▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կցանկանայի, որ դեսպանը ոչ թե սվիններով ընդուներ, այլ վերլուծեր իր օպոնենտների կարծիքները. Շարմազանով

 

«Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու վերջին հայտարարություններին:

«Ազատություն»․ - Հայաստանում Եվրամիության դեսպանն այսօր բավական սուր է հակադարձել Ձեր այն պնդումներին, որ դեսպանն իրավունք չունի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանի որ Հայաստանը սուվերեն երկիր է: Ավելին՝ դեսպանը հակադարձել է՝ ասելով, թե սուվերենության, ինքնիշխանության հետ կապված վտանգներ եք տեսնում, ապա այդ վտանգները դուք պետք է այլ տեղ փնտրեք: Ինչպե՞ս եք գնահատում դեսպանի այս հայտարարությունը և որտե՞ղ, ըստ դեսպանի, պետք է փնտրեք ինքնիշխանության վտանգները:

Շարմազանով․ - Նախ, կարծում եմ, Եվրամիության հարգարժան դեսպանը սվիններով ընդունելու փոխարեն իմ և իմ գործընկերների հայտարարությունները, ավելի արդարացի կլիներ, որ հարգեր մեր կարծիք արտահայտելու իրավունքը, որովհետև մարդու ազատ կամարտահայտությունը ժողովրդավարության հիմնարար ազատություններից մեկն է: Եվ երկրորդը, վերլուծեր գոնե մեր ասածները, այլ ոչ թե նեղանար: Քանի որ նեղացվածությունը դրանք քաղաքական կատեգորիաներ չեն, առավել ևս դրանք դիվանագիտական կատեգորիաներ չեն: Ինչ վերաբերում է անձամբ իմ գնահատականներին, որ ես հնչեցրել եմ և՛ «Ազատություն» ռադիոկայանի եթերում և Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո, ես մնում եմ իմ կարծիքին, որ ավելի արդարացի կլիներ, որ պարոն Սվիտալսկին ոչ թե ներքաղաքական կյանքի գնահատականներ հնչեցներ, այլ տեսներ նաև հիմնականում այն դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Հայաստանում՝ նաև Եվրամիության մեր գործընկերների օժանդակությամբ: Եվ կրկնում եմ՝ ոչ միայն ֆինանսական օժանդակությամբ: Որովհետև պարոն դեսպանը շատ է հղում անում ֆինանսական բաղադրիչին: Օժանդակությունը եղել է ոչ միայն ֆինանսական, որը մենք շատ դրական ենք գնահատում․․․ Եվ տեսնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքում այն դրական տեղաշարժը, որը եղել է: Ես մնում եմ իմ կարծիքին: Ես իմ կարծիքը արտահայտել եմ, երկրորդելու կարիք չեմ տեսնում: Պարզապես կխնդրեի և կցանկանայի, որպեսզի իմ հարգարժան գործընկերը, որը նաև պրոֆեսիոնալ և փորձառու դիվանագետ է, ոչ թե նեղսրտեր և սվիններով ընդուներ, այլ վերլուծեր իր օպոնենտների կարծիքները:

«Ազատություն»․ - Եվ նրա այդ դիտարկումը, որ ինքնիշխանությանը սպառնացող վտանգները այլ տեղ են թաքնված: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է ակնարկում դեսպանը:

Շարմազանով․ - Ես դեսպանի մտքերը կարդացող չեմ: Ես մի բան կարող են շեշտել, որ Հայաստանի քաղաքական ուժերը, և նախ և առաջ Հայաստանի իշխանությունը ամենալավ գիտակցում է որտեղ է ինքնիշխանության վտանգը, որտեղ կան խնդիրներ: Եվ մեզ համար անվտանգությունը առաջնային է, և պատահական չէ, որ մենք գնացինք այս ընտրություններին և հաջողության հասանք այս ընտրություններին «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով:

«Ազատություն»․ - Արդյո՞ք խոսքը այս դեպքում Հայաստանի ռազմավարական գործընկեր ու դաշնակից Ռուսաստանի մասին չէ:

Շարմազանով․ - Ես չեմ կարող ասել: Մի բան կարող եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, և մենք կարծում ենք, որ բոլոր ուղղություններով կա մեծ հնարավորություն զարգացնելու հայ-ռուսական համագործակցությունը և դաշնակցային հարաբերությունները, որոնք փոխշահավետ են և բխում են թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՚ Ռուսաստանի շահերից:

«Ազատություն»․ - Նկատի ունեմ՝ այդ առումով Դուք վտանգներ չեք տեսնում Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող:

Շարմազանով․ - Այնտեղ, որտեղ որ մենք վտանգներ տեսնում ենք, մենք առանց միջնորդությունների կարողանում ենք դա արտահայտել և ներկայացնել: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք շատ նորմալ կարողանում ենք պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետական շահը տարբեր դիվանագիտական միջոցառումներին:

«Ազատություն»․ - Դուք նշեցին, որ Ձեր խոսքից հետ չեք կանգնում․․․

Շարմազանով․ - Ներողություն, ես ուզում եմ սա ընդունեք ոչ թե կամակորություն, որ ասել եմ՝ հետ չեմ կանգնում: Իմ խոսքը կոնկրետ, Դավիթ Հարությունյանի խոսքը եղել է բավական հավասարակշռված գնահատական, հավասարակշռված խոսք, որը եղել է ի պատասխան, ըստ իս, պարոն դեսպանի ոչ հավասարակշռված գնահատականի: Հետ չեմ կանգնում, որովհետև գտնում եմ, որ էն, ինչ որ մենք ասել ենք, մենք ասել ենք ի պատասխան լրագրողների հարցի և ի պատասխան հարգարժան դեսպանի ոչ ամբողջական և ոչ արդարացի գնահատականի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին