▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօրվա իրավիճակի մեղավորները 10 հազար դրամով վաճառված մարդիկ են»․Նատալի Սինորյան

«Սիրելի հայրենակիցներ․

Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։ 
Հունվարի 19-ին, ժամը 17․00-ին ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։

Ո՛չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը։

#ՈչԹանկացումներին
#ԵԼՔկա»

Այսպիսի հայտարարությամբ համացանցում է հայտնվել «Ելք» դաշինքի կողմից կազմակերպված բողոքի ակցիայի միջոցառումը, որը տարատեսակ քննարկումների ու շահարկումների թեմա դարձավ։

Թանկացումների դեմ մղվող պայքարի ընդհանուր հայեցակետերի վերաբերյալ Asekose-ն զրուցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության երիտասարդական միության ղեկավար Նատալի Սինորյանի հետ։

Ինչպիսի՞ քաղաքական օրակարգ ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու որոնք են թանկացումների դեմ մղվով պայքարի հիմնական հայեցակետերը։ 

Դեկտեմբեր ամսին «Ելք» դաշինքը թանկացումների վերաբերյալ ելույթներ ունեցավ Ազգային ժողովում, սակայն, կոպիտ ասած, մեր կարծիքը հաշվի չառնվեց և մեր 9 ձայնը դեր չխաղաց։ Այպիսով օրինագիծը անցկացվեց։

 Երևի տեղյակ կլինեք, որ բենզինն ու գազը թանկացել են ու շուրջ 500 ապրանքներ ևս, մարդիկ այդ թանկացումները դեռ չեն զգում, կզգան, երբ առաջին աշխատավարձը ստանան։ Ամենաաբուսրդայինը այն է, որ մարդկանց կենսաթոշակը չի բարձրացրացել արդեն որերորդ տարին է, աշխատավարձերը նույնպես չեն բարձրանում, սակայն բարձրանում է եկամտահարկն ու ապարանքների գները։ Հավելեմ նաև, որ Երևան-Արամավիր տրանսպորտն է թանկացել՝ 400 դրամից դառնալով 500 դրամ։ Ըստ իմ տրամաբանություն Երևանի տրանսպորտը չի թանկանա, քանի որ ըստ Երևանի քաղաքապետարանի հայատարարության Երևանի տրանսպորտային համակարգն ամբողջությամբ պետք է փոփոխության ենթարկվի։ Սակայն այստեղ էլ ստեղծվել է քաոսային իրավիճակ, գազի գինը թանկացել է, իսկ «գծատերերը» այսպես ասած վնասով են աշխատում։

2015 թվականին , երբ էլեկտրիկ Երևանի շարժումը սկսվեց  թե՛ երիտասարդությունը, թե՛ ուսանողությունը Բաղրամյան փողոցում էին, այժմ թանկացումների ավելի մեծ տեղատարափ է սկսվել և առնչվում են հասարակության բոլոր շերտերին՝ թոշակառուներից մինչև ուսանողություն։ Ինձ թվում է դեռևս իրազեկվածության մակարդակը այդքան էլ բարձր չի, որ մարդիկ իմանան թանկացումների մասին, սակայն բոլոր խողովակներով փորձում ենք ինֆորմացիան տեղ հասցնել։

 «Եթե բազմահազար մարդիկ դուրս չգան փողոց, ուրեմն թանկացումների հետ խնդիր չունեն», — այսպիսի հայտարարություն է գրել «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում, սակայն անցած տարվա խորհրդարանական ընտրություններից հետո «Ելք» խմբակցության որոշ ներկայացուցիչներ պնդում էին, որ փողոց դուրս գալով հարց չի լուծի։ Թանկացումները հենց այն խնդի՞րն է, որը փոխեց ընդդիմադիր ուժի սկզբունքը՝ կապված փողոցային պայքարի հետ։

Ճիշտն ասած՝ ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, չեմ կարդացել այդ ստատուսը և կոմպետենտ չեմ այս հարցին պատասխանելու համար։

Որոշ քաղտեխնոլոգներ պնդում են, որ նախատեսվող միջոցառումն ընդամենը կլինի «Ելքի» PR ակցիան և որևէ հաջողություն չի ունենա։ Համացանցում հնչում են կարծիքներ անգամ, որ այս ամենը իշխանությունների պատվերն է։ Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ։ 

Ի՞նչ եք կարծում, հանրապետության թիվ մեկ ընդդիմադիր ուժը կարո՞ղ է խաղալ իշխանության կողմից գրված սցենարով։ Իհարկե ո՛չ, այդ ամենը անհեթեթություններ են։

Կարող եմ հավելել միայն, որ այսօրվա իրավիճակը ապրիլ ամսին 10 հազար դրամով իրենց ձայնը վաճառած մարդկանց արդյունքն է, նրանց պատճառով մենք ենք պատասխան տալիս։ Այդ մարդիկ շարունակում են դժգոհել իշխանություններից և երկրից, ինչ-որ հարց է լինում՝ «Ելքին» են դիմում։

Ավելի լավ է մարդ ընդհանրապես ընտրության չգնա, քան գնա ու վաճառի իր և մի ամբողջ ժողովրդի ու երիտասարդության ապագան։ Եվ այդ կաշառք վերցնողները հիմնականում 45+ մարդիկ են, որոնք վաճառեցին մեր՝ երիտասարդներիս ապագան։ 

Մի փոքր շեղվենք թանկացումների թեմայից։ Դուք մասնակցել եք Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված ֆորումին, որն անցկացվում էր Արցախում։ Ի՞նչ տպավորություն ունեք այդ ֆորումից։

Մի քանի ամիս առաջ հոկտեմբերի 27-28 Հանրապետական կուսակցությունը կազմակերպել էր հայկական կուսակցությունների ֆորում, որտեղ ներգրավված էին թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժեր, նաև հրավիրված էին «Ելք» դաշինքի երիտասարդ ներկայացուցիչները, ինչպես նաև բոլոր համալսարանների ուսխորհրդի նախագահները։

Մենք գնացել էինք Դադիվանք։ Երբ Տեր Հայրը պատմում էր վանական համալիրի պատմության մասին, ձեռքով ցույց տվեց մի մատուռ և ասաց՝ այս մատուռը կառուցվել է Սամվել Ալեքսանյանի բարձր հովանու ներքո, այս մյուս մատուռը վերանորոգվել է Ռուբեն Հայրապետյանի բարձր հովանու ներքո։ Անկեղծ ասած բավականին տհաճ էր ականտես լինելու Հանրապետական կուսակցության գովազդին, այն էլ հոգևորականի կողմից։ Ցավալի է, որ իշխանությունը մտել է եկեղեցի և սերտաճել է եկեղեցու հետ։   

Որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար ի՞նչ կոչ ունեք հայ երիտասարդներին։

Առաջնային իմ կոչն այն է, որ մարդիկ հետևեն «Ելք» դաշինքի ու «Լուսավոր Հայաստանի» պաշտոնական հայտարարություններին, ֆեյսբուքյան էջին, որ հասկանան, թե ինչ է կատարվում և չտրվեն լրատվականների խեղաթյուրված ինֆորմացիաներին, և որն ամենակարևորն է՝ չհուսահատվեն։

Հիմնական կոչս վերաբերում է հենց երիտասարդությանը։ Այս երկրի շարժիչ ուժը իրենք են ու իրենք պետք է պայքարեն, որ թեկուզ ամենաչնչին փոփոխություն լինի։ Եթե ամեն մեկը տանը նստած իր ֆեյսբուքյան տիրույթում ասի՝ մեկ հոգով հարց չի լուծվում, սայլը տեղից չի շարժվի։

 

Հարցազրույցը Հովհաննես Եսայանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին