▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր երկրներին է ձեռնտու «Իսլամական պետության» գոյությունը

Անցած շաբաթ՝ մայիսի 22­-ի երեկոյան, «Մանչեսթր Արենա» մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո կատարվեց ահաբեկչություն, որի հետևանքով զոհվեց 22 մարդ, տուժեց շուրջ 120 հոգի, նրանցից 59-­ը տեղափոխվեցին բուժհիմնարկներ: Ահաբեկչության պատասխանատվությունն էլ ստանձնեց «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

«Այս ահաբեկչական գործողությունն իրականացավ բրիտանական հատուկ ծառայությունների թերացման պատճառով: 2 ամիս առաջ էլ Լոնդոնում էր ահաբեկչություն կատարվել, իսկ իշխանությունը զբաղված է ներքին խնդիրներով: Հունիսին խորհրդարանական ընտրություններ են սպասվում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նկատենք, որ Մանչեսթրի ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա տղամարդու՝ ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով, իսկ ընդհանուր առմամբ ոստիկանությունն այս գործով արդեն ձերբակալել է 16 մարդու: Ներկա պահին կալանավորված է 14 կասկածյալ:

«Որքան «Իսլամական պետության» դեմ պայքարի օղակը սեղմվի Մերձավոր Արևելքում, այնքան կմեծանան կառույցի պատասխան գործողությունները արևմտյան երկրներում»,-նշեց արաբագետ՝ շեշտելով, որ քաղաքական որոշում կա՝ մինչև վերջ տանել ԻՊ-ի դեմ պայքարը:

«Կառույցն ամբողջովին վերացնել չի հաջողվի, բայց չի լինի այնպիսին, ինչպիսին կա: Կանցնի դասական ահաբեկչական կառույցների գործելաոճին»,-ընդգծեց արաբագետը:

Իսկ, թե ո՞ր երկրներին է ձեռնտու այս կառույցի գոյությունը, Արմեն Պետրոսյանը նկատեց.

«Անգամ Սիրիային է ձեռնտու: ԻՊ-ի գոյությունն ու սպառնալիքն ամբողջ աշխարհին լուրջ փաստարկ էր Ասադի համար: Նա հիմնավորում էր, որ իր վարչակարգի գործողությունները  հակաահաբեկչական են: Այսինքն, Սիրիայում ոչ թե ներքաղաքացիական պատերազմ, այլ հակաահաբեկչական պայքար էր: Ձեռնտու էր Թուրքիային, որովհետև նրան անհրաժեշտ էր թուլացնել քրդերի դիրքերը: Տևական ժամանակ է՝ տեսնում ենք Թուրքիա-ԻՊ անուղղակի համագործակցությունը: ԱՄՆ-ին էր անհրաժեշտ, որպեսզի ռազմական գործողություններ իրականացներ Մերձավոր Արևելքում: Հակաահաբեկչական պայքարի քողի ներքո ներսիրիական գործընթացում ներգրավվեց նաև Ռուսաստանը»:

Անի Կարապետյան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին