▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդա՞ր է, որ բանակում չծառայած մարդը զբաղվի երկրի պաշտպանության խնդիրներով

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում կան վիճահարույց դրույթներ, որոնցով փոփոխվում է զինծառայողների ծառայության ամբողջ ընթացակարգը: Կան երկու  մտահոգիչ կետեր: Առաջինում ասվում է, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք չեն կարող անցնել հանրային ծառայության: Սա ողջունելի քայլ է, բայց կիսատ է: Կհորդորեի, որ նշվեր՝ այն անձինք, ովքեր պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել, ընդհանրապես հանրային ծառայության չեն կարող հասնել: Սա ավելի արդար կլիներ: Երկրորդում դրույթ է սահմանվել, որ բուհում սովորողները, ովքեր ցանկանում են տարկետում ստանալ, պարտավոր են պայմանագիր կնքել ՀՀ ՊՆ-ի հետ և ուսումն ավարտելուց հետո գնալ ծառայության ՊՆ-ի նախատեսած վայրում՝ սպայի կարգավիճակով: Իսկ, եթե խզեն պայամանգիրը՝ կոչումը կիջեցվի ու կսկսեն շարքայինի կարգավիճակով ծառայել: Կարծում եմ՝ հոգեբանական լուրջ խնդիր է ստեղծվելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նախագծին դեմ էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ավագ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուրեն Էյրամջյանը.

«Ասպիրանտուրայում 140 հոգու համար է տեղ հատկացված, հիմա այսքանի չծառայելը լուրջ խնդի՞ր է: Իսկ պայմանագիր կնքելու դրույթի դեպքում էլ մասամբ եմ համաձայն, եթե տեխնիկական կրթություն ունի մարդը, սա նորմալ է, բայց չէ՞ որ ունենք երաժիշտներ, մշակույթի այլ ներկայացուցիչներ: Մարդը շեղվում է իր մասնագիտությունից»,-նշեց Սուրեն Էյրամջյանը:

Նրա հետ չհամաձանեց փաստաբանը՝ նկատելով.

«Պաշտպանության նախարարը նշել է, որ բարձրագույն կրթություն ստացածների 16 տոկոսն է հետագայում անցնում զինվորական ծառայության, 84 տոկոսը՝ ոչ: Սա լուրջ խնդիր է: Սոցիալական արդարության հարցը կա: Լավ կլիներ, որ 18 տարեկանները բոլորն էլ գնային բանակ, բայց 1.5 տարով: Ավելին՝ դեմ եմ այն մտայնությանը, որ բանակից հետո չեն ցանկանում սովորել: Նման բան չկա.սովորողը սովորում է, չսովորողն էլ չի սովորում: Օրինակ ես բանակում ծառայելուց հետո 3 տեղ եմ սովորել: Իսկ այն մասսան, որը չի ծառայում՝ հետո մարզպետ, գյուղապետ են դառնում ու հետո սրանք ինչպե՞ս են կազմակերպելու համայնքի պաշտպանական խնդիրները: Արդա՞ր է, որ չծառայած մարդը օրհասական պահին զբաղվի երկրի պաշտպանության խնդիրներով»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին