▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կռիվ չլինի, տուն գնանք տոլմա ուտենք, սա չէ՞ մեր մտածողությունը

«ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից»,-«Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը՝ հավելելով. «Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ ռազմավարությունը մեկ նպատակով է արվում, որն է՝ ՌԴ-ն դարձնել ժողովրդավարական երկիր, զինված ատամները քաշել:

«Այս պատժամիջոցը կարող է գործել օրինակ՝ Ադրբեջանի դեպքում: Ադրբեջանը ՌԴ դաշնակիցը չէ և ՌԴ-ի կողմից զենքի մատակարարումը արտաքնապես կոմերցիոն բնույթ ունի, բայց ներքին իմաստով ուղղված է Հայաստանի ու Իրանի դեմ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք պետք է ակտիվ աշխատենք, քանի որ զենքի մատակարարման առումով Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, որևէ կարգ չի խախտվում: Իսկ, եթե հարց դրվի նաև Հայաստանին զենք չմատակարարելու մասին, մենք կարող ենք ասել, որ այդ դեպքում Թուրքիան էլ ԱՄՆ-ից չպետք է զենք ստանա»,-նշեց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Արևմուտքը պետք է օժանդակի Հայաստանին, որովհետև այն դժվար թե դիմանա Ռուսաստանի ճնշումներին:

«Ես վախենում եմ ոչ թե միջազգային քաղաքականության ելևէջներից, այլ 5-րդ շարասյան առկայությունից, որը կարող է մեզ սահմանափակել: Սա շատ վտանգավոր է, ուստի պետք է բացահայտ ասենք, որ 5-րդ շարասյունը պետական դավաճանության և Հայաստանի կործանման ուժն է եղել: Ռուս-թուրքական համագործակցության ենթատեքստում այն ուրիշի ձեռքում գործիք է եղել, ուստի չպետք է գործի Հայաստանում»,-նկատեց քաղաքագետը:

Անդրադառնալով Իրանին՝ պարոն Շիրինյանը ընդգծեց.

«Պետք է Իրանում էլ գիտակցեն, որ Ադրբեջանի հանդեպ սխալ քաղաքականություն են վարում: Իրենց վիճակի վատթարացումը հանգեցնելու է Ադրբեջանի կողմից Հյուսիսային Իրանի հանդեպ հավակնություններին: Ուստի երեք դաշնակից ուժեր՝ հայերը, իրանցիներն  ու թալիշները պետք է  գործեն այդ պետության կործանման համար: Թյուրքական պետություն չպետք է լինի»

Լևոն Շիրինյանը կարևորեց նաև Սփյուռքի հավատը ՀՀ հանդեպ վերականգնելը.

«Պետությունը դինամիկ վիճակ է, հանգիստ չի կարող լինել: Հայաստանը պետք է ունենա բազմավեկտոր քաղաքականություն: Իսրայելը 10-յակ տարիներ աշխատում է, հասունացնում է վիճակն ու փոփոխություն է կատարում: Քաղաքականությունը սա է, ոչ թե հանգստանանք, կռիվ չլինի, տուն գնանք տոլմա ուտենք, սա չէ՞ մեր մտածողությունը: Կանգնում աշխարհով մեկ հայտարարում են, թե Թրամփն անփորձ էր, դրա համար Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց: Խայտառակություն է, ինչպե՞ս կարելի է նման բան ասել, աշխարհը հետևում է մեզ, կտեսնեն մտածողությունն ու կասեն մի հատ էլ մորթենք»,-ասաց նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին