▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանն ու Ալիեւը կարողացել էին անձնական հարաբերություններ հաստատել. Քերի Քավանո

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի աշխատանքն այնքան կարեւոր է, որ առանձին հաստիք է պահանջում: «Ամերիկայի Ձայն»-ին այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն՝ մեկնաբանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերի կողմից հրապարակված պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը: Նամակում ԱՄՆ-ի պետքարտուղարն այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ առաջարկում էր նաեւ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահի հաստիքը լուծարել, իսկ պարտականությունները՝ փոխանցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականին:

«Պատմությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է մեկն, ով կարող է իր ամբողջ ուշադրությունը նվիրել խնդրին, լիովին կենտրոնանալ այս հարցերի վրա», – նշում է Քավանոն:

Դեսպան Քավանոյի խոսքով, նամակն իր համար անակնկալ էր.

«Ինձ դա անհանգստացնում է, քանի որ կարծում եմ, Միացյալ Նահանգների համար կարեւոր է պահպանել եռանախագահությունում ներկայությունը. Դա այն հավասարությունն է, որին կողմերն արդեն սովորել են»:

Պետք է նաեւ հիշել, որ պետքարտուղարի նամակում նշված նախաձեռնությունները կարող են հերքվել օրենսդիրների կողմից, ավելացնում է դեսպանը.

«Մենք տեսանք, ինչպես բյուջեին վերաբերող առաջարկները ոչնչացվեցին Կապիտոլիումում»:

Մինսկի խմբում ԱՄՆ-ի մյուս համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը նույնպես չի շտապում մեկնաբանել Բոբ Քորքերի հրապարակած նամակը, ընդգծելով, որ իր կարծիքով, կարեւոր է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի ղեկավար անձինք տեղեկացված եւ ներգրավված լինեին ղարաբաղյան կարգավորման մեջ.

«Հավատացած եմ, որ ներկա վարչակազմի համար կարեւոր է ներգրավված լինել եւ այդ ներգրավման սկզբնակետը, այսպես ասած, «սրի ծայրը» Էնդրյու Շոֆերն է: Ես գիտեմ, որ նա ներկա էր Ժնեւի գագաթաժողովին։Ակնկալում եմ, որ նա լիարժեք ներգրավված կլինի բոլոր գործընթացներում»:

Անդրադառնալով Ժնեւում տեղի ունեցած հայ-ադրբեջանական գագաթաժողովին՝ դեսպան Ուորլիքը նշեց նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ դեմ առ դեմ զրույցների կարեւորությունը.

«Կարող եմ սեփական փորձից ասել, որ նրանց միջեւ տեղի են ունենում անկեղծ զրույցներ, որը շատ կարեւոր է առաջընթաց արձանագրելու համար»:

Նախագահների միջեւ երկկողմ հանդիպումների կարեւորությունն ընդգծում է նաեւ դեսպան Քավանոն, ով հատկապես կարեւորեց ոչ պաշտոնական բանակցությունների դերը.

«Նախագահների միջեւ ոչ պաշտոնական հարաբերությունները կարգավորման բանալիներից մեկն է: Մենք հիշում ենք, որ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը հաստատել էին նման հարաբերություններ: Նրանք ընկերներ չեն եղել, սակայն, հասկանում էին միմյանց եւ կարողանում էին սերտորեն աշխատել միասին»:

Հենց անձնական հարաբերությունները ղեկավարների միջեւ, ըստ միջնորդների, կարող են կարեւոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման հարցում: Մյուս բաղադրամասն է՝ ձեռքբերված համաձայնությունների իրականացման հարցում քաղաքական կամքի առկայությունը:

 

Ամերիկայի Ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին