▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պարտավորվել է առաջիկա տարիներին ազատականացնել երկրի էներգետիկ շուկան. Ռիչարդ Միլս

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի պատասխաններն Asekose.am-ի հարցերին: 

Պարոն դեսպան, Հայաստանի քաղաքական շրջանակներում ու հայկական մամուլում հետաքրքիր քննարկում էր ծավալվել ՀՀ էներգետիկայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի վերաբերյալ Ձեր հայտարարությունը, որն արել էիք մոտ մեկ ամիս առաջ: Հայաստանի իշխանությունից որևէ արձագանք կա՞  Ձեր այդ հայտարարությանը:

Զարմացած եմ, թե Հայաստանում ինչ մեծ ուշադրության արժանացավ 8 միլիարդ դոլարը: ՀՀ կառավարությունն անշուշտ արձագանքել է, քանի որ այդ թիվը հաշվարկված է հենց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից: Ուզում եմ, որ բոլորի համար հստակ լինի, թե այս թիվն ինչին է վերաբերում. խոսքը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում առկա ՆԵՐՈՒԺԻ մասին է: Հաջորդիվ եղել են հանդիպումներ վարչապետի և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ: Նախարար Մանուկյանը նաև ներկայացրել է հավելյալ ներդրումային ծրագրեր՝ դիմելով ԱՄՆ դեսպանությանը՝ այդ ներդրումային հնարավորությունների մասին ամերիկյան ընկերություններին ու ներդրողներին տեղեկացնելու հարցում աջակցելու խնդրանքով: Սա մեր շարունակական համագործակցությունն է, և մենք գոհ ենք դրա ընթացքից:

Հարգելի  պարոն դեսպան,  8 միլիարդ ԱՄՆ դոլարի հնարավոր ներդրումը ՀՀ էներգետիկ համակարգում, արդյո՞ ք  նշանակում է կամ առկա բոլոր ենթակառուցվածքների գնում եւ դրա հիմքի վրա նոր էներգետիկ համակարգի ձեւավորում, կամ էլ ՀՀ Կառավարության պարտավորություն` վերացնել օրենքներով եւ միջազգային պայմանագրերով ստեղծված մենաշնորհները բնական գազի եւ էլեկտրոէներգիայի բաշխման ոլորտում: 

8 միլիարդ դոլարը պարզապես վերաբերում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնարավոր ներդրումների չափին: Հայաստանը պարտավորվել է առաջիկա տարիներին ազատականացնել երկրի էներգետիկ շուկան՝ ընդլայնվող տարածաշրջանային էներգետիկ կապերի ընձեռած հնարավորություններից օգտվելու համար: ԱՄՆ ՄԶԳ-ը և ԱՄՆ դեսպանատունը ուրախ են աջակցել այս ջանքերին, որոնք կմեծացնեն էներգետիկ ոլորտի կենսունակությունն ու անկախությունը:

Պարոն դեսպան, որոշ վերլուծաբանների կարծիքով,  ԱՄՆ մասնավոր էներգետիկ ընկերությունների կողմից 8 միլիարդի ներդրումի պարագայում Հայաստանը կդառնա տարածաշրջանի էներգետիկ առաջատար`գերազանցելով Ադրբեջանի արդեն սպառվող նավթի եւ խնդրահարույց գազի պաշարների առկայությամբ: Նշվում է նաև, թե  այս հանգամանքը արդեն խնդիրը զուտ տնտեսականից տեղափոխում է անվտանգության ոլորտ, որտեղ Հայաստանը ամբողջովին կախված է Ռուսաստանից: «Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ առաջարկել է ետ գնել վաճառված ինքնիշխանությունը եւ Հայաստանը դարձնել ժամանակակից պետություն»,-ընդգծել է վերլուծաբաններից մեկը: Ամեն դեպքում՝   ճի՞շտ  են նրանք, ովքեր  քաղաքական ենթատեքստ  են փնտրում ու տեսնում զուտ տնտեսական առաջարկում: 

Անհնար է ամբողջովին իրարից զատել քաղաքականությունն ու տնտեսությունը, մասնավորապես այնպիսի կարևոր հարցի շուրջ, ինչպիսին է էներգետիկան: Այնուհանդերձ, պետք է հստակորեն նշել, որ ԱՄՆ-ի նպատակը, որը համընկնում է ՀՀ կառավարության նպատակի հետ, առավել ճկուն ու անկախ էներգետիկ ոլորտի ձևավորումն է: Ամերիկյան քաղաքականությունը նպատակաուղղված է տնտեսապես ամուր, առավել ժողովրդավար Հայաստանի կայացմանը, որը խաղաղ համագոյակցում է հարևանների հետ և կարող է ընտրել իր իսկ ճակատագիրը՝ հանուն մեր ժողովուրդների փոխադարձ շահերի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին