▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրդական գործոնի աշխարհաքաղաքական շահարկումը

Իրաքյան Քուրդիստանը նախապատրաստում է ինքնավար կարգավիճակից անկախ պետության անցումը: Ընդհանրապես որեւէ զորակցական բացահայտ պաշտոնական կեցվածք չի երևացել որևէ պետության կողմից: Տարածաշրջանում նոր իրավիճակ չստեղծելու, վերապահության եւ ընթացակարգը չքաջալերող հայտարարություններ են ընդհանրապես գերտերությունների կողմից: Առավելագույն դեպքում` լուռ, զուսպ մնացողներ, անուղղակիորեն ձեռնպահ մնալով համաձայնություն հայտնելու մոտեցումներ մատնելով:

Հայտարարությունները սակայն կարող են իրողական դիրքորոշումների հետ կապ չունենալ: Իրաքյան Քուրդիստանը ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին ուղղություններով իբրեւ անկախ պետական միավոր էր աշխատում թե՜ Արեւմուտքի  եւ թե՜ տարածաշրջանի այլ պետությունների հետ անմիջականորեն կապեր հաստատելով եւ օրինչափորեն արտաքին քաղաքականություն վարելով:

Զինյալ ուժերով եւ ոստիկանությամբ կամ համապատասխան գերատեսչություններով Իրաքյան Քուրդիստանը պետական միավորի բոլոր գործառույթներն արդեն իրականացնում էր եւ իրողապես ապահովել էր անկախ կարգավիճակի բոլոր ստորոգելիները:

Զինյալ ուժերը ոչ միայն պաշտպանում էին իրենց տարածքի սահմանները, այլ նաեւ հիմնարար մասնակցություն էին բերում շրջանին սպառնացող ԻՊ-ի չեզոքացման պատերազմում:

Ահա այստեղ է փաստորեն կամ հատկապես Մուսուլի ազատագրության ռազմական գործընթացին առընթեր` որ իրաքյան Քուրդիստանը ինքնավարությունից անկախություն անցման միջազգային իրավաչափությամբ քայլ առնելու  է նախապատրաստվում: Ռազմաքաղաքական իրադարձությունները այս կետի վրա հիմնովին փոխկապակցված են:

Քրդական գործոնը լուրջ եւ ազդեցիկ կռվան է ԻՊ-ի դեմ սանձազերծված պատերազմում: Այս գործոնի խաղաթղթային եւ ճնշամիջոցային կարագիճակն է, որը բարձրացվում է: Միաժամանակ պետք է այնպես մտածել, որ անկախության հանրաքվե չի նշանակում անկախության ճանաչում կամ Քուրդիստանի իրավական ընկալումը միջազգային ընտանիքի կողմից:

Այստեղ սկսվում է երկարատեւ այլ գործընթաց: Իրողապես ոչինչ չի փոխվում ինքնավար Քուրդիստանով կառավարվող իրավիճակից, երբ հանրաքվեով իրաքյան քրդերը ինքնորոշվում են: Թե՜ ներքին եւ թե ՜ արտաքին ուղղություններով նույն գերատեսչությունները շարունակում են իրականացնել իրենց վերապահված գործառույթները:

Փոխվում է շահարկման մոտեցումների տարողությունը: Ամենից շատ մտահոգ երկրները այս կամ այն գերտերության մոտ աշխատանք պիտի տանեն, քաղաքական ուղերձներ հղեն, որ չճանաչեն իրաքյան Քուրդիստանի անկախությունը եւ շարունակեն իրենց հարաբերությունները Իրաքի տարածքային ամբողջականության մեջ գործող ինքնավար Քուրդիստանի հետ:

Չճանաչելու գինը թանկ պիտի գանձեն պետությունները, իսկ ճանաչումը իբրեւ շանտաժ պիտի շարունակի դամոկլյան սրի նման ճոճվել այս կամ այն տարածաշրջանային պետության գլխին. առաջին հերթին` Թուրքիայի:

Իսկ այս պարագայում տարբեր են պետությունների վերապահության, դիմադրության կամ անհանգստության տարողությունները:

Դամասկոսի իշխանությունները զգույշ են ու վերապահ, որովհետեւ գրեթե միեւնույն կարգավիճակի խնդիրն են դիմագրավում հյուսիսային Սիրիայում առայժմ իրողապես, ոչ պաշտոնական ինքնավար կարգերով կառավարվող սիրիական Քուրդիստանի առումով: Թեհրանը խանդավառ լինելու պատճառներ չունի, նկատի ունենալով Իրանի տարածքում ապրող քրդերի քաղաքական գործոնի վերածվելու հավանականությունը:

Ամենից անհանգիստն ու վրդովվածը հայտնաբար Անկարան է, որ տնտեսական խոր հարաբերություններ էր հաստատել ինքնավար Քուրդիստանի ղեկավարների հետ, եւ իրաքյան Քուրդիստանը դիտում էր տնտեսական գործոն ներքին քրդերին ճնշելու եւ Իրաքի քրդերի հետ տնտեսական գործարքներ իրականցնելու քաղաքականությունը:

Հիմա տվյալները փոխվում են եւ սպառնալիքի ուրվագծերը զգալի են դառնում Անկարայի համար: Ի վերջո, իրաքյան Քուրդիստանը քրդերի քաղաքական առաջադրանքի համար ստեղծվելիք Քուրդիստանի առաջին քայլն է: Իսկ Քուրդիստանը ինքնին Թուրքիայի մասնատումն է, որի համար բացահայտ ահազանգումներ կատարել էր Անկարային իր առաջին դեմքով, ամեն առիթով:

Աշխարհաքաղաքական հարթության վրա քրդերին տրված դերը շահարկման հզոր գործոն է. մի կողմից ԻՊ-ի առաջընթացները սահմանափակելու, մյուս կողմից խաղաթղթային ճնշամիջոցով կարմիր քարտեր ցույց տալու այս կամ այն պետությանը. եւ առաջին հերթին Թուրքիային:

Շահարկման այս խաղաթղթին է, որ նոր աստիճանաչափ է տրվում։ Այլապես ինքնավարությունից անկախացում անցումը հանրաքվեով չի իրականանում: Հիմա սկսում է շանտաժի նոր հանգրվանը. անկախ կարգավիճակը ճանաչելու- ճանաչնելու շահարկման երկարատեւ փուլը:

  ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին