▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները. Նալբանդյան

«Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Արևելյան գործընկերության նպատակներին և իր նպաստը բերել այդ բազմակողմ ձևաչափում իրականացվող համատեղ ջանքերին»,-այսօր Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստի ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ պատվիրակությունը գլխավորող արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։

ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանգամանալից քննարկում է ծավալվել Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ քաղաքական երկխոսություն, առևտրի և ոլորտային համագործակցություն, մարդու իրավունքներ, շարժունակություն, բարեփոխումների գործընթաց: Խորհրդի նիստին մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության 2017-2020թթ. առաջնահերթությունների շուրջ։

Ընդգծելով ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և մարտին Երևանում դրա նախաստորագրումը՝ հույս է հայտնվել, որ Համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում:

Նախարարի պաշտոնակատար Նալբանդյանն անդրադարձել է նաև 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանց աննախադեպ մեծ թվով միջազգային դիտորդներ էին հետևում, ովքեր հայտարարեցին, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, հիմնարար ազատությունները պաշտպանվել են, և արդյունքներն արտահայտել են բնակչության կամքը: 

Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր, այդ թվում անդրադարձ կատարելով Իրանին, Թուրքիային, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի կնքումից ի վեր: Նախարարի պաշտոնակատարը շեշտել է նաև, որ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումները Արցախի բնակչությանը ահաբեկելու նպատակ էին հետապնդում:

Բարձր ներկայացուցիչ Մոգերինին հայտնել է, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում, և Եվրոպական միությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Կարևորելով Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը այլընտրանքի բացակայության վերաբերյալ, նախարարի պաշտոնակատար Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, թեև դրանց կարևորությունը շարունակաբար ընդգծվում է, ներառյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին