▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափում եմ. եթե Արցախն առանձին իշխանություն չունենար՝ արդեն Ադրբեջանի կազմում կլիներ

«Մադրիդյան պիղծ սկբունքները մնում են բանակցությունների հիմքում: Ոմանք փորձում են դա հավասարակշռված համարել, բայց տարածքների զիջումից հետո կարգավիճակի հստակեցումն ու մյուս կետերը տեղի չեն ունենա: Պետք է Հայաստանը տնտեսապես ու ռազմականապես հզորացնենք, որի դեպքում հաշվի կնստեն մեզ հետ»,-ամփոփելով տարին հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի լուծմանը, իրականացնում է մաշեցնող քաղաքականություն՝ Հայաստանը հայաթափելու, տնտեսապես զարգանալը խոչընդոտելու առումով:

Ինչ վերաբերում է Արցախը Հայաստանի կազմում կրկին տեսնելու առաջարկներին՝ քաղաքագետը նկատեց.

«Ես եղել եմ այն մարդկանց թվում, ովքեր հանդես են եկել Արցախը Հայաստանին վերամիավորվելու սկզբունքի օգտին, որովհետև միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախը Հայաստանի մաս է: Կա Ազգերի լիգայի համապատասխան զեկույց, քարտեզ: Ցավոք, 1990-ական թթ. սխալ ուղի ընտրվեց, իբր Հայաստանի վրայից հարվածը հանելու համար: Այսօր ամբողջ Հայաստանն է պայքարի մեջ ներառված, ինչը բնական է: Ինչքան քիչ խոսենք Արցախի առանձին լինելուց՝ այնքան լավ: ԱՄՆ-ում կան նահանգներ և շրջան, նույնն էլ ՀՀ-ն է: Այն բաղկացած է մարզերից և ԼՂՀ-ից: Եթե դա այդպես չլիներ՝ մեր նախագահը չէր կարող բանակցել, զինվորներն էլ չէին ծառայի և այլն: Դե ֆակտո և դե յուրե մեզ միացված է Արցախը»:

Շարունակելով նրան՝ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց.

«90-ական թթ., երբ արցախյան շարժումը փոխվեց հայոց համազգային շարժման, Արցախի հարցը որպես խնդիր արդեն չկար:  Այդ թվականներին ՀՀՇ-ն գալով իշխանության՝ արդեն համաձայնել էր, որ Արցախը պետք է մնար Ադրբեջանի կազմում: Սարսափում եմ. եթե  հանկարծ Արցախն առանձին իշխանություն չունենար ու լիներ Հայաստանի իշխանության ձեռքում, դա կիրականացվեր: Հիշենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին՝ տրված 1992 թվականի մարտի 5-ին: Այո՛, շեղվել էր միացման շարժումը, բայց արի ու տես, որ քաղաքական տեսանկյունից լավ էր, քանի որ հասարակությունը չէր կարողանում ազդել իշխանության եկած քաղաքական էլիտայի վրա: Այդ իշխանության պատճառով էր, որ Բիշքեկի արձանագրության մեջ տեղ գտավ  հայկական ուժերի դուրս բերման մասին նախադասությունը»:

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովն էլ ընդգծեց, թե թշնամին հեգնում է մեզ.նրան թվում է, թե միացումը մեր թույլ կողմն է, այնինչ հակառակն է:

«Մենք մեզ անհասկանալի ձևերով բաժանում ենք: Անցակետում ստուգում են, ռոումինգ կա մինչև հիմա: Շարունակում ենք գյումրեցի ու արցախցի ասելով թուլացնել ինքներս մեզ: Ե՞րբ ենք հասկանալու, որ թուրքի ուզածն ենք անում»,-ասաց Վովա Վարդանովը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին