▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս քայլը կնպաստի, որ թուրքերը հարգեն հայերին.Աստղադիտարանի տնօրենը՝ Թուրքիայի որոշման մասին

Հայաստանում գործող տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին այսօր՝ նոյեմբերի 17-ին պաշտոնապես միացավ նաև Թուրքիան: Պայմանագիրը ստորագրելու նպատակով մեր երկիր էր ժամանել աստղագետ, Ստամբուլի համալսարանի դոցենտ, Ստամբուլի աստղագիտական ընկերության ներկայացուցիչ Սինան Ալիշը:

Asekose.am-ի թղթակցի՝ ինչպե՞ս կայացվեց նման որոշում, չէ՞ որ նախկինում Թուրքիան չէր ցանկանում համագործակցել Հայաստանի հետ հարցին պատասխանելով՝  Սինան Ալիշը ասաց.

«Նախկինում եղել են անհատական համագործակցություններ, այսինքն, նեղ շրջանակներում, բայց, քանի որ ստեղծվեց տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, համագործակցությունն ավելի կընդլայնվի: Միջազգային աստղագիտական կենտրոնը կարելի է ասել՝ հովանավոր, միջնորդ կդառնա: Աստղագիտությունը նաև Թուրքիայում է զարգացած և հայերի հետ նախկինում մեծ կապ ունեցող Էրզրումում 4 մետրանոց աստղադիտակ է տեղադրվելու, որը տարածաշրջանում ամենամեծն է լինելու: Ի դեպ, Իրանն էլ 3,5 մետրանոց դիտակ է պատրաստում: Մի խոսքով՝ տարածաշրջանը հզորանում է: 2018 թվականին մեզ մոտ կլինի ամառային դպրոց, որին հնարավորություն կունենան մասնակցել նաև հայ ուսանողները: Ծախսերը կհոգա Թուրքիան»:

Սինան Ալիշը նշեց, որ Հայաստան այցելել է նաև 2015 թվականին, երբ Հայաստանը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից ճանաչվեց տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, հետո գնացել է, քննարկել են ու վերջապես այս կենտրոնին միանալու որոշում են կայացրել:

«2016 թվականին Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակին նվիրված միջոցառումներին նաև իմ ուսանողն է մասնակցել»,-ընդգծեց Ստամբուլի աստղագիտական ընկերության ներկայացուցիչը:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն էլ անդրադառնալով Թուրքիայի այս որոշմանը՝ նկատեց.

«Կարելի է ասել՝ հայկական կողմը ստեղծեց այն իրավիճակը, որ Թուրքիան ցանկանա միանալ ու ճանաչել մեր առաջատար դերը: Սա քաղաքական առումով շահավետ վիճակ է: Մենք ստեղծեցինք աստղագիտական կենտրոնը, այն հաջողություն ունեցավ, Թուրքիան էլ տեսավ, որ երկու տարբերակ ունի՝ կամ խաղից դուրս գալ, կամ՝ միանալ: Երկու տարի մտածելուց հետո միանալու որոշում ընդունեցին: Շատ կարևոր է, որ այլ ոլորտներում նույնպես այսպիսի երևույթ կատարվի, քանի որ կարևոր քայլ է մեր հեռահար նպատակների, անգամ Հայոց ցեղասպանության դեպքում: Շատ քաղաքական գործիչներ այսօր Հրանտ Դինքի՝ (Ցեղասպանության ճանաչումը հնարավոր կլինի, եթե թուրք հասարակության մեջ նման ձգտումներ առաջանան տեսակետի հետ համաձայն է: Մարդիկ պետք է միանան ու հասկանան, որ պետք չէ մերժողական դիրք գրավել, լինել քաղաքակիրթ: Մենք պետք է Թուրքիան ներսից փոխենք,  թե չէ աշխարհի շատ երկրների ճանաչումը ոչինչ է: Այս քայլը կնպաստի, որ թուրքերը հարգեն հայերին»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին