▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերին կրկին սպառնում է ցեղասպանությունը․նամակներ ԱՄՆ-ից, Եվրոպայից

ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի համար մինչ օրս անհասկանալի է՝ իշխանություններն ինչո՞ւ միջազգային ատյաններում չեն բարձրացնում փախստականների հարցը:

«Ասում են՝ երբ բարձրացնենք այդ հարցը, Ադրբեջանն էլ իրենց բնակելի վայրերը լքածների հարցը կբարձրացնի: Է՛, թող բարձրացնի: Հասարակական կազմակերպությունները, որոնց թվում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Աբխազիայի ներկայացուցիչները կային, դեռևս 1996-97 թվականներին ՄԱԿ-ի մի ծրագրով միասնական փաստաթուղթ են ստորագրել, համաձայն որի՝ պետք է հանձնաժողով լինի ու այդ հաշվարկն անի: Ի դեպ, խնդրի մասին չխոսելը ՀՀ կողմից չի կաշկանդում Ադրբեջանին, որն արդեն տարիներ շարունակ իր մոտ է հրավիրում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերով համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչներին: Երևի մի 10 անգամ Բաքվում նիստ են արել, ավելին, համանախագահները վերջերս ասացին, որ Ադրբեջանում հանդիպել են փախստականների հետ: Բա Հայաստանում ինչո՞ւ չեն հանդիպել․պարզ չէ՞, որ չենք բարձրացրել այդ հարցը: Ադրբեջանում փախստականների հարցով զբաղվում է վարչապետի առաջին տեղակալը, մեզ մոտ՝ ոչ ոք: Ֆիզուլիում, Աղդամում ու մի շարք այլ շրջաններում հայեր էին ապրում: Միջազգային հանրությունը մեր լուռ համաձայնության ներքո հերթական էթնիկական զտում է կատարում: Ադրբեջանը տարիներ շարունակ պարտավորված լիելով տեղավորել փախստականներին՝ չի անում, այստեղ էլ միջազգային հանրությունն իր հանդուրժողականությունն է ցույց տալիս: Գումարներ է տրամադրում, Ադրբեջանը չի անում իր պարտավորությունը։ Նրան պետք է դրա համար պատասխանատվության ենթարկեն: Ադրբեջանն իր քաղաքացիների հանդեպ հանցագործություն է գործում: Ինչպես մեզ մոտ 1100-ից ավել ընտանիքներ են վատ վիճակում, այնտեղ էլ նույն պատկերն է: Շահումյանի շրջանի անկումից հետո մենք ունեցել ենք 40-ին մոտ փախստականներ, ոմանք հետո Մարտակերտ վերադարձան, բայց դրա համար ժամանակակից Ադրբեջանը մի տեղ պատասխանատվության չի կանչվում: Դառնալու է 1915 թվականի Հայոց ցեղասպանության նման: 102 տարի անցել է, նոր իրավական փաթեթ են կազմում: Ի՞նչ է, ադրբեջանահայությունը չի՞ հայրենազրկվել: Գարդմանքի, Շահումյանի բնակիչները չե՞ն հայրենազրկվել: 400.000 հայերը ծառերի վրա էին, ոչ մի պահանջ չունե՞ն: Միջազգային հանրության առջև չի՞ կարելի խնդիրը դնել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նման հարց բարձրացրեց ՀՀ առաջին օմբուդսմենը։

Լարիսա Ալավերդյանը նկատում է՝ 1992թ.-ի հունիսի 13-ին շահումյանցիների համար ողբերգական օր էր։ Ադրբեջանցիները հայաթափեցին Շահումյանը, Գետաշենը` ոչնցացնելով հայկական գյուղերը: «Շահումյանցիների օրը ոչ ոք չհիշեց, մի «վայ» չարեցին: Միգրացիայի վարչության տվյալներով 1100-ից ավելի ընտանիքներ կան, որոնք գրանցվել են բնակարանային վիճակը լավացնելու համար, ինչը մինչև օրս չի արվել: Որևէ դրամ չի հատկացվել՝ փախստականների հարցերը լուծելու համար: Միջազգային հանրությունը վաղուց իր պարտավորությունները կատարած է համարում: 29 տարի հետո բա կարելի՞ է խոսել փախստականին միջազգային օգնություն հատկացնելու մասին»,-նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրենը։ Ինչ վերաբերում է Հայաստանում փախստականների թանգարան հիմնելու գաղափարին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դեմ է թանգարաններին, ինքն աշխատանքի կողմնակից է: «1000-ավոր մարդիկ, որոնք Ադրբեջանի կողմից ցեղասպանության են ենթարկվել ու վերապրել են, մեր կողքին են, մեր մեջ են ապրում: Ամոթ չի՞, բա երկիրը չճանաչի՞ այդ ընտանիքներին որպես զոհվածների ընտանիքների, ո՞նց կարելի է այդպես վերաբերվել: Դրա համար էլ այս օրին ենք: Հայաստանը 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրել է փաստաթուղթ, որով ճանաչում է Ադրբեջանի անքակտելությունն ու տարածքային ամբողջականությունը սովետական սահմաններում: Մի հատ վերապահում չի արվել: Դրանից հետո պատերազմ եղավ և այլն: Հայստանը երբեք չբարձրացրեց այն հարցը, որ հայությունը վտանգված է: Մենք ունենք բազում նամակներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, որ հայերին կրկին սպառնում է ցեղասպանությունը: Ոչինչ չենք ձեռնարկում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին