▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեմոկրատ ավելի քան 190 օրենսդիրներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ Դոնալդ Թրամփի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ այս շաբաթ մեկ այլ դատական հայց է ներկայացվել:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատ ավելի քան 190 օրենսդիրներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի։

Օրենսդիրները մեղադրում են Թրամփին Միացյալ Նահանգների Սահմանադրության դրույթները խախտելու, մասնավորապես՝ իրեն պատկանող ընկերությունների միջոցով արտասահմանյան կազմակերպություններից վճարումներ ստանալու մեջ: ԱՄՆ-ի սահմանադրությունը խստորեն արգելում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց որևէ օտար երկրից նվիրատվություն, կամ վճարում ընդունել, եթե այն նախապես չի հաստատվել Կոնգրեսի կողմից:

Նախագահ ընտրվելուց հետո սա Թրամփին պատկանող ընկերություններին, և նրա բիզնես շահերին առնչվող երկրորդ դատական հայցն է: Թրամփի դեմ առաջին դատական հայցը ներկայացվել էր Կոլումբիայի շրջանի և մերձակա Մերիլենդի նահանգի գլխավոր դատախազի կողմից անցած երկուշաբթի օրը: Դոնալդ Թրամփը մասնավորապես մեղադրվում է նախագահի պաշտոնը չարաշահելու և այն սեփական բիզնես նպատակներին ծառայեցնելու մեջ:

«Մենք տեղյակ ենք, որ Թրամփին հաճոյանալու համար օտարերկրյա պետությունները մեծ գումարներ են ծախսում նրան պատկանող Վաշինգտոնի՝ Trump International Hotel անվանումը կրող հյուրանոցում։ Օրինակ Սաուդյան Արաբիան, ունենալով կարևոր գործնական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, արդեն իսկ հարյուր հազարավոր դոլարներ է ծախսել Թրամփի Վաշինգոտնի հյուրանոցում: Եվ սա նախագահ Թրամփի հսկայական գլոբալ բիզնես կայսրության և ԱՄՆ-ի արտաքին ինչպես նաև պետական շահերի բախման մեկ օրինակ է», ասել է Վաշինգտոնի գլխավոր դատախազ Քարլ Ռասինը:

Նախքան Սպիտակ տուն տեղափոխվելը, պահպանելով իրեն պատկանող ընկերությունների սեփականությունը՝ շահերի բախումից խուսափելու համար, Թրամփը դրանք հանձնեց իր երկու որդիներին՝ Դոնալդ կրտսերին եւ Էրիկին:

Մյուս դատական հայցը Թրամփի դեմ ներկայացվել էր քաղաքական էթիկայի ուղվածության հասարակական կազմակերպության, ինչպես նաև՝մի խումբ ռեստորանների և հյուրանոցների սեփականատատերի կողմից, ովքեր պնդում են, որ Թրամփի նախագահի կարգավիճակն անբարենպաստ մրցակցային պայմաններ է ստեղծում՝ իրենց դուրս մղելով շուկայից:

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին