▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նժդեհը հայ ազգի հերոսն է, անկախ նրանից ինչ կմտածեն Մոսկվայում կամ այլ տեղերում

Մեր զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, «Զվեզդա» հեռուստաընկերության «Հեռանկարներ» ծրագրի հաղորդավար, քաղաքագետՎերոնիկա Կրաշեննիկովան ՀՀԿ զինանշանը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ: Ինչպե՞ս եք գնահատում այս համեմատությունը՝ հաշվի առնելով, որ այն ՌԴ պաշտպանության նախարարության հեռուստաընկերությունն է:

Անկախ նրանից՝ ով է հեղինակը, ում հեռուստաընկերությունն է, ես բազմիցս խոսել եմ բովանդակության մասին: Ոչ միայն ինձ համար, այլ հայության համար Գարեգին Նժդեհն անքննարկելի հերոս է, մեր ազգի մեծագույն հերոսներից մեկն է, և դա չի էլ քննարկվում: Հիմա սա Վաշինգտոնի, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության, թե Չինաստանի կամ Իրանի կամ ԵՄ որևէ պետության… իմ կարծիքի վրա դա բացարձակապես չի ազդելու: Երկրորդ՝ ես չեմ կարծում, որ ճիշտ է, երբ մեր պետության ԱԺ փոխնախագահը ինչ-որ մի լրատվամիջոցով մի տիկնոջ հաղորդում կամ հարցազրույց դնի մեկնաբանի: Ունենք բազում քաղաքագետներ, հարգելի լրագրողներ, որ կարող են պատասխանել: Ես չեմ հիշում, որ ձեր որևէ հրապարակում ՌԴ Պետդումայի փոխնախագահը մեկնաբանի: Իմ բոլոր կարծիքները Նժդեհի մասին ուժի մեջ են՝ անկախ նրանից՝ Վաշինգտոնից, Մոսկվայից թե Բրյուսելից, Անկարայից թե Պեկինից կլինի, Նժդեհը հայ ազգի մեծագույն հերոսն է, և Նժդեհի անունը շահարկել և ՀՀԿ-ն կապել ֆաշիստական սիմվոլիկայի հետ, տգիտություն և անհեթեթություն է, ընդամենն անգրագիտության արդյունք է: Իմ գիտական հետազոտության թեման մեծապես կախված է եղել և կապված է Նժդեհի հետ: Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ իմ քաղաքական կյանքի ամենալուսավոր օրերից մեկը եղել է այն օրը, երբ ինձ՝ Էդուարդ Շարմազանովին, պատիվ է վերապահվել Նժդեհի արձանի բացմանը խոսք ասել:

Որքան էլ Դուք նշում եք, որ սա մեկ հոգու անձնական կարծիք է, այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ սա քաղաքական պատվեր է հենց ՀՀԿ-ի դեմ: Չեք կարծում, որ սրա հետևում քաղաքական շահեր են թաքնված:

Չեմ կարող ենթադրություններով խոսել: Մի բան կարող եմ ասել, որ գոնե այս փուլում հայ-ռուսական հարաբերությունները բավական դինամիկ զարգանում են: Վերջերս տեղի է ունեցել նախագահներ Սարգսյանի և Պուտինի հանդիպումը, այս պահին ՌԴ ԱԳ նախարար Լավրովն է Երևանում: Մենք ունենք շատ նորմալ ստրատեգիական զարգացող հարաբերություններ: Մեկ անգամ էլ ասել՝ ինչքան ռուսների համար Ալեքսանդր Նևսկին է հերոս, այնքան մեզ համար համար Գարեգին Նժդեհը: Ինչու եմ Նևսկու հետ համեմատում, որովհետև իրենք Նևսկուն սրբացնում են, թող հասկանան՝ ով է Նժդեհը մեր ազգի համար: Եվ երկրորդ՝ ամենակարևորը՝ եթե իրենք հակաբոլշևիզմը նույնացնում են հակառուսականության հետ, ով բոլշևիկների քաղաքականության ջատագով չի եղել, ասել, որ իրենք հակառուս են եղել, ուրեմն ցավում եմ իրենց մտածողության համար: Նժդեհին ներկայացնել հակառուս, նույն բանն է, ինչպես Հիտլերին ներկայացնել քրիստոնյա: Նժդեհն իր խոսքում մեկ անգամ ասել է՝ հայ ցեղակրոնի միակ դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է: Ինձ համար հավասարապես երկու բաներն էլ մերժելի են, մեկը՝ Նժդեհին ներկայացնել որպես ֆաշիստ, տգիտություն է և անգրագիտություն, մյուսը՝ երբ հայկական որոշ շրջանակներ փորձում են Նժդեհին ներկայացնել որպես հակառուս:

Աղբյուրը` lragir.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին