, որպես նախընտրական շտաբ, ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու յուրաքանչյուր վարչական շրջանում, յուրաքանչյուր բակում ժողովրդի հետ կոնկրետ ուղիղ հանդիպումների պրակտիկային, որը մենք կիրառել ենք 2013 թվականի ավագանու ընտրությունների ժամանակ։ Կլինեն բանավեճեր, թե՝ չեն լինի, դա մենք ենք մեր օրակարգը թելադրում։ Մինչև ժամը 18։00 Տարոն Մարգարյանը քաղաքապետ է և աշխատում է որպես քաղաքապետ, իսկ ժամը 6-ից հետո, ինքն արդեն, որպես քաղաքապետի թեկնածու, պետք է շրջի վարչական շրջաններով և ոչ թե մեկ, այլ մի քանի հանդիպումներ ունենա», - ասել է Շարմազանովը՝ հավելելով. - «Մենք որևէ մեկին ո՛չ ձեռնոց ենք նետում, ո՛չ էլ որևէ մեկի ձեռնոցն ենք սպասում, որ իրենք մեզ նետեն, որովհետև մեր խնդիրը ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի կամ նորաստեղծ դաշինքի դեմ պայքարելն է, այլ ներկայացնել հանրությանը մեր իրականացրած աշխատանքը, և նաև այդ իրականացրած աշխատանքի հիման վրա ներկայացնել սպասված ծրագիրը, որը, համոզված եմ, Տարոն Մարգարյանի ընտրության դեպքում շարունակական կլինի»։ «Մենք նախաձեռնող քաղաքականություն և քարոզչություն ենք իրականացնում, չենք սպասում, որ այս կամ այն քաղաքական ուժը պարտադրի կամ ուղղորդի մեզ մեր քարոզչությունը», - եզրափակել է Շարմազանովը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին