▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ՄԻԵԴ դիմած քաղաքացիների հարաբերական թվով բացարձակ առաջատարն է ԵԽ 47 երկրների մեջ

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի անդամ 47 երկրների թվում բացարձակ առաջատարն է՝ 100.000 բնակչի թվով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող դիմումների քանակով:  

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում մանրամասն գրառում է կատարել հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը հրապարակել է ըստ պետությունների ներկայացված դիմումների, բողոքների վիճակագրությունը:

Ըստ այդմ, Հայաստանը ՄԻԵԿ մասնակից եւ Եվրոպայի Խորհրդի անդամ 47 պետությունների շարքում ըստ դրա դեմ ներկայացված բողոքների զբաղեցնում է 9 տեղը` ըստ այս պահի դրությամբ Հայաստանի դեմ ներկայացված եւ ՄԻԵԴ առջեւ լուծման սպասող բողոքների թվի՝ 1817 (01/07/2017թ.-ի դրությամբ):

Գրիգորյանը նշում է, որ այս թվի կապակցությամբ կա մի վերապահում. այս 1817 դիմումներից ոչ բոլորն են գեներացվել են Հայաստանի արդարադատության համակարգի «ջանքերով»: Այս դիմումներից մի պատկառելի մաս (մոտ 40%-ի չափով) Ադրբեջանից ստացված դիմումներն են (1992-1994թթ.-ի պատերազմից ադրբեջանցի փախստականների եւ 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ընթացքում գույքային վնասի վերաբերյալ ադրբեջանցի դիմողների բողոքները):

«Այնուամենայնիվ, այս թվերը ես չեմ առանձնացնի ընդհանուր պատկեր ստանալու համար, քանի որ ՄԻԵԿ 47 անդամ պետությունների շարքում առաջին տեղի համար Հայաստանի հետ «մրցակցող» պետություններից յուրաքանչյուրն ունի նման կոնֆլիկտային զոնաներից գեներացվող (կամ կոնկրետ մեկ տեսակի խնդրի վերաբերյալ կրկնվող հազարավոր դիմումներ: Օր.՝ Հունգարիան, Իտալիան, Ռումինիան) դիմումների խմբաքանակ, որոնք արդարադատության համակարգով չեն անցնում (կամ ֆիլտրվում): Այլ խոսքով, այդպիսի դիմումների առկայությունը միայն արդարադատության համակարգի դեֆեկտի վկայություն չէ, այլ առավելապես այլ (հիմնականում՝ կոնֆլիկտներին վերագրելի) գործոնների:

Այդուհանդերձ, ամենակոպիտ (Հայաստանի կառավարության օգտին նվազեցումներով) հաշվարկներով պատկերը հետեւյալն է: Հայաստանը բացարձակ առաջատար է ԵԽ 47 անդամ պետությունների շարքում 100.000 բնակչին ընկնող ՄԻԵԴ-ում քննության փուլում գտնվող դիմումների քանակով՝ մոտ 70 դիմում:
Երեկ ես այս վիճակագրությունը փորձեցի պարզեցնել բնակչություն/դիմումների քանակ հարաբերակցության, որպեսզի ընդհանուր պատկեր երեւելի լինի խճճված վիճակագրության մեջ (առավել եւս երբ խոսքը վերաբերում է դատական վիճակագրությանը): Կից քոմենթում կդնեմ այս աղյուսակը:

ՄԻԵԴ դիմում ներկայացնելը միայն օժանդակ եւ ոչ առաջնային պաշտպանություն է դիտվում մարդու համար: Այս ատյան դիմում են, որպես կանոն ներպետական միջոցների (առաջնայնորեն՝ դատարանների) սպառումից հետո: ՄԻԵԴ-ի նման միջազգային դատարանում, մարդն իր բողոքում վիճարկում է պետության ողջ համակարգի կողմից իր իրավունքի պաշտպանությունը չապահովելու կամ առհասարակ նման պաշտպանության հնարավորության բացակայության դեմ: Այսինքն, մարդու դիմումը ՄԻԵԴ, նախեւառաջ իր բողոքն է (դա դեռ դատարանը հետագայում կորոշի, թե՝ որքանով հիմնավոր) իրավունքի պաշտպանության ողջ համակարգի, բայց նախեւառաջ եւ գերակշռաբար, հենց դատական (կամ արդարադատության) համակարգի դեմ:

Այս վիճակագրությունը, նշված դիտանկյունից, ի թիվս բազում այլ եզրահանգումների, փաստում է նաեւ, որ մարդը՝ դիմումատուն, հայաստանյան արդարադատությանը վստահում է, օրինակ՝

մոտ 3,5 ԱՆԳԱՄ պակաս, քան ադրբեջանական արդարադատությանը (20 դիմում 100,000 բնակչին), կամ

մոտ 4,5 ԱՆԳԱՄ պակաս, քան թուրքական արդարադատությանը (16 դիմում 100,000 բնակչին), կամ

մոտ 4 ԱՆԳԱՄ պակաս, քան նախկին Հարավսլավիայից անկախացած եւ անարդյունավետ դատական համակարգի համբավն ունեցող Մակեդոնիայի արդարադատության համակարգից (17 դիմում 100,000 բնակչին), կամ

մոտ 4 ԱՆԳԱՄ պակաս, քան նմանապես կոռուպցիայի հետ առնչակցություն ունեցող Ալբանիայի արդարադատության համակարգից (18 դիմում 100,000 բնակչին), կամ

մոտ 1,5 ԱՆԳԱՄ պակաս քան Ուկրաինայի եւ Վրաստանի նման առնվազն երկու միջազգային կոնֆլիկտներով ծվատված եւ բողոքներ գեներացնող կոնֆլիկտային զոնաներ ունեցող պետություններից յուրաքանչյուրից (43 եւ 50 համապատասխանաբար 100,000 բնակչի շնչով), կամ

մոտ 12 ԱՆԳԱՄ պակաս քան մարդու իրավունքների ոլորտում բոբո պետություն համարվող ՌԴ-ի (6 դիմում 100,000 բնակչին):

Ինչպես ասում են, անձնական ոչինչ, միայն՝ վիճակագրություն:

Մանրամասն՝ այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին