▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հանդեպ սերն ինձ մղեց ձեր լեզուն սովորելուն.Իրանցի աստղագետ

Այսօր ավարտվեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» միջազգային գիտաժողովը, որը մեկնարկել էր նոյեմբերի 13-ին: Այն նվիրված էր հնագույն քաղաքակրթությունների օրրանի՝ Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը, որին մաս է կազմում Հայաստանը։

«Հայերը հնում փայլել են աստղագիտության ոլորտում և հիմա շարունակում են այդպիսին մնալ»,-տպավորություններով Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում կիսվեց իրանցի աստղագետ Մուհամեդ Բաղերին՝ հավելելով.

«Այս միջոցառումը ոչ միայն Հայաստանում շրջելու, այլ նաև աստղագետների հետ ծանոթանալու, համագործակցելու հնարավորություն է տալիս: Եղա նաև Զորաց քարերում, այն տպավորիչ էր: Շատ եմ սիրում Բյուրականի աստղադիտարանը: Անցած տարի այնտեղ դասախոսությամբ հանդես գալու հնարավորություն ունեցա: Վերաբերում էր իրանյան արևային ժամացույցներին: Դրանցից նաև Հայաստանում են մինչ օրս պահպանվել.Զվարթնոցում, Էջմիածնում, մի շարք վանքերի ու տաճարների պատերին»

Պարոն Բաղերին շտապեց տեղեկացնել, որ տիրապետում է հայերենին, Հայաստանի մասին էլ տեղեկություն շատ ունի և մինչ կմանրամասներ՝ փորձեց նախ համոզել մեզ՝ Արմենակ Սարգսյանի «Երգ խնջույքի»-ից հատված ներկայացնելով.

Լցնենք ընկերներ,

Բաժակները լի,

Թող հայոց գինին,

Մեզ անուշ լինի:

Հետո հիշեց՝ մեկն էլ գիտի.«Հարսանիք ա՝ հարս չկա, փեսի գլխին մազ չկա»:

«Ես շատ բան գիտեմ այս հրաշալի երկրի՝ արվեստի, գրականության և իհարկե, աննման, ընկերասեր ժողովրդի մասին: Ի դեպ, Հայաստանի հանդեպ այս սերն ինձ մղեց ձեր լեզուն սովորելուն: Փորձել եմ նաև հայ հեղինակների ստեղծագործությունները անգլերենից պարսկերեն թարգմանել.Հովհաննես Թումանյան, Մկրտիչ Արմեն: Ի դեպ, Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը թարգմանելուց բացի նաև համանուն ֆիլմն եմ դիտել: Ծանոթ եմ նաև Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններին: Սիրում եմ Այվազովսկու ու Մարտիրոս Սարյանի գործերը: Իմ ուսումնասիրության առարկան պատմաաստղագիտությունն է, մաթեմատիկան, հետևաբար, ծանոթ եմ Անանիա Շիրակացուն: Այսպիսով, երբ գալիս եմ Հայաստան՝ ինձ զգում եմ ինչպես տանը: Սա իմ չորրորդ այցելությունն է Հայաստան»:

Նշենք, որ գիտաժողովի ավարտին պարոն Բաղերին իր գործընկերների հետ բոլոր մասնակիցներին աշխատանքային հանձնարարություն տվեց՝ պատրաստել արևային ժամացույց:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին