▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաբանների պալատի նախագահը խտրական վերաբերմունք է սերմանում. հայտարարություն աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Հայտարարություն փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հարցազրույցի վերաբերյալ

 

 Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ 13-07-2017 ամսաթվին «Նոյյան տապան» լրատվամիջոցների ընկերակցության կայքին տված հարցազրույցի և դրանում իրավաբանի գործունեությանը հակասող և խտրական արտահայտությունների հետ կապված (հարցազրույցը կարող եք կարդալ նյութի վերջում)։

Մասնավորապես, հարցազրույցում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է Ոսկե Ծիրան 14-րդ միջազգային կինոփառատոնի «Հայաստան. հայացք ներսից և դրսից» ծրագրի գրաքննությանը, որը պայմանավորված էր ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսեգնդեր) մարդկանց խնդիրներին առնչվող՝ «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» և «Ծիրանի այգիներ» երկու ֆիլմերի առկայությամբ։

Մենք հայտնում ենք մեր խիստ մտահոգությունն այսպիսի հրապարակային դիրքորոշման վերաբերյալ, առավել ևս, երբ այն դրսևորվել է անձի կողմից, որը ղեկավարում է ողջ հանրապետության մասշտաբով գործունեություն ծավալող փաստաբաններին արտոնագրող և նրանց գործունեության ընթացքում փաստաբանի վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, որն իրավամբ, պետք է առաջնորդի իրավունքի գերակայության համար մղվող պայքարը։

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունները հիմնված են նախապաշարումների վրա և խտրական վերաբերմունք են սերմանում ԼԳԲՏ անձանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ, ստորադասում և մերժում են ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության շահը հայաստանյան հասարակությունում:

ԼԳԲՏ անձանց կողմից բարձաձայնված խնդիրները լռեցնելուն և հակաօրինական քարոզ որակելուն ուղղված փորձերը ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և առհասարակ իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքներին և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքին:

Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների առկայության պայմաններում այսպիսի ձևակերպումները ամենավտանգավոր ազդեցությունը կարող են ունենալ ոչ միայն իրավապահ և այլ պետական մարմինների գործելաոճի, այլ նաև փաստաբանական համայնքի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներից տուժած անձանց պաշտպանության պատշաճության և արդյունավետության վրա:

Հորդորում ենք ՀՀ Փաստաբանների պալատին՝ ի դեմս Խորհրդի, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ քննելու փաստաբանի վարքագծի կանոնների խախտման դեպքը և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։

 
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

 

Այլասերվածների և այլասերվածության մասին ֆիլմերի ցուցադրումը նաև անչափահասների շրջանում արգելված է օրենքով 

 

 

 
«Ոսկե ծիրան- 2017» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում մեր մայրաքաղաքում, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, ինչպես արդեն հայտնի է, այսօր, ժամը 14:00-ին նախատեսվում էր ցուցադրել («Լսիր ինձ», ռեժիսոր` Գագիկ Ղազարէ) վավերագրական ֆիլմը: Նշված ֆիլմը, որը, ըստ էության, այլասերվածության, սոդոմական պղծությունների քարոզչություն է, պատրաստվել է Հայաստանում Արևմուտքի գրանտներով, փողերով գործող, լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվիստիտների (այսպես ասած, ԼԳԲՏ անձանց) իրավունքների պաշտպանությամբ և այլասերվածության քարոզչությամբ զբաղվող «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» («Փինկ Արմենիա») հասարակական կազմակերպության պատվերով: Ընդ որում, ֆիլմացանկում նշված ֆիլմի տակ գրված է 12+, այսինքն` այն կարող են դիտել նաև մինչև 18 տարեկան անձինք, անչափահասները: 
 
Հասարակական ճնշման ներքո «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործընկեր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, որին պատկանում է այն շենքը, որտեղ հիշյալ թատրոնն է գտնվում, կինոփառատոնի տնօրինությունից պահանջել է ցուցադրումից հանել ինչպես հիշյալ, այնպես էլ այլասերվածների կյանքի և այլասերվածության մասին պատմող «Ծիրանի այգիներ» «գեղարվեստական» ֆիլմը` հայ դերասանների մասնակցությամբ (ռեժիսոր` Փուրիա Հեյդարի): Անցյալ տարի ասպարեզ ելած և աշխարհի մի քանի երկրներում ցուցադրված վերոնշյալ ֆիլմը Իրանից Հայաստան եկած տրանսվիստիտի և հայաստանցի միասեռականի «սիրո» և ամուսնության պատմությունն է: Որպես այդպիսին, այն, ըստ էության, ուղղակիորեն թե անուղղակիորեն, այլասերվածության քարոզչություն է, քանի որ դրանով փորձ է արվում հասարակության, բոլոր բարոյական մարդկանց համար անընկալելի, անընդունելի, մերժելի այլասերվածությունը դարձնել սովորական, ընկալելի, ընդունելի:
Ըստ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության բացատրության, կինոփառատոնի տնօրինությունը նշված ֆիլմերի ցուցադրման համար պայմանավորվել էր վերջերս մահացած Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի հետ:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վերոնշյալ պահանջի արդյունքում կինոփառատոնի տնօրինությունը ցուցադրումից հանել է ոչ միայն հիշյալ ֆիլմերը, այլև «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագիրն ամբողջությամբ (39 ֆիլմ):
Չնայած վերը նշվածին, «Փինկ Արմենիա» ՀԿ-ն որոշել է, այնուամենայնիվ, հասնել «Լսիր ինձ» խայտառակ ֆիլմի ցուցադրմանը և այդ կապակցությամբ արդեն իսկ պայմանավորվել է «Մեդիա կենտրոն»-ի հետ, որպեսզի այսօր ժամը 19:00-ին նշված ֆիլմը ցուցադրվի այնտեղ, ապա ցուցադրմանը հաջորդի քննարկում: «Մեդիա կենտրոն»-ը համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»՝  «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ:
Քննարկման բանախոսներն են Գագիկ Ղազարէն («Լսիր ինձ» ֆիլմի ռեժիսոր), Հովհաննես Իշխանյանը («Փինք Արմենիա» ՀԿ-ի անդամ, «Լսիր ինձ» ֆիլմի սցենարիստ), Ռուբեն Բաբայանը (Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար), Զառա Հովհաննիսյանը (իրավապաշտպան):
«Փինկ Արմենիա»-ի կայքի տեղեկացմամբ, ««Լսիր ինձ» ֆիլմում ԼԳԲՏ համայնքի 10 ներկայացուցիչներ պատմում են իրենց մանկության, ինքնության, ինքնաճանաչման և ընտանիքի հետ հարաբերությունների մասին: Իրենց ձայնը լսելի դարձնելով հանրությանը՝ ֆիլմի իրական հերոսները փորձում են կոտրել հասարակության մեջ առկա կարծատիպերը ԼԳԲՏ անձանց մասին»:
Կարելի՞ է այլասերվածների և այլասերվածության վերաբերյալ ֆիլմերը ցուցադրել անչափահասներին: Հիմնականում այս թեմայի շուրջ է մեր հարցազրույցը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
 
- Արդյոք կարելի՞ է ԼԳԲՏ անձանց այլասերվածությունն ուղղակիորեն թե անուղղակիորեն քարոզող ֆիլմերը ցուցադրել անչափահասներին:
- «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը երեխա է համարում 18 տարին չլրացած ցանկացած անձի: Նույն օրենքով հստակ սահմանված է, որ պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից:
Ինչպես տեսնում ենք, օրենսդիրը շատ է կարևորել երեխաների մեջ բարձր բարոյական հատկանիշներ ներդնելու սկզբունքը: Տվյալ դեպքում, կարծում եմ, այդ սկզբունքը կխախտվի, եթե երեխաներին թույլ տրվի մասնակից լինել ԼԳԲՏ անձանց սեռական կյանքը քարոզող «արժեքներին»:
- Որպես իրավաբան, ի՞նչ եք խորհուրդ տալիս, ինչպե՞ս պաշտպանել երեխաներին իրենց բարոյական դաստիարակությանը վնասող տեղեկատվությունից:
- Կրկին հղում կանեմ «Երեխայի իրավունքների մասին» օրենքին, որի 18-րդ հոդվածը արգելում է երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:
- Ինչպե՞ս եք վերաբերվում ԼԳԲՏ անձանց քարոզին:
- Ինչպես ԼԳԲՏ անձանց, այնպես էլ ակտիվ ու տարաբնույթ սեռական կյանք վարող անձանց կողմից իրականացվող քարոզին բացասաբար եմ վերաբերվում: Իզուր չէ, որ մեր Սահմանադրությունն ընտանիքն է համարում հասարակության բնական և հիմնական բջիջ: Բնական, քանի որ տղամարդու և կնոջ մասնակցությամբ ընտանիքը կարող է մարդ տեսակի նոր ծնունդ ապահովել: Իսկ երկու տղամարդու կամ երկու կնոջ միությունն անբնական է, քանի որ ֆիզիոլոգիական հատկանիշներով նրանց ինքնին չի օժտում զավակ ունենալու հնարավորությամբ:
Եթե մարդը որոշել է հանդես գալ, որպես ԼԳԲՏ անձ, ապա դա իր ընտրությունն է, բայց եթե նա ակտիվ քարոզ է կատարում, որպեսզի այլ մարդիկ էլ դառնան իր նման, ապա դա թույլատրելի չէ: 
Ի վերջո, չմոռանանք նաև մեր քրիոստոնեական արժեքները, որոնք նույնպես մերժում են ԼԳԲՏ անձանց քարոզը: Ինչպես ասում են, համամարդկային բարձր գաղափարներին հասնելու համար քրիստոնեությունը ցույց է տալիս անձնական կատարելության ճանապարհը: Այդպիսի կատարելություն ձեռք բերելու համար մարդը պետք է անձնատիրությամբ և ինքնաքննությամբ կարողանա կազմել մի այնպիսի բարոյական ուժեղ բնավորություն, որի առաջ խոնարհվեն բոլոր եսական, նեղ կրքերը և հակումները: 
 
Հարցազրույցը`
Արթուր Հովհաննիսյանի
 
 Իրավունք
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին