▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան»-ը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին, քանի որ պատրաստվում է նոր կառավարության ձևավորմանը

Ամենայն հավանականությամբ հունիսի 19-ին խորհրդարանը կքննարկի նոր կառավարության նոր ծրագիրը: Այս կառավարությունը նոր է այնքանով, որ դրա կազմում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին փոխարինել է Դավիթ Հարությունյանը: Թե ինչ փոփոխություններ կլինեն ծրագրում` դժվար է ասել, որովհետև ծրագիրը ընդգրկվել է ԱԺ օրակարգ, բայց տեքստը չկա: Կարելի է ենթադրել, որ ծրագիրն էլ նույնքան նոր կլինի, որքան դրա կազմը:

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, առանց մեծ դժվարության, կանցկացնի կառավարության ծրագիրը, և զուտ տեխնիկական իմաստով որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, թե ինչպես կքվեարկեն ԲՀԿ-ն կամ ԵԼՔ-ը: Բայց ԲՀԿ-ի քվեարկությունը և ծրագրի նկատմամաբ դրսևորած պահվածքը կարևոր է ապագա իշխանության կառուցվածքը հասկանալու համար: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ըստ էության բացահայտել է, որ իրենք դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին, և մինչև հաջորդ տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածում հանդես են գալու ընդդիմադիր դիրքերից:

«Այս տարի նախատեսված է շուրջ 850 միլիոնի ներդրում, 3 տարվա ընթացքում՝ 3,2 միլիարդ: Պաշտոնական տվյալները նայեցի, արտահոսքի և ներհոսքի տարբերությունը կազմում է 40 միլիոն դոլար: Նշանակում է՝ ներդրումների ներգրավման մեխանիզմները թույլ են»,- ասել է Մելքումյանը՝ հավելելով, որ այս տարի անկում կա շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում, որոնք մեր տնտեսության լոկոմոտիվներ են: Ըստ էության՝ Մելքումյանն ասել է, որ Կարեն Կարապետյանը և նրա ղեկավարած կառավարությունը չեն կատարում իրենց խոստումը. ապահովել ներդրումային միջավայր և միլիարդանոց ներդրումներ: Ավելին՝ երկրից կապիտալի արտահոսքը ավելի մեծ է, քան օտարերկրյա ներդրումները, ինչը նշանակում է, որ մեր գործարարներն են իրենց գումարները դուրս տանում, ուր մնաց, որ օտարերկրացիները մեր երկրում ներդրում անեն: Եթե դրան էլ գումարենք շինարարության և գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող անկումը, ապա կարելի է ասել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունից գոհ լինելու որևէ առիթ ԲՀԿ-ն չի կարող ունենալ:

ԲՀԿ-ի ու ԲՀԿ-ականների այսօրվա դժգոհությունը գործող կառավարությունից և նրանց դեմ քվեարկությունը կօգնի նրանց հիմնավորելու նրանց ներկայությունը ապագա կառավարությունում: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցրել է ԲՀԿ-ի մասնակցության չափաբաժինը ապագա կառավարությունում, և Ծառուկյանը բավարարված է իրենց հասանելիքով: 2018թ. ապրիլի 9-ից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հինգ տարին, և նոր կառավարություն ձևավորելու շուրջ բանակցություններ սկսվեն, ապա Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն կլինի դրա կազմում, մանավանդ, որ նոր կառավարությունը կստանա Ազգային համաձայնության կամ դրա նման մի անուն: Սերժ Սարգսյանն իր կողմից ղեկավարվելիք կառավարության շուրջ բանակցությունները ավարտել է գրեթե մեկ տարի առաջ՝ թույլ չտալով, չցանկանալով դրանք թողնել այն ժամանակվան, երբ ինքը ֆորմալ առումով որևէ իշխանություն չի ունենա:

Նոր կառավարությանը ձևավորմանը մասնակցելու պաշտոնական առաջարկ ստանալուց հետո Ծառուկյանը կհայտարարի, որ իրենք դժգոհ են եղել նախորդ կառավարության գործունեությունից, քանի որ նախորդ կառավարությունը չի իրականացրել իրենց ներկայացրած 15 կետանոց ծրագրի և ոչ մի կետ: Մինչդեռ մասնակցելով նոր կառավարության ձևավորմանը, իրենք հնարավորություն կստանան կառավարության ծրագրում ներառել այդ 15 կետերից եթե ոչ բոլորը, ապա դրանից ամենաառաջնայինները, որոնք կօգնեն երկիրը դուրս բերել այս վիճակից: Գագիկ Ծառուկյանը կհայտարարի, որ իրենց կառավարության և իշխանության մեջ լինելը կնպաստի, որ իր գործընկերները Հայաստանում ներդրումներ անեն՝ անպայման ակնարկելով Կարեն Կարապետյանի տված և չիրագործած ներդրումների մասին:

Հայաստանի պայծառ ապագային շատ քիչ ժամանակ է մնացել, ընդամենը 10 ամիս: Դրանից հետո կսկսվի երկրի փրկության և զարթոնքի ժամանակաշրջանը: Այնպես որ՝ զինվենք համբերությամբ և ամենակարևորը՝ երևակայության անսպառ պաշարով:

Սուրեն Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին