▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կսրվեն Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան ուղևորությունն է սկսել: Առաջինը մեկնել է Սաուդյան Արաբիա:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ դեպի Մերձավոր Արևելք ուղղությունն էր շատ կարևոր, քանի որ սրանով Թրամփը խախտում է ավանդույթը, որը կար դեռևս Ռոնալդ Ռեյգանից սկսած:

«ԱՄՆ նախագահները հիմնականում այցելել են հարևան երկրներ՝ Մեքսիկա կամ Կանադա: Այս դեպքում տեսնում ենք Մերձավոր Արևելք: Սրան հետաքրքրիր գաղափարական հիմնավորում կա. հանդուրժողականության շրջագայություն կամ երթուղի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Պետրոսյանը՝ հավելելով.

«Սաուդիան Արաբիայում  տեղի ունեցավ նաև գագաթնաժողով, որին մասնակցում էին 55 արաբական և մուսուլմանական երկրների առաջնորդներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Արդյունքում հռչակվեց ռազմավարական ծրագիր, որը ստացավ «Մերձավորարևելյան ռազմավարական դաշինք» անվանումը: Այն, ըստ էության, նպատակ է հետապնդում մուսուլմանական երկրներին միավորել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ընդդեմ ահաբեկչական սպառնալիքի: Ի դեպ, Թրամփի կողմից որպես թիրախ նշվեց Իրանն ու տարածաշրջանային դաշնակիցները՝ լիբանանյան «Հզբոլլահ»-ն ու պաղեստինյան ՀԱՄՄԱՍ»-ը: Այսինքն՝ մեսսիջ կար նաև ուղղված Իսրայելին: Տեղի ունեցավ նաև 350 միլիարդ դոլարի գործարք, որից 110 միլիարդը ռազմական ոլորտին է ուղղված: Սա նշանակում է, որ Սաուդյան Արաբիային մինչև ատամները զինում են, իսկ այդ սպառազինությունը 2 հիմնական ուղղություն ունի.կամ Իսրայելի, կամ՝ Իրանի դեմ: Այս այցին Թրամփը որպես բիզնեսմեն է մոտենում, քանի որ նման մասշտաբի գործարք, այն էլ նախագահի առաջին այցի ժամանակ, չի եղել»,-ընդգծեց արաբագետը:

Այս գագաթնաժողովին մասնակցել է նաև Ալիևը, ինչը արաբագետի խոսքով, նշանակում է, որ հերթական անգամ բևեռացվում են Իրան-Ադրբեջան հարաբերությունները, դրանք կսրվեն:

«Մյուս կարևոր իրողությունը Թուրքիայի մեկուսացումն է, որովհետև սուննիական աշխարհում ԱՄՆ հիմնական գործընկերը Սաուդյան Արաբիան է: Նշեմ, որ այս գագաթնաժողովին Թուրքիան ընդամենը ԱԳ նախարարի մակարդակով է մասնակցել և ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև առկա լուրջ տարաձայնությունների համատեքստում հնարավոր է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններն ավելի մերձենան»,-նկատեց Արմեն Պետրոսյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին