▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հե՜յ, մենք ասելիք ունենք.Դերսիմի հայերը խախտում են լռությունը

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Նեզահաթ Գյունդողանի և նրա կնոջ՝ պրոդյուսեր Քազըմ Գյունդողանի «Վանքի երեխաները» փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմի երևանյան ցուցադրությանն իրենց աջակցությունն ու մասնակցությունն էին ցուցաբերել պատգամավոր Արագած Ախոյանը և Արեւմտահայերի ազգային կոնգրեսը: Մեկ ժամ տևողությամբ ֆիլմը պատմում է Դերսիմի 1937-38թթ.ցեղասպանության մասին, որի հետևանքով մարդիկ ապրելու այլ տարբերակ չեն ունեցել, քան իսլամացումը:

Տարբեր ճանապարհներով փրկված և քրդերի ու թուրքերի մեջ մեծացած հայ երեխաները, ովքեր այժմ ծեր են, տարիների հեռվից պատմում են այն դաժանությունների մասին, որոնք իրականացվել են իրենց և իրենց նախնիների նկատմամբ: Նրանք հիշում են, թե ինչպես են տղամարդկանց տարել ու առանձին կոտորել, հետո ինչպես են բոլորին գետը գցել:

Դառը հուշերից բացի դժոխային է եղել հենց իրենց՝ ականատեսների կյանքը: Նրանք հայտնվել են քրդերի, ալևիների տներում.... Երկար ժամանակ լռել ու չեն բարձրաձայնել իրենց հայ լինելը, իսկ այսօր խախտում են լռությունը:

Հերոսներից մեկը պատմում է, թե ինչպես են կոտորել իր հոր ընտանիքին հենց իր աչքի առջև, իսկ եղբայրներից մեկին քարերով սպանելու պատկերը մինչ մահը հետապնդել է նրան:

«100 տարի թուրք հասարակությունը խեղաթյուրված պատմությամբ է առաջ շարժվել և իրականությունը ներկայացնելու ամենակարճ միջոցը մշակույթն է»,-ասաց Արագած Ախոյանը:

Ցուցադրությանը ներկա էր նաև «Անատոլու կուլտուր» հիմնադրամի նախագահ Օսման Կավալան, որի հետ «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի և Արևմտահայերի ազգային կոնգրեսի մշակույթի հանձնաժողովի նախագահ Արագած Ախոյանը հուշագիր ստորագրեց:

«Նման միջոցառումները շատ կարևոր են, մշակույթը կկապի մարդկանց: Մեզ համար շատ ուրախալի էր, որ անցած տարի Անին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Սրա առիթով շնորհավորում եմ հայ ժողովրդին, քանի որ հայ ճարտարապետների գլուխգործոց հանդիսացող գոհարներն ավելի ճանաչելի կդառնան»,-նշեց  Օսման Կավալան:

«Երկար ժամանակ հայ ժողովրդի առջև լռելիության ու անհուսության պատն էր, որը հետո դարձավ ստախոսության, խեղաթյուրության պատ, իսկ այսօր որոշ աղյուսներ լեզուն են առել ու գոչում են՝ «Հե՜յ, մենք ասելիք ունենք»,-նկատեց Ստամբուլահայ լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը:

Անի Կարապետյան

Ստորև՝ հատված «Վանքի երեխաները» փաստավավերագրական ֆիլմից.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին