▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակություն.ռուսերենի գաղտնի դասարաններ են բացվում

Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, հայությունը կնշի Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության օրը: Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը, ով և կարդացել է անկախության հռչակագիրը, սա մեր պատմության ամենաերջանիկ օրն է համարում:

«Անգամ անկախության հանրաքվեին նվիրված տողեր ունեմ.«Իմ ժողովո՛ւրդ, ես հպարտ եմ քեզնով: Հանրաքվեի ժամանակ ի հայտ եկավ քո ներքին, մի նոր , ինձ անհայտ որակ: Ես երևակայել անգամ չէի կարող այսպիսի համազգային, ազատատենչ ոգի: Դու այսօր պատմություն ես կերտում և ազատությունն ու անկախությունը հպարտ պետք է լինեն՝ ունենալով քեզ նման տեր»»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին վերհիշեց նա՝ հավելելով.

«Մարդիկ քվեարկում էին ոչ միայն իրենց, այլև այն սերունդների համար, ովքեր ձգտել, բայց չէին հասել սրան: Մեր ժողովուրդը սեպտեմբերի 21-ին արտանետեց իր նախնիների ամբարված էներգիան: Սա միֆական է, աստվածային, անբացատրելի: Իսկ այս իշխանությունների մեծագույն վատությունն այն է, որ ժողովրդին զրկեցին պատմաստեղծ գործոն լինելուց և այս մտքի հետ հաշտվեցին 2016 թվականի ապրիլին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:

Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև իր կարծիքով՝ երկրի հիմքերը քայքայող մի քանի խնդիրների, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել մեր պետականությանը.

«Առաջինը լեզուն է, որը ազգի արաժանապատվության, երկրի անկախության կարևոր սյուներից մեկն է: Վանո Սիրադեղյանն ասում էր՝ «Ձեր կեղտոտ ոտքերով մի մտեք հայոց լեզվի սրբագույն տաճարը»: Այս իշխանությունը մտնում է և մի քանի օր առաջ նվերներից մեկը մատուցեց Կառավարությունը՝ հաստատելով ռուսաց լեզվի հայեցակարգը, որը հնարավորություն է տալիս բարձր դասարաններում ճշգրիտ առարկաների դասերն անցկացնել ռուսերեն լեզվով: Ասեմ, որ գաղտնի ռուսերենի դասարաններ են բացվում: Շատերը երեխաներին ռուսական դպրոցներ են տանում: Սա խայտառակություն է, անարժանապատվության շքերթ: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա այն ողբալի վիճակում է:  2 տարի հետո կունենանք 11.000-12.000 շրջանավարտ: Սա դեմոգրաֆիկ աղետ է, ողբերգություն՝ ծնելիության, բանակի վերջը: Անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի դպրոցական նստարանից արտագաղթել է 13.500 երեխա: Խայտառակ վիճակում են նաև բուհերը: Ոչ թե գիտական մոտեցում է, այլ բառադիություն, միջակ բիզնեսի մակարդակի ղեկավարման դաշտ: Այս տարի անգամ առանց քննությունների են ընդունվել: Բուհը չի ծառայում գիտությանը, այն սոցիալական խնդիր է լուծում: Աշխարհի բոլոր երկրների կառավարությունները ներդրումներ են կատարում բուհերում, իսկ Հայաստանում ռեկորդ է: Բուհերի ֆինանսավորման 80 տոկոսը ծնողներն են կատարում: Միայն 15 տոկոսն է պետությունը տալիս, բայց 100 տոկոսով վերահսկում է բուհերի գործունեությունը: Բոլոր ուսխորհուրդները ՀՀԿ-ի ձեռքում են, ավելին՝ ծնողների տված գումարի 2 տոկոսը տալիս են ՀՀԿ-ի երիտասարդական կառույցներին: Սա դեռ քիչ է՝ երիտասարդ երկրապահների հանգստյան տներ էլ են ստեղծում»»,-մանրամասնեց նա:

Արամ Մանուկյանը նկատում է՝ ՀՀ-ում ոչնչանում է անկախության մեկ այլ սյուն՝ տեղական ինքնակառավարման համակարգը.

«Աշխարհի բոլոր երկրներն ուժեղ են իրենց տեղական ինքնակառավարմամբ: Նոյեմբերին միջինը 30 համայնք միավորվելու է: Խայտառակություն է: Այս համակարգի ոչնչացման հետ նաև կրթական համակարգն է վերանալու: Այն գյուղում, որտեղ չկա դպրոց, չկա նաև համայնք: Հազարավոր տարիներ հայկական գյուղը պահվել է եկեղեցու, դպրոցի շնորհիվ»,-եզրափակեց Արամ Մանուկյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին