▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համանախագահների հայտարարության ուղերձները դրված են ընդդեմ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության

Տարածաշրջան կատարած այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը հստակ և կարևոր շեշտադրումներ է պարունակում, սակայն նախընտրելի կլիներ, որ այդ հայտարարության մեջ հավասարության նշանը չլիներ և այն ավելի հասցեական լիներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել  Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հավանաբար, դիվանագիտական կոռեկտությունից ելնելով, համանախագահները հստակ չեն նշել Ադրբեջան անունը, սակայն բոլորի համար պարզ է, որ այդ հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ»,- նշել  Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրում է, որ հայտարարությամբ համանախագահները շեշտում են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը:

«Դրան մշտապես կողմ են հանդես եկել Հայաստանը, Արցախը և համանախագահները, դեմ` Ադրբեջանը: Համանախագահները ևս մեկ անգամ շեշտում են այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը, ինչը շատ կարևոր է»,- մանրամասնել է Էդուարդ Շարմազանովը:

Համանախագահների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի և երեք հայտնի սկզբունքների հիման վրա. հստակ նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Շարմազանովի խոսքով` սա շատ կարևոր է, որ համանախագահների հայտարարության մեջ ևս մեկ անգամ` ի հեճուկս Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման, նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այսինքն, սա անքակտելի իրավունք է, որը նշվում է այս հայտարարությամբ»,- ասել է  ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հայտարարությամբ քննադատության են ենթարկվում հրադադարի ռեժիմի խախտումները, որոնց հետևանքով մարդկային զոհեր են գրանցվում: Էդուարդ Շարմազանովը շեշտում է, որ բոլորին է հայտնի, որ այդ զոհերը լինում են հենց Ադրբեջանի պատճառով:

«Համանախագահները կոչ են անում զերծ մնալ սադրիչ հայտարարություններից: Ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը երբեք սադրիչ հայտարարություններով հանդես չի գալիս: Սադրիչ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ոչ ավել-ոչ պակաս հայտարարելով, թե «իրենց ռազմավարական նպատակն է Երևանն ու Զանգեզուրն Ադրբեջանին վերադարձնելը»: Եվ սա դիվանագիտական լեզվով հստակ ուղերձ է Ադրբեջանին»,- ասել է  նա: Շարմազանովը շեշտել է,  որ հայտարարության մեջ չկա մի կետ, որը համահունչ չէ հայկական կողմի դիրքորոշմանը: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ հայտարարությունն ավելի ուժեղ կլիներ, ավելի ամբողջական կլիներ, եթե դրանում նշված լիներ Ադրբեջան անունը: «Բայց կարծում եմ, որ բոլոր կողմերի` միջազգային հանրության, բանակցություններում ներգրավված կողմերի համար պարզից էլ պարզ է, որ այս հայտարարության ուղերձները դրված են ընդդեմ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության: Ամենակարևորը` չկա մի կետ, որը դեմ է հանդես գալիս հայկական կողմի դիրքորոշմանը»,- եզրափակել է  Շարմազանովը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին