▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սումգայիթի ոճրագործության հեղինակների նկատմամբ պետք է միջազգային հետախուզում հայտարարել

1988թ. փետրվարի 27-29-ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսել են հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվել է հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:

«Ջարդերին մասնակցել են նաև ադրբեջանցի դեռահաս երեխաներ՝ տղաներ և աղջիկներ: Նրանց ընդգրկել են այդ սարսափելի հանցագործությունների մեջ: Սա ոչ պատահականություն է, ոչ էլ առաջին դեպքը: Ցեղասպանական բոլոր գործընթացների ժամանակ  այդպես է եղել: Պատճառներից մեկն այն էր, որ ցուցադրաբար արվող գործողության ժամանակ պետք է սարսափեին նրանք, ովքեր ոչնչացվում էին ու պետք է ուժեղանային նրանք, ովքեր սպանում էին: Այսպես եղել է և՛ 1915 թվականին(Օսմանյան Թուրքիայում), և՛ 1955 թվականին՝ քաղաք Սմիրնայում (Իզմիր.թուրք.՝ İzmir նաև Սմիրնա, հուն.՝ Σμύρνη, հին անվանումը՝ Զմյուռնիա), երբ քրիստոնյա հույներն ու հայերը նույն ձևով սպանվեցին: 1991 թվականին էլ, երբ տեղի է ունեցել «Կոլցո» օպերացիան, 15 գյուղերից հայերին դուրս են բերել ու ավտոբուսներով  տարել ադրբեջանական մոտակա քաղաքներ և բազմության աչքերի առջև սպանել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան  Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով.

«Ադրբեջանում ապրող և այսօր արդեն 30-50 տարեկան մարդիկ մասնակցել են սպանությունների և մնացել են անպատիժ:  Ոճրագործության կազմակերպիչները դեռ ողջ են, ադրբեջանցիների խոսքերով՝ գտնվում են Միլի մեջլիսում, դեռ քրեական հետապնդման չեն ենթարկվել: Այս աշխատանքը պետք է սկսեն հայկական իրավապահ մարմինները: Անհրաժեշտ է հայտարարել միջազգային հետախուզում»:

Լարիսա Ալավերդյանը կոչ արեց վաղը Հայաստանում, Արցախում գտնվող դպրոցներում, գործարաններում և բոլոր վայրերում մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Նշենք, որ Սումգայիթի ջարդերի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը վաղը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին