▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զույգի ամուր և փոխադարձ սերը՝ մեկ քանդակում

Այժմ մի փոքր դժվարությամբ, իսկ տարեվերջին արդեն հեշտությամբ՝(այս պահին վերանորոգվում է Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհը) հնարավորություն կունենանք այցելել Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տուն, որն ավելի հրապուրիչ ու հարմարավետ է դարձել ու շարունակում է դառնալ: Դսեղի կենտրոնական շրջանաձև այգուց մինչև թանգարան տանող ճանապարհին հնարավորություն կունենանք տեսնել Անուշին ու Սարոյին, Գիքորին, Խոսող ձկանը, Քաջ Նազարին, Սուտլիկ որսկանին, Շանն ու կատվին և թումանյանական շատ այլ հերոսների: Հեղինակները երիտասարդ քանդակագործներն են՝ ՀՀ գրեթե բոլոր մարզերից:

Սիրահար զույգի՝ Անուշի ու Սարոյի ամուր և փոխադարձ սերը քանդակած երիտասարդն, օրինակ, աշխատանքը գրեթե ավարտել էր ու հետաքրքրվողներին դիմավորում էր «Անուշ» պոեմից հատված ներկայացնելով, որպեսզի բովանդակությունն ավելի լավ հասկանան:

Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի`

Երկընքի անհու՜ն, հեռու խորքերից,

Անմուրազ մեռած սիրահարների

Աստղերը թըռած իրար են գալիս,

Գալի՜ս` կարոտով մի հեզ համբուրվում

Աշխարհքից հեռու ՜ , լազուր կամարում:

17-ամյա Հովհաննես Բաղդասարյանն էլ հատված չէր ներկայացնում, բայց փորձում էր բացատրել, թե ինչո՞ւ է  կատուն հայտնվել շան գլխին:

-Այժմ էլ ով ինչ սխալ է անում, դա չի բացահայտվում, ու նա այդպես էլ շարունակում է: Նույնն էլ կատվի դեպքում է:

Ինքնատիպ էր 24 -ամյա Վահանյան Գևորգի աշխատանքը: Նա պատկերել էր Սուտլիկ որսկանին:

 

-Սուտլիկ որսկանին ես եմ ընտրել: Նա ընկած էր չափազանցությունների գիրկը, ահնարին ոչինչ նրա համար գոյություն չուներ, նույն էլ քանդակագործության մեջ է: Երևակայությամբ կարելի է ստեղծել ամեն ինչ,-Asekose.am-ի թղթակցի հետ զորւյցում նշեց Գևորգը:

Տպավորված կատարված աշխատանքներից՝ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նկատեց.

-Դեռևս անցած տարի հոկտեմբերին, երբ թումանյանական օրեր էինք նշում Դսեղում, թանգարանի ղեկավարության հետ զրույցներից պարզ դարձավ, որ լուրջ խնդիրներ ունենք՝ սանհանգույցի, ենթակառուցվածքների բացակայությունը հնարավորություն չի տալիս, որ այցելուներն ավելի երկար ժամանակ անցկացնեն այստեղ:

Հունվարին ամերիկահայ երաժիշտ և գործարար Աշոտ Տիգրանյանի հետ կնքեցինք համաձայնագիր ու սկսեցինք շինարարությունը(Աշոտ Տիգրանյանը 8 մլն դրամ է ներդրել սանհանգույցի և հանգստի գոտու շինարարության համար, որը կավարտվի սեպտեմբերի վերջին):

Զուգահեռ կազմակերպված քանդակների սիմպոզիումը, որին մասնակցում են երիտասարդները՝ ՀՀ գրեթե բոլոր մարզերից, քանդակում են թումանյանական հերոսներին, որոնք տեղադրվելու են Դսեղի կենտրոնական շրջանաձև այգուց մինչև թանգարան: Թումանյանական հերոսների են վերածվել նաև հատած ծառերի բները, ինչը զարմանալի մթնոլորտ է ստեղծել:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին