▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ հարցեր է քննարկել Կարեն Կարապետյանը Իրանի նախագահի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: «Հայաստանը մեծապես կարևորում է հարևան Իրանի հետ ունեցած ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր և հիմնված են փոխադարձ շահերի վրա: Կարող եմ ուրախությամբ նշել, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը: Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան, համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ պատրաստակամ է օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները կարևորել են մի շարք ոլորտներում, մասնավորապես, էներգետիկ բնագավառի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, «Սյունիք» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումն ու ընդլայնումը, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է հայ-իրանական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից է: Իրանի նախագահը ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքներն ու բարձր գնահատել հայ համայնքի դերը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:

Նշենք նաև, որ  Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն իր կեցավայրում ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին: Հանդիպումների ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակից և վստահությամբ նշել, որ երկու հարևան պետություններն ունեն փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխշահավետ հարաբերություններին: Իրանական կողմն ընդգծել է, որ շահագրգռված են Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ: Հանդիպմանը քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ավելացնենք, որ Կարեն Կարապետյանն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի և համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում ամփոփել այցի արդյունքները: Կառավարության ղեկավարին այստեղ դիմավորել են Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչները: Վերջիններս ողջունել և կարևորել են ՀՀ վարչապետի այցն Իրան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հայ-իրանական կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանն ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է, որ Իրանի իշխանությունների հետ ունեցել են կառուցողական և արդյունավետ բանակցություններ, որոնք նոր թափ կարող են հաղորդել երկկողմ տնտեսական համագործակցությանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Վարչապետը նշել է, որ քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, ազատ տնտեսական գոտիներին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր: «Ունեցել ենք բաց երկխոսություն և արդյունավետ բանակցություններ: Համոզված ենք, որ առկա է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ: Իրանն այսօր տարբեր պետություններից ներկրում է բազմաթիվ ապրանքներ, որոնք արտադրվում են Հայաստանում: Կարող ենք երկկողմ փոխշահավետ հարաբերություններին հաղորդել նոր լիցք՝ նաև Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտու գործարկմամբ», - ասել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով հայ համայնքի հետ կապերին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ կարևորում է համագործակցությունը և առաջին հերթին վերջիններիս ներգրավվածությունը տարբեր ոլորտներում՝ կառավարման մշակույթի, փորձի փոխանակման և նոր միայն ներդրումային ծրագրերի իրականացման առումով: Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը ՀՀ կառավարությանը մաղթել է արդյունավետ գործունեություն և հաջողություններ ձեռնարկած նախաձեռնություններում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին