▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ մխիթարում ենք, թե երկու զոհի դիմաց թշնամին հինգը տվեց.Այս ի՞նչ տեսակ թվաբանություն է

2016 թվականի ապրիլյան պատերազմն ունեցանք, իսկ դրանից հետո և առաջ առկա սահմանային լարվածությունը մնաց ու կորուստներն էլ շարունակվեցին: Մենք էլ մեզ մխիթարում ենք, թե երկու զոհի դիմաց թշնամին հինգը զոհ տվեց: Այս ի՞նչ տեսակ թվաբանություն է: Սրան ինչպե՞ս կվերաբերվեր Զորավար Անդրանիկը, ում թվաբանությունը հետևյալն էր՝ 1:2000-ի: Այս թվաբանությամբ էր նա կարողանում 30 զինվորով 6000-անոց զորքի դեմ դուրս գալ ու շահող դուրս գալ: Սա «Առաքելոց» վանքի մոտ է կատարվել: Բալկանյան պատերազմում 270 հոգանոց վաշտով մի ամբողջ դիվիզիա գերի վերցրեց,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անդրանիկագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ու հավելեց.

«Բանակը պետք է հետևի Անդրանիկի օրինակին ու լինի զինվորակենտրոն, ոչ թե գեներալակենտրոն: Նա հայրական հոգատարություն ուներ իր զինվորի հանդեպ: Նրանցից բարձր միայն հայրենիքն էր: Կարևոր է նաև վստահությունը: Մեր չորքոտանի հարևանը, որ պատմություն չունի, ստեղծում է, գողանում հանուն իր լամուկների, իսկ մենք ունեցածի մասին չենք գրում:

Ցավոք, ինչ-որ անում ենք՝ ընդդեմ ինչ-որ մեկի կամ մի բանի ենք անում,տվյալ դեպքում ընդդեմ Անդրանիկի են կեղծում պատմությունը: Մի՛ կարծեք, որ 100 տարի առաջ մենք լավն ենք եղել: Կային կուսակցություններ, դավ, խարդավանք, սակայն մեկ տարբերությամբ. այն ժամանակ ունեինք Անդրանիկ, այսօր՝ ոչ: Նման հեղձուկ միջավայրում այսպիսի վիթխարի երևույթի պատկերացրեք: Մարդու,  ում հավատում և հետևում է ամբողջ ազգը: Ողջ էր ու 10-նյակ երգեր ու լեգենդներ կային նրա մասին, մնացած հերոսներին հետմահու են երգեր նվիրել.Դրո, Գևորգ Չաուշ և այլն: Ազատագրական շարժման արդյունքում մեր երկրի մեծ մասը տանուլ տվեցինք, ժողովուրդը ցրվեց, Սփյուռք առաջացավ: Ժողովուրդն էլ պատասխան էր ուզում, թե ինչո՞ւ այսպես եղավ, չէ՞ որ անծայրածիր հայրենիք ունեինք: Ո՞ւմ վրա պետք է թողնեին այդ ահռելի մեղքը, ոչ ոք չկար, այս հսկային դա բաժին հասավ: Նա հզոր էր, կտաներ: Մինչև այսօր էլ չգիտեմ, թե ո՞ւմ մեղքերն է տանում: Առաջ բոլշևիկն ու դաշնակն էին պատվեր տալիս, հետո թուրքը, որ Անդրանիկի դեմ պատմություն գրվի: Բայց դեռ ոչ ոք  չի ասել՝ ա՛յ պատմաբան, մենք քանի՞ նման Անդրանիկ ունենք»:

Asekose.am-ի թղթակցի հարցին, թե  ի՞նչն է պատճառը, որ խուսափում են դրականորեն խոսել Անդրանիկի մասին, Կարո Վարդանյանը պատասխանեց.

«Որևէ լուրջ պատճառ չկա: Պատմագրությունը հիմնականում վերահսկվում է ՀՀԿ-ի կողմից: Բնական  է՝ Անդրանիկին չեն դարձնի  հպարտության խորհրդանիշ, քանի որ մի շարք պատճառներ կան: Գոնե ես մի շարք օրինակներ կբերեմ.այն, թե Անդրանիկն ինչպե՞ս է ապտակել ՀՀԿ-ական կուսակցապետերին՝ թուրքերի հետ սիլի-բիլի անելու,   երիտթուրքերին ծախվելու, աճպարարության և այլ պատճառներով: Պարզ է՝ նրանց ձեռնտու չէր Անդրանիկը, դրա համար ընտրեցին Նժդեհին, որի փիլիսոփայությունը ապրեցնող է: Ցավոք, Նժդեհի գաղափարախոսությանը դավանողները չհասկացան,  թե ո՞վ էր Նժդեհը, այստեղ է ցավը: Անդրանիկը գրավոր մտքեր չի թողել մեզ: Այն, ինչ կցկտուր հասել է, իր զինվորները, գաղթականներն են լսել, մտապահել:  Իր փիլիսոփայությունը 30-ամյա մարտական հագեցած գործունեությունն է, բազամահազար գաղթականությունը, որ հետևում էր նրան: Խոյ բերդաքաղաքը գրավելուց հետո, երբ դարձավ ժողովրդին ու ասաց, թե մեր հայրենիքն արդեն ավարտվել է, ո՞ւր եք գալիս, մնացե՛ք Նախիջևանում: Պատասխանել են. «Զորավա՛ր, որտեղ դու ես, այնտեղ էլ մեր հայրենիքն է»:

Անի Կարապետյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին