▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Սարգսյանին գոհացնելու համար Լեոնիդին զինաթափեցին.Ազգալդյանի զինակից ընկերները հիշում են

Վաղը՝ հունիսի 21-ին կլրանա Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մահվան 25-րդ տարին: Ցավոք, նա դեռևս ազգային հերոս չէ, չունի թանգարան, ձգձգվում է նաև նրա անունով Լենինգրադյան փողոցն անվանակոչելու որոշումը:

Զինակից ընկերներից Սարգիս Հացպանյանի փոխանցմամբ՝  Լեոնիդ Ազգալդյանը չափից դուրս խիստ  կարգապահ է եղել: Նրա մոտ չկար գեթ մեկ զինվոր, ով մաքուր ու սափրված չլիներ:

«Ամեն օր լոգանք էին ընդունում, օրը երկու անգամ մաքրում ատամները: Նրանց զգեստները տարբերվում էին բոլորից: Նրա հետ առաջին իսկ հանդիպումից հետո(1990թ.գարնանը) հասկացա՝ եթե բանակ է պետք, ապա հենց այս հայորդուն կհաջողվի դա անել:

Նա այն ժամանակ այժմյան ոչ բարով ՀՀԿ-ի երբեմնի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ռազմական կառույցն էր ղեկավարում: Կոչվում էր «Անկախության բանակ»: Հետո որոշեցին ռազմական կառույց չպահել ու պայքարել միայն քաղաքական դաշտում: Ես ամոթով եմ հիշում, բայց պետք է ասեմ: ՀՀԿ-ն զինաթափեց Լեոնիդ Ազգալդյանին հենց Վարդենիսում: Ես ականատես եմ եղել ու մինչև հիմա չեմ պատկերացնում դա: Նրանք եկան զենքերն հավաքելու, որովհետև Վազգեն Սարգսյանը որոշել էր, որ ոչ ոք անկախ միավոր չի լինելու և պետք է ամբողջ զենքերը հանձնեն համակարգող ինչ-որ մի մարմնի: Ես զենքը տանող այդ մարդուն մինչև հիմա չեմ կարողանում ներել: Գյուղացիները անզեն, թշնամին հարձակման է պատրաստվում, իսկ ՀՀԿ-ն Լեոնիդից զենքերն է վերցնում: Վազգեն Սարգսյանին գոհացնող այդ քայլից շաբաթներ անց Ջավախքի մեր հայրենակիցներն ամեն ինչով օգնեցին մեզ: Եվ 1991 թվականի հունիսին հիմնադրվեց «Ազատագրական բանակ»-ը, որն ընդգրկում էր Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը: Դա շատ կարևոր էր, քանի որ ոչ ոք սփյուռքի դերը չէր կարևորել: Լեոնիդ Ազգալդյանը շատ հեռատես մարդ էր: Նա ասում էր՝ «Սա Հայաստանն է և վերջ: Ոչ ոք իրավունք չունի այն վաճառել, փոխանակել, հանձնել: Այս պատգամը մեր ազգի կարգախոսը պետք է դառնա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Սարգիս Հացպանյանը՝ շարունակելով.

«Տարբեր ռազմական ջոկատների հետ Լեոնիդի հանդիպումն եմ հիշում: Նրանց լսելուց հետո ասաց՝ երևի ֆիդայիզմի զոհ դառնանք, եթե չհասկանանք մեզ սպասող վտանգի լրջությունը ու չպատրաստվենք: Ու, երբ երիտասարդները գալիս ու ասում էին, թե մենք պատրաստ ենք մեռնել՝ քմծիծաղ էր տալիս՝ ասելով.«Տղա ջան, եթե մեռնելու ես պատրաստ, գնա ուրիշ տեղ: Մենք ուզում ենք ապրել ու ապրեցնել, եթե ուզում ես՝ միացի՛ր»: Նրա համար ամեն մի հայ շատ կարևոր էր և նորմալ է, որ նման մարդկանց չէին ներում: Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անունն էլ տվեցի: Նա անձամբ կանխարգելել է «Ազատագրական բանակ»-ի ամբողջ ռազմական մթերքը Երևանի Էրեբունի օդանավակայանից դեպի Շահումյան ու Մարտակերտ տեղափոխումը: Ու սա տեսնելով չէիր հասկանում՝ ներսի մարդկանց հետ պայքարես, թե՞ դրսի: Այսօր էլ նույն իրավիճակն է»:

Սարգիս Հացպանյանն ու Ազգալդյանի զինակից ընկերները գրեթե վստահ են՝ նա ընկել է դավադիր գնդակից:

«Հավատացած ենք, որ չի խոցվել թշնամու արձակած գնդակից, որովհետև Տոնաշեն գյուղը, որտեղ նա զոհվեց, զառիվերով մեկ մեքենա միայն կարող էր շարժվել: Ի դեպ, սպանությունից հետո ոչինչ չէին տարել՝ ո՛չ զենք, ո՛չ գումար: Մենք դեպքի վայրում գտել ենք 3 հայկական  «բուշլատ», ծխախոտ, ուտելիք, ու այս ամբողջը իշխանությունը ներկայացրեց որպես դիվերսիա: Մենք չենք հավատում սրան: Ցավոք, դեռ մեղավորներին չենք գտել»,-նկատեց Սարգիս Հացպանյանը:

Գագիկ Գինոսյանն էլ նշեց, որ միշտ փորձել է հասկանալ, թե ինչպե՞ս կարող էր Ազգալդյանը 27 բնակավայր ազատագրել:

«Հայոց բանակը, ցավոք, նրա ռազմավարությունը չի ընդօրինակել: Այդպես էլ նրա մեծությունն ու ռազմավարական տաղանդը չհասկացանք: Նա իր ընկերների հետ առաջինն էր, որ ժամանակակից հայկական զենքեր սկսեց ստեղծել»,-նշեց Գագիկ Գինոսյանը՝ շեշտելով.

«Բոլորիս բացթողումն է, որ անգամ նրա անվամբ դպրոց չկա: Վստահ եմ, որ դա Լեոնիդին պետք չէ, փոխարենը ապագա սերունդը կդաստիարակվի»:

Նշենք, որ հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947 - 1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։ Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին