▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի արտգործնախարարը հերթական երևակայական հայտարարությունն է արել

Շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի շուրջ քննարկումները: Այդ մասին Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միքսերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով.

«Դրա վրա աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում կայացած համատեղ հանդիպման ընթացքում: Եվ այդ փաստաթուղթն այժմ հիմնականն է մնում բանակցությունների սեղանին»:

Քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ սա Ադրբեջանի հերթական հայտարարությունն է:

«Նրանք չեն կարող ոչինչ չզիջել: Այսօր Ադրբեջանի առաջարկն ավելի քիչ է, քան կար նախկինում: Ասում է՝ ինքնավարություն Ադրբեջանի կազմում՝ ԼՂԻՄ-ի սահմաններում: Սա նշանակում է՝ լինել Բաքվի ենթակայության ներքո: Սա ո՞նց եք պատկերացնում: Այն էլ այդքան արյունից հետո: Ադրբեջանում անասելի է հայերի նկատմամբ ատելության մակարդակը: Նկատեցի՞ք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ գերիների փոխանակում չեղավ, նրանց սպանում էին, իսկ հանձնված դիակները հոշոտված ու պղծված էին: Դա ատելության ցուցանիշ է: Օրինակ՝ մեզ մոտ իշխանությունը երբեք Ադրբեջանի նկատմամբ ատելություն չի քարոզում, բայց իրենց մոտ հակառակն է»:

Նշենք, որ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը՝ այն երևակայություն որակեց. «Մոսկվայում ԱԳ նախարարները որեւէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն վարել: Մամուլի հաղորդագրության տեքստը համաձայնեցվել է եռանախագահների հետ, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է իր վարկածը՝ չգրելով այն մասին, որ նախարարները կարեւորել են Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը»,-մանրամասնեց նախարարը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին