▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն ունեն կարեւորագույն ներուժ. Ջոն Հեֆերն

Ամերիկայի ձայն

Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության մեծ ներուժ կա, հայտարարել է Կոնգրեսում ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով, մարդասիրական օգնության տրամադրման փոխարեն Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնել:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջոն Հեֆֆերնը հայ-ամերիկյան գործընկերության մասին ամենատեղեկացված մարդկանցից մեկն է: 2011-ից մինչեւ 2014 թվականը, որպես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան, նա նպաստել է երկկողմ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Կոնգրեսում անցած լսումների ընթացքում, պատասխանելով կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին, Ջոն Հեֆֆերնը հայտարարել է, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն ունեն կարեւորագույն ներուժ.

«Մենք ցանկանում ենք օգնության տրամադրման վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել՝ հասնելով առեւտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների»:

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ 2015 թվականի մայիսին կնքված հայ-ամերիկյան Առեւտրի եւ ներդրումների պայմանագիրն արդեն իսկ նպաստում է երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: ԱՄՆ-ում առավել հեռանկարային են համարում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էներգետիկ ոլորտներում, կոնգրեսականներին ասել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Մարգոթ Էլիսը.

«Դրանք այն ոլորտներն են, որոնք կարող են ոչ միայն զարգացնել եվրաատլանտյան ինտեգրումը, այլ նաեւ հնարավորություն են ընձեռում ամերիկյան ընկերություններին ներգրավվել եւ զարգացնել Հայաստանի հետ գործընկերությունը»:

Հայ-ամերիկյան տնտեսական գործընկերության զարգացման համար կարեւոր դեր ունի նաեւ երկու պետությունների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրի մշակումն ու ստորագրումը, համոզված է կոնգրեսական Բրեդ Շերմանը: Կոնգրեսականը կոչ արեց Պետքարտուղարության ներկայացուցիչներին հորդորել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը առաջնահերթության կարգով մշակել Հայաստանի հետ հարկային պայմանագիրը.

«Հայաստանի կառավարությունն իր կողմից պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է սկսել պայմանագրի մշակումը ամերիկյան նմուշի հիման վրա»:

«Ինչ վերաբերում է երկկողմ հարկային պայմանագրին, Ֆինանսների նախարարությունն առաջնահերթությունը տալիս է մեկ չափանիշի հիման վրա՝ արդյոք ամերիկյան ընկերություններն օգուտ կստանան այդ պայմանագրից», – նշել է Ջոն Հեֆֆերնը:

«Հավաստիացնում եմ ձեզ, որ նրանք նաեւ հաշվի են առնում Պետքարտուղարության կարծիքը, թե որքանով է դա համապատասխանում մեր ազգային շահերին, եւ ես հույս ունեմ լսել դա ձեզանից: Սակայն տեղյակ եմ նաեւ, որ լսելու եմ դա նաեւ ամերիկյան մի շարք խոշոր ընկերություններից»:

Կոնգրեսական Շերմանն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությանը.

«Եկեք խոսենք ականազերծման ծրագրերի եւ Արցախի, որը նախկինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր անվանվում, աջակցության ծրագրերի մասին»:

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշեց, որ անցած տարիների ընթացքում Միացյալ Նահանգները «Լեռնային Ղարաբաղին, ԼՂ ժողովրդին տրամադրել է 45 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն, այդ թվում՝ մաքուր ջրով ապահովման եւ ականազերծման ծրագրերի տեսքով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին