▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում ենք այդ 200 000 քաղաքացիների ցուցակագրումն սկսել.Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.Եթէ գործող սահմանադրութեամբ 2018 թ.-ի փետրուարին Հայաստանի 200 000 քաղաքացիներ կարող են նախաձեռնել Սահմանադրական փոփոխութիւններ, ապա ակնյայտ է, որ մինչ այդ պէտք է հսկայածաւալ աշխատանք կատարուի նոյն քաղաքացիներին արձանագրելու համար։ Սահմանադրութեան մէջ չի ասւում, որ փետրուարից իրաւունք ունեն ստորագրահաւաք սկսել, այլ ասւում է, որ փետրուարից այդ 200 000-ը կարող են նախաձեռնել սահմանադրական փոփոխութիւն։
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ նոր սահմանադրութեանն ընդառաջ գնալու փոխարէն այնպիսի կեցուածք է ընդունել, որից միայն մէկ եզրակացութեան կարելի է հանգել. ԿԸՅ-ն տեղեակ չէ նոր սահմանադրութեան համապատասխան դրոյթի մասին, որ նոյնն է՝ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ 2015 թ.-ի ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՈՒԷՆ ԵՒ ԱՅԴ ՀԱՆՐԱՔՈՒԷՈՎ ԸՆԴՈՒՆՈՒԱԾ 2015 թ.-ի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ։
Եթէ խօսք գնար 200 000 ստորագրութիւններն այսօր յանձնելու եւ ԿԸՅ-ի կողմից դրանք ընդունելու մասին, կարող էինք արդարացուած համարել Տիգրան Մուկուչեանի հղումը Հանրաքուէի մասին օրէնքին, բայց խօսքը վերաբերում է Սահմանադրութեանը եւ նրա հիման վրայ փետրուարի 18-ից գործելիք իրաւունքին։ Այդ օրը իրաւունքն արդէն առկայ է լինելու, սակայն ու՞մ է պէտք իրաւունքը եթէ նրա «սուբյեկտը» (ենթական) իրաւունքի տրամադրումից յետոյ նոր պիտի ասպարէզ գայ։
Մեր ազգային եւ հանրային խնդիրների հիմնական մասը Հայաստանում սահմանադրականութեան բացակայութեան հետեւանք է։ Իրավիճակը շտկելու ամենակարճ ճանապարհը այս խնդիրն արմատապէս լուծելու ընդունակ հիմնական օրէնքի ընդունումն է եւ այդ հարցում մենք մէկ օր իսկ հապաղել չենք ուզում։ Չենք ուզում եւ իրաւունք չունենք, որովհետեւ քաղաքացուն երկրի տէր դարձնող համակարգն է այն համադարմանը, որի օգնութեամբ էլ զարգացման դրական ընթացք կը ստանան մեր բոլոր խնդիրները։ 
Կենտրոնական ԸՅ-ը իսկապէս չի կարող խօսել ստորագրահաւաքի ժամակարգի մասին, բայց ո՞ր հաստատութիւնը եթէ ոչ ԿԸՅ-ը պիտի ներկայացնի, աւելին՝ տրամադրի ձեւաթուղթը, պաշտօնաթերթը։
Սահմանադրութեան Հոդված 202-ում ասւում է «…Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի…»: Այպիսով առկայ է երեք նախաձեռնող, որոնցից պատգամաւորները եւ կառավարութիւնը կան, իսկ 200 000 քաղաքացիները որպէս հաւաքականութիւն դեռ պիտի կայանան։ 
2018 թ.-ի փետրուարին այս երեք իրաւահաւասար նախաձեռնող կառոյցներից մէկը չի կարող այդ օրը ասպարէզ իջնել միայն այն պատճառով, որ այսօր ԿԸՅ-ը չի կատարում իր պարտականութիւնը։ 
Կայ այսպիսի սահմանադրական դրոյթ «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին…» հոդ. 39 
Հիմա, մենք ուզում ենք այդ 200 000 քաղաքացիների ցուցակագրումն սկսել եւ պատրաստի ունենալ մինչեւ 2018 թ. փետրուար։ ԿԸՅ-ն ինչու՞ է դէմ։ Չէ՞ որ մեզ ընդառաջելը նրա պարտականութիւնն է եւ համահունչ է գործող սահմանադրութեանը։ 
«Հոդված 194. 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը … կազմակերպում է …հանրաքվեները» Կազմակերպել հանրաքուէ, նշանակում է այդ հանրաքուէի համար անհրաժեշտ բոլոր գործողութիւնների անվերապահ կատարում։
Մի պահ պատկերացնենք Սահմանադրութեան հոդ. 39-ի ոգով, հոդ. 202-ի պահանջով մենք մեր պատկերացրած ձեւաթղթերի վրա սկսում ենք սահմանադրութեան նոր նախագծի կողմնակիցների գրանցումը։ Հաւաքում ենք պահանջուած 200 000-ը եւ ԿԸՅ-ը չի ընդունում դրանք այն պատճառաբանութեամբ, որ համապատասխան ձեւաթղթի վրայ չէ արձանագրուած։ 
Այսպիսով, ես անհատապէս բողոքելով ԿԸՅ-ի անպատասխանատու պահուածքի դէմ սթափութեան կոչ եմ անում եւ յորդորում չփորձել կանգնել ժողովրդի եւ սահմանադրականութեան ճանապարհին, զի դա ոչ թէ իմ այլ մեր ժողովրդի ճանապարհն է։ Հայաստան պետութիւնը պէտք է պատկանի իր քաղաքացիներին։ Բացայայտ կամ ծպտեալ որեւէ այլ մօտեցում ուղղուած է Հայկական պետութեան եւ նրա քաղաքացիների դէմ։

«Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօրվանից անժամկետ հացադուլ է սկսում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի դիմաց․ պատճառը, ըստ նրա, այդ կառույցի «հակասահմանադրական» վարքագիծն է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին