▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանին Նախիջևանից վտանգ է սպառնում

Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության 3-րդ օրը Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակը» Աֆրինից շարժվել է Մանբիչ շրջան և այնտեղ սկսել ռազմական գործողություններ քրդերի դեմ:

«ԱՄՆ-ն մի քանի օր առաջ հայտարարեց, որ Աֆրինն իր համար առանձին հետաքրքրություն չի ներկայացնում: Չեմ կարծում, որ չեզոք դիրքորոշում ունի, քանի որ նրա հեռահար նպատակներից մեկը ռազմական գործողությունները Թուրքիա տեղափոխելն ու այն մասնատելն է: Բայց Թուրքիան փորձում է մեղմել իր հարաբերություներն ԱՄՆ-ի հետ, օրինակ՝ ՆԱՏՕ-ի հետ կապված: Այստեղ հետաքրքրիր է Ռուսաստանի դիրքորոշումը: ՌԴ ԱԳՆ-ն մշուշոտ հայտարարություն արեց: Կարծում եմ՝ Ռուսաստանն ու Դամասկոսը համաձայնության են եկել չեզոքացնել քրդական շարժումը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ չբացառելով բախման նոր ալիքն ու սիրիական ոդիսականի այլ ընթացք ստանալը:

Արման Նավասարդյանի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման պատճառն այն է, որ ցանկանում է հարցերի հանգուցալուծմանը հասնել Ռուսաստանի միջոցով:

«Թուրքիայի վերջնական նպատակը միջուկային զենք ձեռք բերելն է, և նա դրան կարող է հասնել: Այնտեղ ատոմակայանի կառուցումը դրա քայլերից մեկն է»:

Արտակարգ և լիազոր դեսպանը հորդորեց ուշադրություն դարձնել մեզ սպառնացող վտանգներին.

«Հայաստանին Նախիջևանից վտանգ է  սպառնում: Պետք է դիվանագետներն ուշադիր լինեն: Նախիջևանի խնդիրն առաջին հերթին առնչվում է Կարսի պայմանագրի հետ: Պետք է վերանայել դա: Թուրքիան այնտեղ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, զինուժ է կուտակում»,-նշեց Արման Նավասարդյանը:

 Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին